54 ավտոմեքենաներ խցանվել են Սիսիան-Երևան ավտոճանապարհին առատ ձյան պատճառով

Նոյեմբերի 6-ին, ժամը 20.42-ին ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Գորիս ավտոճանապարհին` «Զանգեր» կոչվող հատվածում, առատ ձյան և ձնաբքի հետևանքով ավտոմեքենաներ են մնացել ճանապարհին և չեն կարողանում շարունակել ընթացքը. առաջացել է խցանում:
Այնուհետև պարզվել է, որ ավտոմեքենաները խցանվել են Սիսիան-Երևան ավտոճանապարհի 10-րդ կմ-ի մոտակայքում:

Դեպքի վայր է մեկնել Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ջոկատը և Վայք քաղաքի «Ճանշին» ՓԲԸ-ի «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար ավտոմեքենան` ավազով բեռնված:

Տեղում պարզվել է, որ խցանման մեջ են տարբեր մակնիշի 54 ավտոմեքենա:

«ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենան, ավազ ցրելով, հասել է դեպքի վայր, որից հետո մեքենաները իջել են ներքև:

Տեղում աշխատանքներ են իրականացրել Սյունիքի մարզի Սառնակունք գյուղից 2 և Վայոց ձորի մարզի Սարավան գյուղից 1 «Բելառուս» մակնիշի տրակտոր:

© Medialab.am