Իրավապաշտպան Վարդան Հարությունյանն անդրադարձել է արտերկրում ապրող Հայաստանի քաղաքացիների ընտրական իրավունքի սահմանափակմանը՝ այն գնահատելով որպես քաղաքացուն քվեարկելու իրավունքից զրկելու անընդունելի քայլ։ Վարդան Հարությունյանը ֆեյսբուքյան էջում գրել է.
«Ոչ մի բացատրություն ու ոչ մի արդարացում չի կարող ունենալ քաղաքացուն քվեարկելու իրավունքից զրկելը։ Իշխանությունները նման ծայրահեղ, նման դատապարտելի քայլի պատրաստվում են գնալ սեփական ծրագրերի իրականացման, դրսից հնչած թելադրանքները, ստանձնած պարտավորությունները կյանքի կոչելու նպատակով։ Նման քայլի լրջությունը, հավանբար, իրենք էլ են գիտակցում։ Իրենք էլ են, հավանաբար, գիտակցում, որ մեծ անօրինականության են դիմում։
Դիմում են, սակայն, որովհետեւ վախեցած են։ Վախենում են, որ խոստումները չեն կատարի, ինչի համար իրենց հաշիվ է ներկայացվելու, որը փակել չեն կարող։ Խոսքն առաջին հերթին դրսից պարտադրված, դրսի ճաշակին համապատասխան Սահմանադրության ընդունմանն է վերաբերվում։ Մի կարեւոր հանգամանք, բայց, չեն գիտակցում։ Չեն գիտակցում, որ նաեւ երկրի ներսում է գալու պատասխան տալու օրը։ Այդ օրը ներկայացված հաշիվը պակաս չի լինելու։ Այս հանգամանքը շատ իշխանություններ ու շատ իշխանավորներ հաշվի չեն առել։ Նրանց թվացել է, թե հավերժ են, թե ինչ ցանկանան կարող են անել, թե այն ինչ տեղի է ունեցել այլոց հետ, իրենց չի սպառնում։ Իրականում, բայց, բոլորն էլ իրենց 2018 թվականն ունեն։
Իրականում, բայց, բոլորին էլ իրենց 2018 թվականն սպասում է։ Եւ ահա, երբ կգա անխուսափելի այդ օրը, այս իշխանություններին ներկայացված մեղադրանքների շարքում, որպես ամենամեծ մեղադրանք, անկասկած, լինելու է քաղաքացուն քվեարկելու իրավունքից զրկելը։
Մարդու իրավունքներին մատների արանքով նայողներին կամ իրավունքի հարցում քաղաքական նպատակահարմարությամբ առաջնորդվողների համար ավելացնեմ, որ քաղաքացուն իրավունքներ տալիս է Սահմանադրությունը, որոնք անքակտելի են։
Այս փաստը պետք է հաշվի առնել։ Եթե դրսում ապրող քաղաքացիների հետ խնդիր կա, ապա կարելի է հրաժարվել երկքաղաքացիության իրավունքից։ Բայց քաղաքացիներին բաժանել ըստ աշխարհագրության չի կարելի»։



















