Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում ավարտվեց Արևմտահայ գրականությանը նվիրված միամսյակը

Օրերս ավարտվեց 2020 թ. մայիսի 11-ից Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում մեկնարկած Արևմտահայ գրականությանը նվիրված միամսյակը: Ծրագիրն անցկացվել է ՀՀ Կրթության, Գիտության, Մշակույթի և Սպորտի նախարարության ենթակայության ներքո գտնվող գրադարաններում: 

Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ միամսայակի շրջանակներում նախատեսված միջոցառումներն անց են կացվել առցանց հարթակում՝ գրադարանի ֆեյսբուքյան էջում: Առցանց հրապարակումների միջոցով ընթերցասեր հետևորդներին ներկայացվեց հետաքրքիր և ուսուցողական միջոցառումների շարքը:

Ընդգծենք, որ դեռևս 2010 թ. փետրվարին արևմտահայերենը մտցվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Աշխարհի վտանգված լեզուների էլեկտրոնային ատլասի» մեջ` ստանալով վտանգվածության առկա մակարդակներից «հաստատապես վտանգված» կարգավիճակը: 

Կարևորելով արևմտահայերենը վերակենդանացնելու առաքելությունը, Խնկո Ապոր անվան գրադարանն իր ընթերցողներին ներկայացրեց արևմտահայ լեզվի ստեղծման, արևմտահայ գրականության ձևավորման ու զարգացման նախապատոմությունը: Այս ամենն ուղեկցվեց գրադարանի աշխատակիցների և ակտիվ ընթերցողների կողմից պատրաստված տեսահոլովակներով: Ներկայացվեց արևմտահայ բանաստեղծների, արձակագիրների կենսագրությունը, գրական ժառանգությունը: 

Որպես արևմտահայ լեզվի կրող և այդ լեզվի պահպանության ջատագովներ միջոցառմանը մասնակցեց սփյուռքում բնակվող հայ հանրությունը: Ընթերցումների շարքը նվիրված էր Սիամանթոյի, Միսաք Մեծարենցի, Ռուբեն Սևակի, Դանիել Վարուժանի, Պետրոս Դուրյանի և Զահրատի ստեղծագործություններին: 

Արևմտահայ գրականության միամսյակի շրջանակներում կազմակերպվեցին նաև առցանց վիկտորինաներ, ցուցադրվեցին արևմտահայերեն տեքստերի հիման վրա գրված երգերի տեսահոլովակներ, արևմտահայերեն մուլտֆիլմեր:

Գրադարանի՝ ավանդական դարձած հեքիաթի ընթերցման ժամին երեխաները հնարավորություն ունեցան ունկնդրել արևմտահայերեն հեքիաթներ:

Առցանց միջոցառումներին ընթերցողների մասնակցությունը ևս մեկ անգամ հաստատում է Արևմտահայ գրականության քարոզչությանն ու ընթերցանության խթանմանը նպաստելու անհրաժեշտությունը։

Այս մասին տեղեկացնում է Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի լրատվական բաժինը։