Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը, ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Էլիսոն Հուքերի հետ հանդիպման ընթացքում, հայտարարել է, որ Բաքուն շահագրգռված է արագացնել «Միջազգային խաղաղության և բարգավաճման Թրամփի երթուղու» շուրջ աշխատանքները, որպեսզի ապահովվի Ադրբեջանի հիմնական հատվածի և Նախիջևանի միջև անխոչընդոտ կապը։Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Ադրբեջանի ԱԳՆ-ի հաղորդմամբ՝ կողմերը գոհունակությամբ հիշատակել են Վաշինգտոնում օգոստոսի 8-ին կայացած պատմական հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները և ընդգծել տարածաշրջանային կայունության, էներգետիկ անվտանգության ու տրանսպորտային միջանցքների ընդլայնման ուղղությամբ համագործակցության ամրապնդման կարևորությունը։
Քննարկվել են նաև Ադրբեջանի և ԱՄՆ-ի հարաբերությունների ներկա փուլը և զարգացման հնարավոր ուղղությունները, Ադրբեջանի ու Հայաստանի միջև խաղաղության գործընթացը, ինչպես նաև տարածաշրջանային ու գլոբալ անվտանգության առանցքային հարցեր։
Նշվում է, որ ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան Բաքու մեկնելուց առաջ այցելել էր Երևան և հանդիպել Հայաստանի ղեկավարությանը։



















