Քանի դեռ Բաքվի սպառնալիքների քաղաքականությունը կասեցված չէ, բանակցությունների արդյունքները չեն կարող գոհացուցիչ համարվել. Մելիքյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ԼՂՀ արտաքին գործերի նախկին նախարար Արման Մելիքյանը

– Պարո՛ն Մելիքյան, Նիկոլ Փաշինյանն մասնակցել է Թուրքիայի նախագահի երդմնակալությանը։ Որոշումն ինչպե՞ս եք գնահատում։ Հնարավո՞ր է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում շոշափելի առաջընթաց սպասել մոտ ապագայում։

– Վարչապետ Փաշինյանի կողմից Էրդողանի երդմնակալության արարողությանը մասնակցելու հրավերն ընդունելը Հայաստանի կողմից վարվող պետական քաղաքականությանը համահունչ քայլ է: Իսկ հայ-թուրքական հարաբերություններում նշանակալի առաջընթաց հնարավոր կլինի գրանցել այն ժամանակ, երբ կողմերն իրենց հարաբերությունները կսկսեն կառուցել առանց երրորդ երկրների պահանջների ներառման և միմյանց կենսական շահերն ու մտահոգությունները հաշվի առնելու և հարգելու անկեղծ պատրաստակամությամբ:

– Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացին միտված բանակցությունների ընթացքն ինչպե՞ս եք գնահատում։ 

– Առայժմ տեսնում ենք, որ ադրբեջանական կողմը բանակցային գործընթացից դուրս շարունակում է ուժի դիրքերից գործելու քաղաքականությունը, ինչը զրոյացնում է այն տեսական դրական արդյունքները, որոնց մասին նախընտրում են խոսել Ռուսաստանի, ԵՄ-ի ԱՄՆ-ի բարձրաստիճան պաշտոնյաները, ինչպես նաև Հայաստանի իշխանությունների ներկայացուցիչները: Ուստի մեզ համար այդ բանակցությունների արդյունքները չեն կարող գոհացուցիչ համարվել, քանի դեռ պաշտոնական Բաքվի ուժի և սպառնալիքների քաղաքականությունը կասեցված չէ:

– Պարո՛ն Մելիքյան, այս գործընթացի մոդերատորն ո՞վ է այս փուլում, ձեզ համար հստա՞կ է, թե ո՛ր կողմն է կարողանում իրադարձությունների ընթացքը կառավարել։

– Թե՛ Մոսկվան, թե՛ Վաշինգտոնը, թե՛ Բրյուսելը ազդեցության որոշակի լծակներ և հնարավորություններ ունեն խաղաղ կարգավորման գործընթացն ուղղորդելու համար: Չէի թերագնահատի նաև Մեծ Բրիտանիայի, Իսրայելի և Թուրքիայի «հեռակա» մասնակցությունը հարցը պատերազմով կամ խաղաղությամբ լուծելու հեռանկարների ձևավորման համատեքստում: 

Այս առումով մենք, հավանաբար, պետք է ելնենք նրանից, որ գործ ունենք բազմաշերտ մի երևույթի հետ, որի ամեն մի շերտն ունի իր շահառուն կամ շահառուները: Այդ իսկ պատճառով կարևոր է հասկանալ այդ երևույթի բուն էությունը, միայն այդ կերպ կկարողանանք զանազանել մոդերատորներին ըստ շերտերի ու հաշվարկել մեզ բաժին ընկնող ռիսկերը:

– Ձեր տպավորությամբ՝ Արցախի հարցով միջնորդ կողմերն ի՞նչ դիրքորոշում ունեն, եթե նկատի ունենանք, որ Ալիևի մայիսի 28-ին հնչեցրած հայտարարությանը արձագանք չեղավ միջնորդ կողմերից, իսկ ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավարը ողջունել էր Ալիևի՝ համաներման վերաբերյալ հայտարարությունը, սա ի՞նչ մեսիջ էր։

– Իր սպառնալիքներն Ալիևը հասցեագրում է ոչ թե միջնորդներին, այլ նախ՝ Արցախին, ապա՝ Հայաստանին: Միջնորդները կսպասեն պաշտոնական Ստեփանակերտի առարկայական արձագանքին, և եթե այդպիսին չլինի, իսկ Երևանն էլ ոչ մի նոր բան չձեռնարկի, ապա կշարունակեն լռել՝ թույլ տալով Ալիևին ավելացելու ճնշումը:

– Հայաստանի ու Ադրբեջանի միջև «անկլավների» փոխանակման գաղափարին ինչպե՞ս եք վերաբերվում։ Եթե այս պայմաններով կնքվի այդ պայմանագիրը, Հայաստանն ու Արցախը դրանից կշահե՞ն, թե՞ անվտանգային խնդիրներն ավելի կսրվեն։

– Մինչև այդ հարցի կարգավորմանը վերաբերող կոնկրետ, փոխհամաձայնեցված տեքստ չլինի ձեռքիս տակ, ոչ մի որոշակի բան ասել չեմ կարողանա: Առայժմ այդպիսի տեքստ չեմ տեսել:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am