«Թուրքիան, Ադրբեջանի հետ համաձայնեցված, հետագայում փորձելու է հստակ նախապայմաններով հանդես գալ այս գործընթացի շրջանակներում». Տաթևիկ Հայրապետյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ԱԺ նախկին պատգամավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը

– Տիկի՛ն Հայրապետյան, նախօրեին կայացավ Հայաստանի ու Թուրքիայի հատուկ բանագնացների առաջին հանդիպումը։ Հանդիպման վերաբերյալ կողմերի արտգործնախարարությունների տարածած հայտարարությունները բավարար համարո՞ւմ եք։

– Դատելով հրապարակային հաղորդագրություններից՝ հանդիպումն ավելի շատ ճանաչողական բնույթ է կրել, և պայմանավորվածություն է ձեռք բերվել հետագա հանդիպումները շարունակելու հարցում։

Կողմերը հանդիպումը գնահատել են դրական, դրանից բացի, նաև Ռուսաստանը, որը միջնորդական առաքելությամբ է հանդես գալիս այս գործընթացում, մամուլի հաղորդագրությամբ էր հանդես եկել՝ նշելով, որ կա դրա շարունակականության ապահովման պայմանավորվածություն։ Արևմուտքը ևս ողջունել է այդ գործընթացը։

Տեսնենք՝ հետագա զարգացումներն ինչպիսին կլինեն, կարծում եմ, որ այս փուլում դեռևս դժվար է հստակ դատողություններ անել, բայց, իմ դիտարկմամբ, Թուրքիան, Ադրբեջանի հետ համաձայնեցված, հետագայում փորձելու է հստակ նախապայմաններով հանդես գալ այս գործընթացի շրջանակներում, բայց առայժմ ռուսական կողմն էլ կոչ է արել զերծ մնալ նման գործելաոճից: Առաջին հանդիպումը ճանաչողական բնույթի էր, փաստացի այլ տեղեկություն մենք չունենք։

– Թուրքիայի արտգործնախարարության տարածած հայտարարությունում նշվում է, որ կողմերը համաձայնություն են ձեռք բերել հետագա բանակցությունները շարունակել առանց նախապայմանների։ Որքանո՞վ եք արժանահավատ համարում, որ թուրքական կողմն իսկապես կբանակցի Հայաստանի հետ առանց նախապայմանների՝ հաշվի առնելով Թուրքիայի դիվանագիտական ուղին։

– Տեսեք՝ մի կողմից կա դիվանագիտական գործընթաց, որը, ըստ էության, ողջունվում է բոլոր կողմերից: Ակնհայտ հակասություններ ունեցող կողմերը ողջունում են այդ գործընթացը և հարաբերությունների կարգավորման փորձերը, բայց թե հետագայում դա ի՛նչ ընթացք կստանա, դժվար է կանխատեսել։ Նույն 2008 թվականի գործընթացի հիմքում հենց դրված էր առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորումը: Հասան մինչև ցյուրիխյան արձանագրությունների ստորագրմանը, որից հետո Թուրքիան հրաժարվեց այն վավերացնելուց, երբ դեռ այն ժամանակ շատ ավելի չափավոր հայացքների տեր Աբդուլլա Գյուլն էր ղեկավարում Թուրքիան։ Հետևաբար, հետագա ընթացքի վերաբերյալ դժվար է կանխատեսումներ անել։

Ի՞նչն է հիմք տալիս մտածելու, որ ամեն պահի թուրքական կողմը կխախտի նախնական պայմանավորվածությունները: Այն, որ հրապարակային հայտարարություններում նշում են, որ իրենց գործողությունները համաձայնեցնելու են Ադրբեջանի հետ։

Հատուկ բանագնացների հանդիպման նախօրեին Թուրքիայի նախագահ Էրդողանը նշել էր, որ եթե Հայաստանը գնա Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման, դա իրենց համար շատ կարևոր կլինի ու հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման լրացուցիչ ազդակ կհանդիսանա:

Այստեղ միայն Թուրքիայի ու Հայաստանի գործոնը չէ, խաղացողները շատ ավելի շատ են այս գործընթացում, դրա համար էլ կարող ենք տարբեր վերլուծություններ անել, բայց շատ կարևոր մի հանգամանք նշեմ: Հենց երեկ տեղի է ունեցել Թուրքիայի ու Ադրբեջանի արտգործնախարարների հեռախոսազրույցը՝ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի հետ կապված, որի ժամանակ ադրբեջանական կողմը շեշտել է, որ գործելու է «մեկ ազգ, երկու պետություն» կարգախոսով։ Թուրքիայի արտգործնախարարը ևս նշել էր, որ ողջ գործընթացները համաձայնեցվելու են եղբայրական Ադրբեջանի հետ։ Բացի այդ, կողմերը շեշտել են անցած տարվա ամռանը կնքված Շուշիի հռչակագրի նշանակությունը՝ որպես իրենց հետագա գործողությունների ուղեցույց։

– Տիկի՛ն Հայրապետյան, իսկ ադրբեջանական կողմում ի՞նչ արձագանքներ կան երեկվա հանդիպման վերաբերյալ։

– Ադրբեջանի արտգործնախարարը դեռևս դեկտեմբերի վերջին էր հայտարարել, որ շատ դրական են վերաբերվում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը և, ընդհանուր առմամբ, դրական քողի ներքո են հանդես գալիս, բայց պետք է հասկանալ, թե այդ քողի ներքո ինչ նպատակներ են դրել։ Նրանք այս գործընթացը ընկալում են կարևոր միջոց, որպեսզի հարկադրեն Հայաստանին գնալ խաղաղության պայմանագրի ստորագրմանը։

Հայկական կողմի դիրքորոշումը շատ հստակ է՝ առանց նախապայմանների Թուրքիայի հետ սահմանների բացում: Այլ տեսլական հայկական կողմը չի ներկայացնում, իսկ Թուրքիայի ու Ադրբեջանի նպատակները պարզ են, սակայն որպեսզի գործընթացն ի սկզբանե դատապարտված չլինի, դեռ չեն խոսում այդ մասին։

– Նկատի ունեք, որ Թուրքիան այս գործընթացի համատեքստում աստիճանաբար փորձելու է կյանքի կոչել իր նախապայմաննե՞րը։

– Այո՛, ես այդ կարծիքին եմ։ Իմ տպավորությամբ՝ Ադրբեջանն ու Թուրքիան ունեն այդ սցենարն իրենց մտքում, այդ գործընթացի միջոցով հասնել խաղաղության պայմանագրի ստորագրմանը։ Երեկ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ սահմանների դեմարկացիայի ու դելիմիտացիայի գործընթացը կապված չէ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հետ, որն էլ բուռն արձագանք է գտել Ադրբեջանում: Փորձագիտական շրջանակները, պատգամավորներից ոմանք նշել են, որ հենց այդ գործընթացի միջոցով պետք է իբր Հայաստանը ճանաչի Արցախն Ադրբեջանի կազմում, այսինքն՝ պատկերացումներում հստակ տարբերություններ կան։

– Պատկերացումների այդ հստակ տարբերությամբ՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը հեռանկարային համարո՞ւմ եք, թե՞ այս փորձը, ինչպես նախորդ երեքը, դատապարտված է ձախողման։

– Քանի որ գործընթացը միայն Հայաստանից ու Թուրքիայից կախված չէ, ապա ինչ-որ պահերի փոփոխություններ կարող են լինել։ Բայց եթե դիտարկենք Թուրքիայի և Ադրբեջանի հետապնդած նպատակների համատեքստում, գործընթացը, իհարկե, դատապարտված է։

Եթե շարունակեն այնպես, ինչպես հայտարարել են, թե նախապայմաններ չեն լինելու, ապա հնարավորություններ կարող են լինել, բայց, իմ դիտարկմամբ, երկրորդ սցենարը չի աշխատելու, հատկապես այն պայմաններում, երբ Հայաստանը պարտություն է կրել պատերազմում:

Նույնիսկ այն ժամանակ, երբ Հայաստանը հաղթող կողմ էր, Թուրքիան չհրաժարվեց նախապայմաններից ու, ի վերջո, տապալեց գործընթացը։ Այս իրավիճակում առավելևս Թուրքիան չի հրաժարվում նախապայմաններից, էլ չեմ ասում, որ վերջին պատերազմից հետո առավել սերտաճած են Թուրքիա-Ադրբեջան համագործակցությունները, ուստի այնքան էլ լավատես չեմ, որ կհաջողի հարաբերությունների կարգավորումը։

Քրիստինե Աղաբեկյան