Հայաստանում արգանդի վզիկի քաղցկեղը տարեկան մոտ 150 կնոջ կյանք է խլում. մասնագետները խորհուրդ են տալիս պատվաստվել

Հայաստանում տարեկան 260-270 կնոջ մոտ հայտնաբերվում է արգանդի վզիկի քաղցկեղ: Հիվանդությունից տարեկան մոտ 150 կին է մահանում:  

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին արգանդի վզիկի քաղցկեղի կանխարգելմանը նվիրված կլոր-սեղան քննարկման շրջանակներում այս մասին տեղեկացրեց  ՀՀ առողջապահության նախարարի ուռուցքաբանության գծով խորհրդատու Հայկուհի Գյոկչյանն՝ ընդգծելով, որ արգանդի վզիկի քաղցկեղով հիվանդ կանանց մեծամասնությունը դիմում է բուժհաստատություն արդեն այն ժամանակ, երբ ռադիկալ բուժում կազմակերպելն անհնար է լինում:

«Հայաստանի Հանրապետությունում արգանդի վզիկի քաղցկեղը իր տարածվածությամբ գտնվում է  երկրորդ տեղում, առաջինում՝  կրծքագեղձի քաղցկեղն է: Քաղցկեղի այս տեսակը կանխարգելելու համար միանշանակ անհրաժեշտ է պատվաստվել: Սա այն եզակի քաղցկեղներից է, որի դեմ կարելի է պատվաստվել, և լուծումը սա է»,- ասաց Գյոկչյանը:

Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի վիրաբուժական գինեկոլոգիայի բաժնի վարիչ, Առողջապահության ազգային կենտրոնի մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի վարիչ Վահե Տեր-Մինասյանն ընդգծեց՝ արգանդի վզիկի քաղցկեղը եզակի տեսակ է, որը կարելի է արագ կանխարգելել:

«Արգանդի վզիկի քաղցկեղի վաղ հայտնաբերման դեպքում առնչվում ես նախաքաղցկեղի հետ: Կա նախաքաղցկեղի, առաջին և երկրորդ փուլեր, որի ժամանակ այն կանխարգելելը հեշտ է: Հայաստանում տխուր պատկեր ունենք. կանայք դիմում են բժշկի այն ժամանակ, երբ քաղցկեղն արդեն երրորդ և չորրորդփուլերում է»,- նշեց բժիշկը:

Նա հիշեցրեց՝ Հայաստանում տարեկան 260-270 կնոջ մոտ հայտնաբերվում է այս քաղցկեղը, գրանցվում է մոտ 150 մահվան դեպք: