Ժամանակի ընթացքում պետք է դուրս մղենք պոլիէթիլենային տոպրակները մեր կյանքից. Փաշինյան

Պոլիէթիլենային տոպրակներ արտադրողները պետք է հարմարվեն նոր իրավիճակին ու կարողանան փոխել իրենց արտադրական կարողությունները: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հունվարի 5-ի Կառավարության նիստին այս մասին ասաց  ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը՝ ներկայացնելով հունվարի 1-ից որոշ պոլիէթիլենային տոպրակների վաճառքի արգելքի մասին օրենքը:

 «Պոլիէթիլենային և պլաստիկից պատրաստված իրերը շատ մեծ վնաս են հասցնում շրջակա միջավայրին, և կարծում ենք՝ սա շատ կարևոր արգելք է: Կարող եմ ասել, որ սա Կառավարության գործող և նախորդ ծրագրով առաջնահերթություն է համարվում: Հունվարի 1-ից ՏԻՄ-երը պետք է ակտիվորեն ներգրավվեն այս գործընթացում և ապահովեն օրենքի կիրառումը»,-նշեց Հակոբ Սիմիդյանը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ սա այս գործընթացի առաջին քայլն է, և ժամանակի ընթացքում պետք է ընդհանրապես պոլիէթիլենից հրաժարվել ու դուրս մղել պոլիէթիլենային տոպրակները մեր կյանքից:

«Այդ տոպրակները մարդիկ օգտագործում են առավելագույնը 1-2 ժամ, որից հետո այն հայտնվում է բնության մեջ ու էական վնաս հասցնում »,-ասաց վարչապետը: