Նիկոլ Փաշինյանն Արարատի մարզում պետական դավաճանության մի դեպքի մասին մանրամասներ է հայտնել

Նիկոլ Փաշինյան

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր Արարատի մարզում բնակչության հետ հանդիպման ժամանակ պետական դավաճանության դեպքի մասին է խոսել: Բնակիչներից մեկը Փաշինյանին ուղղված հարց է հնչեցրել ու հետո պահանջել, որ պատերազմում բոլոր դավաճաններին պատժեն:

Արձագանքելով քաղաքացուն, Փաշինյանը ասել է. «Առաջիկա օրերին մի հաղորդագրություն կհրապարակվի պետական դավաճանության դեպքի բացահայտման մասին: Ոչ պրոֆեսիոնալ զինվորականի մասին չէ խոսքը, այլ կամավորական ջոկատներից մեկի հրամանատարի մասին է խոսքը, որը պարզվում է՝ պատերազմի ընթացքում, լինելով մարտի դաշտում, եղել է ադրբեջանական հատուկ ծառայությունների գործակալ և Հադրութի շրջանի մեր ուժերի տեղակայման ու այլ կարգի լրտեսական տեղեկություններ է հայտնել հակառակորդին»:

Վարչապետի պաշտոնակատարի խոսքով, ԱԱԾ-ն արդեն այդ անձին ձերբակալել է: «Ես գիտեմ նրա անուն-ազգանունը, գիտեմ նաև այն ջոկատի անվանումը, որի ներկայացուցիչ է եղել: Առաջիկայում այդ մասին կլինի հաղորդագրություն», -ասել է Փաշինյանը՝ ընդգծելով, որ հանցանքը դեռ պետք է ապացուցվի դատարանում: