Տանտիրուհուն սպանել և հրկիզել է բնակարանը

Տանտիրուհուն սպանել և հրկիզել է բնակարանը
Տանտիրուհուն սպանել և հրկիզել է բնակարանը

Սեպտեմբերի 17-ին, ժամը 17.40-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնում ահազանգ է ստացվել, որ Նալբանդյան փողոցի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել:
Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը հայտնաբերել է 64-ամյա տանտիրուհու` Արմինե Հովվեյանի դիակը` այրվածքներով և գլխի կոտրվածքներով: Նույն բնակարանում ոստիկանները հայտնաբերել են նաև 43-ամյա Կարեն Պետրոսյանին, որը մարմնական վնասվածքներով, շնչուղիների այրվածքով և ալկոհոլային թունավորման նշաններով տեղափոխվել է ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն:

Փաստի առթիվ սեպտեմբերի 18-ին ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի (սպանություն) 2-րդ մասի, 175 հոդվածի (ավազակություն) 2-րդ մասի և 185 հոդվածի (գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Ոստիկանության ծառայողները պարզել են, որ սեպտեմբերի 17-ին, ժամը 12.00-ին, Կարեն Պետրոսյանը ոգելից խմիչք օգտագործած գնացել է Արմինե Հովվեյանի բնակարան, որտեղ նույնպես օգտագործել է ոգելից խմիչք, ապա մուրճով մի քանի հարված է հասցրել տանտիրուհու գլխին և սպանել նրան:

Պետրոսյանն այնուհետև հափշտակելով Հովվեյանին պատկանող 40.000 դրամը և ոսկյա զարդերը, հանցագործության հետքերը թաքցնելու նպատակով, հրկիզել է բնակարանը, սակայն չի կարողացել այնտեղից դուրս գալ:

Նրան բնակարանից դուրս են բերել ՀՀ ԱԻՆ հրշեջ ծառայության աշխատակիցներն ու տեղափոխել ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն, որտեղից դիմել է փախուստի, սակայն ոստիկանության ծառայողների կողմից Մարգարյան-Հալաբյան փողոցների խաչմերուկում հայտնաբերվել և բերման է ենթարկվել բաժին:

Հափշտակված 40.000 դրամն ու ոսկյա զարդերն առգրավված են:

Կարեն Պետրոսյանը ձերբակալված է:

© Medialab.am