Ձեռք բերված պայմանավորվածությունների շնորհիվ, առաջիկայում «Զվարթնոց» օդանավակայանից կավելացնեն չվերթները միջազգային ավիափոխադրողները, սրանով լրացնելով ապրիլի 1-ից սնանդ հայտարարված «Արմավիայի» ստեղծած «բացը»: Այս մասին քիչ առաջ հայտարարություն է տարածել «Արմենիա Միջազգային Օդանավակայաններ» ՓԲԸ-ն:
«Խիստ մտահոգված լինելով Արմավիա ավիաընկերության շուրջ ստեղծված իրավիճակից, չնայած մյուս շահագրգիռ կողմերի պես կրած կորուստներին, հայտնում ենք, որ մեր ընկերությունը շարունակում է ակտիվորեն աշխատել մյուս գործող ավիաընկերությունների հետ շուկայում առաջացած հնարավոր բացերը լրացնելու համար:
Մասնավորապես ուզում ենք տեղեկացնել, որ հետևյալ ավիաընկերությունների հետ ձեռք են բերվել պայմանավորվածություններ չվերթների ավելացման վերաբերյալ
Ավստրիական ավիաուղիները կսկսի իրականացնել շաբաթական 7 չվերթ
Չեխական ավիաուղիներ` 7 չվերթ
Ալիտալիան` 3 չվերթ
Հունիսի սկզբից չվերթերը կվերսկսի նաև լեհական ԼՈՏ ավիաընկերությունը` շաբաթական իրականացնելով 5 չվերթ:
Քննարկումներ են տարվում նաև այլ ավիաընկերությունների հետ` չվերթների հաճախականությունների ավելացման վերաբերյալ:
Ակնկալվում է Ֆլայ Դուբայ ավիաընկերության կողմից հաճախականությունը հասցնել մինչև ամենօրյա չվերթների իրականացում»,-նշված է «Արմենիա Միջազգային Օդանավակայաններ» ՓԲԸ-ի տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ «Արմավիայի» սնանկացման գործընթացը սկսել էր ապրիլի 1-ին: Նույն օրվանից ընկերությունը որոշում էր ընդունել դադարեցնել թռիչքները:
«Ավիացիան բնագավառ է, որտեղ չի կարելի կանգ առնել ձեռք բերվածի վրա: Երեք տարվա ընթացքում «Արմավիա» ավիաընկերության սեփականատերը այլ բիզնեսներից միջոցներ էր ներդնում «Արմավիա»-ի զարգացումը պահպանելու համար: Սակայն այսօրվա դրությամբ իրավիճակն այնպիսին է, որ շարունակել նման ձեւով այլեւս հնարավոր չէ, այդ իսկ պատճառով որոշում է ընդունվել դադարեցնել թռիչքները եւ սկսել սնանկացման ընթացակարգ», – նշված էր օրերս տարածած «Արմավիայի» հայտարարության մեջ:
«Արմավիայի» սպասարկաման որակից, տոմսերի գներից դժգոհ շատ քաղաքացիների մնում է հուսալ, որ միջազգային ավիափոխադրողների ակտիվությունը Հայաստանում գոնե ինչ-որ չափով կանդրադառնա գների վրա:
© Medialab.am