Չի կարող մի երկիր ներխուժել մյուս երկրի ինքնիշխան տարածք. ԵԽԽՎ պատգամավորը դատապարտել է Ադրբեջանի ագրեսիան

Իռլանդացի պատգամավոր Փոլ Գավանը ԵԽԽՎ լիագումար նիստում բարձրաձայնել է Հայաստանի ինքնիշխան տարածք ադրբեջանական ուժերի ներխուժման մասին, շեշտել Ադրբեջանի պատերազմական հանցագործությունների, քաղաքացիական ենթակառուցվածքները, թիրախավորելու փաստերը: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փոլ Գավանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ-ում Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական գործողությունների, նաև քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորման վերաբերյալ հարցերի քննարկման շրջանակում:

ԵԽԽՎ պատգամավորը հստակ ընդգծել է, որ բախումները սեպտեմբերին տեղի են ունեցել Հայաստանի ինքնիշխան տարածքում: «Կարծում եմ՝ կարևոր է, որ բոլոր բռնությունները տեղի են ունեցել Հայաստանի տարածքում։ Դրանից ոչ մեկը չի եղել Լեռնային Ղարաբաղի վիճելի շրջանում»,-նշել է պատգամավորը:

Գավանը ընդգծել է, որ ադրբեջանական ուժերը թիրախավորել են նաև բնակավայրերը, քաղաքացիական ենթակառուցվածքները, որոնք լավ փաստագրվել են: Թիրախավորվել են Հայաստանի 36 քաղաքներ և գյուղեր, այդ թվում՝ Գորիսը, Սիսիանը, Կապանը, Վարդենիսը, Տեղը և Գեղամասարը։ Պատգամավորը հիշեցրել է՝ Հայաստանի կառավարությունից հայտնել են, որ զոհվել է 4 խաղաղ բնակիչ, ևս 1-ը անհետ կորել է, 7-ը` վիրավորվել։ Գավանը հատկանշական է համարել, որ Ադրբեջանը չի հերքում այդ հարձակումների փաստը:

«Բայց, անշուշտ, ամենից առաջ, բոլորս պետք է հստակ գիտակցենք, որ երբեք չի կարող ընդունելի լինել, որ մի երկիր ներխուժի մյուսի ինքնիշխան տարածք։ Կարևոր է նաև նշել, որ այս ներխուժման արդյունքում Ադրբեջանը շարունակում է օկուպացնել հայկական տարածքի մի մասը։ Եվ սա անընդունելի է։ Մտահոգիչ տեղեկություններ են նաև ստացվել ադրբեջանական զինուժի կողմից հնարավոր ռազմական հանցագործությունների մասին»,-ասել է պատգամավորը:

Նա շեշտել է 7 հայ զինվորների գնդակահարության սարսափելի տեսանյութի, կանանց մարմինների պղծման փաստերի մասին: «Ես տեսել եմ այդ տեսանյութերը, դրանք իսկապես սարսափելի են, և դրանք, իսկապես կարող են պատերազմական հանցագործությունների ապացույցներ լինել: Կարծում եմ, որ այս Խորհրդարանական վեհաժողովի բոլոր անդամները պետք է հստակ գիտակցեն, որ ռազմական ուժի կիրառումը բացարձակապես անընդունելի է Եվրոպայի խորհրդի անդամ երկրների միջև վեճերը լուծելու համար: Այժմ հրատապ անհրաժեշտություն է, որ երկու կողմերն էլ առանց ձգձգումների նորից մասնակցեն խաղաղ բանակցություններին: Մենք պետք է շատ ավելի մեծ ջանքեր տեսնենք միջազգային հանրության կողմից, որպեսզի դա տեղի ունենա»,-շեշտել է պատգամավորը:

Նա ընդգծել է, որ Թուրքիան, որը 2020 թվականի 44-օրյա պատերազմի  ընթացքում մեծապես աջակցել է Ադրբեջանին, պետք է ավելի հավասարակշռված մոտեցում ցուցաբերի:

Պատգամավորը նաև ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի երկայնքով ԵՄ քաղաքացիական առաքելության սպասվող գործուղումը: