Անթույլատրելի է Անկարայի որեւէ միջամտություն Հայաստանի ներքաղաքական գործընթացին. Սուրեն Սուրենյանց

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության Քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցը Ֆեյսբուքի էջում գրել է․

«Մենք տեսնում ենք, որ երկրի ներսում արմատականները, իսկ դրսից՝ սփյուռքը ճնշում են գործադրում Հայաստանի իշխանությունների վրա։ Երեկ՝ ԱՄՆ պետքարտուղարի հետ մեր հանդիպման ժամանակ, մենք ևս մեկ անգամ հիշեցրինք, որ Թուրքիան ու Ադրբեջանը խաղաղություն են ցանկանում և բարի կամք են դրսևորում՝ հանուն տարածաշրջանում կայունության ապահովման»,- նախօրեին ասել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն։

Ես ու մեր քաղաքական թիմը` «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը, սպասում էինք, որ Թուրքիայի ԱԳ նախարարի հայտարարությունը համարժեք արձագանքի կարժանանա Հայաստանի իշխանության ու խորհրդարանական ընդդիմության կողմից։Ցավոք, իշխանությունը պահպանում է լռություն, իսկ հարթակային ընդդիմությունը Չավուշօղլիի հայտարարությանն անդրադառնում է դրվագային` բացառապես իր օրակարգի տեսանկյունից։Այս համատեքստում, ամբողջացնելով «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության մոտեցումները` հարկ եմ համարում մի քանի նկատառում հայտնել։

Մենք` Հայաստանի ներսում, տարբեր վերաբերմունք կարող ենք ունենալ իշխանության, նրա քաղաքականության, խորհրդարանական ընդդիմության այսօրվա գործողությունների վերաբերյալ։Կոնկրետ հարցում` «Դեմոկրատական այլընտրանքը» չի ընդունում թե իշխանության «առանց բայցերի» խաղաղության օրակարգը ու թե հարթակի ընդդիմության անպատասխանատու պրիմիտիվ հակաթուրքականությունը։Միով բանիվ, վստահ ենք, որ որեւէ օտար պետություն, այդ թվուվ` Թուրքիան, երբեք, որևէ իրավիճակում իրավունք չունի միջամտել Հայաստանի ներքաղաքական գործընթացներին, ուղղորդել հանրային տրամադրությունները։Ինչ դիրքորոշումներ էլ երկրի ներսում լինեն իշխանությունների, ընդդիմության վերաբերյալ` դա բացառապես Հայաստանի ներքին գործն է, մեր հասարակության սուվերեն որոշման հարցը։

Մենք կողմ ենք եղել ու կողմ ենք հայ- թուրքական քաղաքական դիալոգին` դա համարելով Հայաստանի ինքնիշխանության ու անվտանգության ամրապնդման կարեւոր երաշխիք, միեւնույն ժամանակ` երկխոսության գործընթացում անթույլատրելի ենք համարում Անկարայի որեւէ միջամտություն Հայաստանի ներքաղաքական գործընթացին, հայկական օրակարգի ձեւավորմանը։Սա հստակ ուղերձ է մեր բոլոր միջազգային գործընկերներին, հարեւան երկրներին` անկախ նրանց հետ Հայաստանի ունեցած հարաբերություններից»։