Իրավաբան-գիտնականի համար տարիքային սահմանափակում չկա. պատգամավորը՝ Ջհանգիրյանի թեկնածության մասին

Հեղինակ MediaLab

ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը վստահեցնում է, որ Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնի համար իրավաբան-գիտնականի թեկնածությունն առաջադրելու համար որևէ տարիքային սահմանափակում չկա օրենքով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Վարդանյանն այս մասին ասաց ԱԺ-ում Ջհանգիրյանի ընտրության հարցով քննարկմանը՝ անդրադառնալով խոսակցություններին, թե Ջհանգիրյանը 65 տարեկան է, իսկ խորհրդի անդամի թեկնածու կարող է լինել մինչև 63 տարեկան դատավորը:

Վարդանյանը  նաև նշեց, որ ԲԴԽ-ն կազմված է երկու կարգի սուբյեկտներից՝ դատավորներ, որոնց ընտրում է Դատավորների ընդհանուր ժողովը, որոնց նկատմամբ ներկայացվում են ուրույն պահանջներ, մասնավորապես 10 տարվա դատավարական գործունեության փորձ և այլն, և ԱԺ-ի կողմից ընտրված իրավաբան-գիտնական, որոնց ներկայացվում են այլ պահանջներ:

«Դատական օրենսգրքի 80-րդ հոդվածը հստակորեն նշում է, որ ԱԺ-ի կողմից որպես ԲԴԽ անդամ չի կարող ընտրվել այն անձը, որն ունի օրենսգրքով դատավոր նշանակվելու համար որևէ սահմանափակում: Սահմանափակումները հստակ նշված են 112-րդ հոդվածում, և որևիցե տարիքային սահմանափակում որպես այդպիսին, նախատեսված չէ»,-ասաց Վարդանյանը:

Նա շեշտեց՝ հստակ պետք է տարբերակել դատավորի տարիքին ներկայացվող պահանջները, դատավորի թեկնածուին ներկայացվող պահանջները և ԲԴԽ-ի գիտնական անդամներին ներկայացվող պահանջները: Անդրադառնալով դատավոր նշանակվելու սահմանափակումներին՝ պատգամավորն ասաց, որ սահմանափակումների մեջ որևէ դրույթ չկա, որն այս կամ այն եղանակով կարգելեր գիտնական անդամին զբաղեցնել ԲԴԽ անդամի պաշտոնը: