2021 թվականը պետք է լիներ ապաքինման և վերականգման տարի: Փոխարենն այն ստեղծեց ավելի մեծ անհավասարություն և անկայունություն միայն 2021, 2022-ի թվականների, այլ նաև գալիք տասնամյակների համար, շեշտում է Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը իր տարեկան զեկույցում, փոխանցում է «Ամերիկայի ձայն»-ը։
Անդրադառնալով Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում մարդու իրավունքների հետ կապված խնդիրներին՝ զեկույցը շեշտում է՝ 2021թ.-ին այստեղ իր դիրքերն է ամրապնդել ավտորիտարիզմը, իսկ մի շարք երկրներ բացահայտ անտեսում էին իրենց պարտավորությունները մարդու իրավուքների ոլորտում:
Զեկույցը շեշտում է նաև, որ այս հետընթացն ուղեկցվել է ավելի ագրեսիվ միջազգային հարաբերություններով՝ հիշատակելով Հայաստանի և Ադրբեջանի միջև շարունակվող հակամարտությունը: Հայաստանին և Ադրբեջանին նվիրված հատվածում զեկույցը զգալի չափով անդրադառնում է այս երկրների միջև հակամարտությանը և դրա հետևանքներին՝ ընդգծելով՝ «Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային անվտանգության հարցը շարունակում է մնալ անկայուն՝ պայմանավորված սահմանազատման գործընթացի անորոշությամբ: Այստեղ, պատահական միջսահմանային բախումների արդյունքում գրանցվել են քաղաքացիական ու զինվորական զոհեր»:
Ըստ Amnesty International-ի՝ ԼՂ հակամարտության ընթացքում և դրանից անմիջապես հետո որևէ առաջընթաց չի գրանցվել ռազմական հանցագործությունների և միջազգային մարդասիրական իրավունքի այլ խախտումների հետաքննության և անհատական քրեական պատասխանատվության հարցում։
«Ավելի քան 100 մարդ է զոհվել կամ վիրավորվել հայկական ուժերի կողմից տեղադրված ականների պատճառով այն տարածքներում, որոնք հանձնվել էին Ադրբեջանին», շեշտում է զեկույցը՝ հավելելով, որ հայ գերիներին վերադարձնելու դիմաց Հայաստանը փոխանցել է Ադրբեջանին մի շարք ականապատված տարածքների քարտեզներ, որոնց ճշգրտությունը Բաքուն վիճարկում է։ Ադրբեջանին վերաբերող հատվածում զեկույցը անդրադարձել է ԼՂ հակամարտությանը, ինչպես նաև հայազգի գերևավարծների ու կալանավորվածների խնդրին: Ըստ զեկույցի՝ Ադրբեջանում կալանքի տակ մնացած հայ գերիների թիվը տարեվերջի դրությամբ մնում է անհայտ:
Սեպտեմբերին Եվրոպայի խորհուրդը մտահոգություն է հայտնել, որ տասնյակ հայազգի գերևարվածներ շարունակում են անմարդկային պայմաններում պահվել Ադրբեջանում և ենթարկվում արագացված, անարդար դատավարությունների: 30 գերևարված հայերի ճակատագիրը մնում է անհայտ: Չի բացառվում, որ վերջիններիս սպանվել են: ԼՂ պատերազմի արդյունքում մոտ 91,000 տեղահանվածներից շատերն արդեն վերադարձել են Լեռնային Ղարաբաղի այն շրջաններ, որոնք մնացել են Հայաստանի վերահսկողության տակ, փաստում է զեկույցը։
Նրանցից շատերը մի շարք դժվարությունների են բախվել՝ պայմանավորված ապրուստի միջոցների, կրթության և առողջապահության թերի վիճակի հետ, իսկ մոտ 36,000 մարդ շարունակում է մնալ տեղահանված, որոնցից 24,000-ը՝ երկարաժամկետ, քանի որ իրենց բնակավայրերն անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ: Զեկույցն անդրադարձել է նաև 2021 թ. ընթացքում Հայաստանում հավաքների ու խոսքի ազատությանը, շրջակա միջավայրի խնդիրներին ու կանանց իրավունքներին:
Ըստ Amnesty International-ի՝ «կորոնավիրուսային համավարակի ընթացքում կանայք շարունակում են ենթարկվել ընտանեկան բռնության, մինչդեռ կանանց իրավունքների պաշտպանության հասանելիությունը և աջակցման ծառայությունները դեռևս անբավարար են»: Զեկույցը փաստում է, որ համաճարակը նաև սրել է չվարձատրվող աշխատանքի ծանր «բեռը», որը հիմնականում ընկել է կանանց և աղջիկների ուսերին։