Չեմ կարծում, որ ունենք իրավիճակ, որտեղ նման խնդիր կա. Գրիգորյանը՝ Այվազյանի հայտարարության մասին

ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանն անդրադարձավ Արտաքին գործերի նախարարի պաշտոնից հրաժարական ներկայացրած Արա Այվազյանի հայտարարությանը, որում նա հրաժարականը հիմնավորում էր մասնավորապես պետական շահի դեմ որևէ նախաձեռնության համաձայնության չտալու ցանկությամբ:

 «Արմենպրես»ի հաղորդմամբ՝ Գրիգորյանն ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց. «Ես չեմ կարծում, որ մենք ունենք մի իրավիճակ, որտեղ նմանատիպ խնդիր ընդհանրապես գոյություն ունի: Բնականաբար բոլորիս համար առաջնային են ազգային շահերը, և որևէ առիթ չեմ տեսնում»:

Նա,այնուամենայնիվ, հորդորեց հայտարարության վերաբերյալ հարցը ուղղել Արա Այվազյանին:

Փոխվարչապետի պաշտոնակատարը բացառեց չհրապարակված որևէ նախաձեռնության գոյություն: Նա վստահեցրեց, որ չկա որևէ գաղտնի փաստաթուղթ: «Ինչ-որ քննարկվում է, մաքսիմալ հրապարակային է: Չի էլ կարող լինել գաղտնի փաստաթուղթ, որը չհրապարակվի կամ հանրայնորեն չքննարկվի»,-ասաց Գրիգորյանը:

Արա Այվազյանի հրաժարականի մասին հայտնի էր դարձել մայիսի 27-ին: Այվազյանը մայիսի 31-ին ԱԳՆ-ում ունեցած հրաժեշտի հանդիպմանը հայտարարել է.

«Ես շատ դժվարությամբ եմ այս որոշումն ընդունել, բայց երբ ստանձնել եմ այս պաշտոնը, ինձ համար եղել է մի չափանիշ. այս նախարարությունը, որ ծնունդն է անկախության, պետք է անշեղորեն պաշտպանի մեր ինքնիշխանությունը, մեր անկախությունը, մեր պետական, ազգային շահերը։

Հուսով եմ, որ ձեզ ամոթով չեմ թողել, և իմ հրաժարականի որոշումը պայմանավորված էր հենց այդ պատճառով, որպեսզի երբևիցե որևէ կասկած չլինի, որ այս նախարարությունը կարող է ինչ-որ քայլ անել կամ համաձայնություն տալ ինչ-որ գաղափարների, նախաձեռնությունների, որոնք մեր պետականության, մեր ազգային և պետական շահի դեմ են եղել»։