Ռուսաստանի քննչական մարմինները միջազգային հետախուզում են հայտարարել շախմատի աշխարհի նախկին չեմպիոն Գարի Կասպարովի նկատմամբ։ Նա ՌԴ-ում ճանաչվել է օտարերկրյա գործակալ և ընդգրկվել ահաբեկիչների ու ծայրահեղականների ցանկում։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով գործի նյութերին։
Ըստ գործի նյութերի՝ Կասպարովին հեռակա մեղադրանք է առաջադրվել համացանցում ահաբեկչությունն արդարացնելու, ինչպես նաև օտարերկրյա գործակալի գործունեության կարգը խախտելու երկու դրվագով։ Ավելի վաղ Մոսկվայի Զամոսկվորեցկի շրջանային դատարանը նրա նկատմամբ հեռակա կալանք էր ընտրել՝ Ռուսաստանին արտահանձնվելու, արտաքսվելու կամ ՌԴ տարածքում ձերբակալվելու դեպքում։
Կասպարովին նախ մեղադրանք էր առաջադրվել ՌԴ Քրեական օրենսգրքի՝ ահաբեկչությունն արդարացնելու հոդվածով, որը նախատեսում է 5-ից 7 տարվա ազատազրկում։ Ավելի ուշ նրան հեռակա մեղադրանք է առաջադրվել նաև օտարերկրյա գործակալի գործունեության կարգը խախտելու երկու դրվագով։
ՌԴ արդարադատության նախարարությունը Կասպարովին օտարերկրյա գործակալների ցանկում ընդգրկել էր 2022 թվականի մայիսին՝ որպես հիմնավորում նշելով «քաղաքական գործունեությունը»։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ Կասպարովը ներկայում բնակվում է Ռուսաստանի սահմաններից դուրս։



















