Հրաչյա Սարգսյանը չի կարծում, որ մետրոյի նոր կայարանի կառուցումը տեղի կունենա 2023 թվականին

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը  չի կարծում, որ մետրոյի նոր կայարանի կառուցումը տեղի ունենա 2023 թվականին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում քաղաքապետն ասաց, որ գործընթացը շարունակվում է, համապատասխան ֆինանսական միջոցներ արդեն հատկացվել են նախագծման աշխատանքների համար, որից  հետո արդեն կսկսեն կառուցման  աշխատանքները:

«Մետրոյի նոր կայարանի կառուցման  աշխատանքները նախագծման փուլում են: Այդ աշխատանքները պատրաստ կլինեն  հաջորդ տարի հունիս-հուլիս ամիսներին, որից հետո պետք է մրցույթ հայտարարվի մետրոյի նոր կայարանի շինարարության համար»,-ասաց նա:

Հրաչյա Սարգսյանը ճեպազրույցի ընթացքում նշեց, որ որոշում կա, որով Երևանի քաղաքապետի թեկնածուն Տիգրան Ավինյանն  է լինելու:

«Այդ որոշմամբ շարժվում ենք առաջ: Ես միշտ էլ ասել եմ, որ իմ պաշտոնավարման ընթացքում կան ծրագրեր, որոնք որ ես ցանկանում եմ, որպեսզի շարունակվեն և չկանգնեն: Ցանկացած դեպքում էստաֆետը միշտ պետք է փոխանցվի»,-ասաց նա:

Այն հարցին, թե ընտրություններից հետո կմնա արդյոք Հրաչյա Սարգսյանը քաղաքապետարանում, նա պատասխանեց, որ չի կարծում:

«Դեռ չեմ որոշել ինչ եմ անելու»,-պարզաբանեց նա: