«Այն ինչ ունեցել ենք վերջին 30 տարում, այս իրավիճակը պետք է ունենայինք՝ խոր միջնադար, խավարամտություն». Ռուբեն Բաբայան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը

– Պարո՛ն Բաբայան, վերջին օրերին մեծ աղմուկ է բարձրացել ԿԳՄՍ նախարարության դրամաշնորհի շրջանակներում բեմադրված «ՀուԶԱՆՔ ու Զանգ» ներկայացման շուրջ։ Այս ներկայացման ֆոնին ընդհուպ ոմանք պահանջում են նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը։ Ինչի՞ հետևանք է ստեղծված իրավիճակը։

– Ես կարծում եմ, որ սա հետևանք է այն քաղաքականության, որը մենք վարել ենք վերջին 30 տարվա ընթացքում, երբ կրթությունը, առավել ևս մշակութային կրթությունը համարվում էր շատ երկրորդական։ Եվ հիմա ունենք այն, ինչ ունենք։ Եվ այս իրավիճակը պետք է ունենայինք՝ խոր միջնադար, խավարամտություն։

Առավել ևս, որ ճշտված չէ այն արժեքային համակարգը, որի մեջ պատրաստվում է ապրել մեր երկիրը։ Հեղափոխությունն ինձ համար համենայնդեպս իմաստավորվում էր արժեքային համակարգի փոփոխությամբ, այլ ոչ թե իշխանափոխությամբ։ Եթե մենք փոխում ենք իշխանությունը, բայց չենք փոխում արժեքային համակարգը, դա նշանակում է, որ նախկին իշխանությունը վերադառնում է։ Դա կարող է լինել և՛ ֆիզիկական անձանց միջոցով, և՛ պարզապես գաղափարների։

Կարծում եմ՝ այստեղ կա մի քանի ասպեկտ։ Մեկը՝ սա օգտագործել որպես քաղաքական գործոն, վախեցնել մարդկանց, որովհետև վախեցած մարդիկ շատ շուտ ղեկավարվող են։ Ընդհանրապես մարդը ստեղծված է ազատ, և մեր կյանքը մեզ տրված է այն բանի համար, որպեսզի մենք կարողանանք հաղթահարել մեր ներքին վախերը, որպեսզի ազատագրվենք և իսկապես դառնանք ազատ երկրի ազատ քաղաքացի։ 

Բացի դա, կան որոշ մարդիկ, նրանք կան բոլոր երկրներում և մինչև հիմա հավատում են, որ երկրագունդը տափակ է, որ սատանան կգա բոլորին կտանի դժոխք։ Համենայնդեպս, ինձ մի քանի անգամ արդեն սպառնացել են, որ ես դժոխք կգնամ։ Ես էլ պատասխանել եմ Բեռնարդ Շոուի հայտնի արտահայտությամբ. «Եթե ընտրելու լինեք դժոխքի և դրախտի միջև, իհարկե, կոմունալ պայմաններով դրախտը շատ ավելի գերադասելի է, բայց շրջապատի տեսանկյունից դժոխքն է լավը»։ 

Եվ ուրեմն, կան մարդիկ, ովքեր փորձում են մանիպուլյացիայի ենթարկել, որովհետև ունեն շատ կարևոր խնդիր, ես նույնիսկ կասեի՝ առաջադրանք՝ Հայաստանը պոկել իր արմատներից։ 

Ես նկատի ունեմ՝ հենց քրիստոնեական արմատներից, որի մեջ կան հանդուրժողականություն, սեր, բարություն։ Եվ վերջերս արդեն բացահայտ հայտարարվում է, որ Հայաստանը պետք է իր բոլոր կապերը խզի եվրոպական կառույցների հետ, և այստեղ պարզ երևում է նաև օտար երկրների ներազդեցությունը, որպեսզի Հայաստանը վերջնականապես պոկվի այդ ուղուց։ 

Մեկ անգամ այդ փորձը կատարվեց 2013 թվականին, հիմա, կարծում եմ՝ սա դրա տրամաբանական շարունակությունն է, որովհետև դժվար է մտածել, որ կարող են այդպես հանգիստ համակերպվել, որ Հայաստանը լինի քաղաքակիրթ երկիր, աշխարհի համար բաց։ Ներկայացվում է, որ ամբողջ վատը գալիս է Արևմուտքից, և մենք մեր ազգային ինքնությունը պահպանելու համար պետք է ստեղծենք պատնեշ։

Հանրության մեջ կան նաև որոշակի տարաձայնություններ, թե ի՛նչ երկիր ենք մենք ուզում ունենալ։ Արդյոք երկի՞ր ենք ուզում ունենալ, թե՞ գաղութ։ 

Շատ հաճախ մարդկանց համար Հայոց աշխարհն ընկալվում է զուտ որպես գաղութ կամ ռեզերվացիա, որտեղ մենք չենք զբաղվում պետականաշինության հարցերով, մենք բաց չենք աշխարհի համար, աշխարհը բաց չէ մեզ համար, մենք չենք ենթարկվում ընդհանուր օրենքներին, նույնիսկ սեփական օրենքներին ու Սահմանադրությանը, այլ պարզապես ապրում ենք այն կարևոր սկզբունքներով, որոնցով ապրում է գաղութը։ 

Իսկ գաղութի սկզբունքը՝ պահպանել ազգային ոգին, ազգային ամեն ինչը այնպես, ինչպես դա ընկալվում է, և չհասկանալ, որ երկիրը զարգանում է միայն այն ժամանակ, երբ փորձում է ամեն ինչով համապատասխանել այսօրվա ժամանակներին։ 

Կարծում եմ՝ շատերի համար իրենց կանգառը, որտեղ իրենք ժամանակի գնացքից պետք է իջնեին, բաց են թողել 15-րդ դարում, երբ խարույկներ կային։ Ընդ որում, հետաքրքիրը գիտե՞ք որն է՝ միջնադարում, երբ ամբողջ Եվրոպայում խարույկներ էին անում, մարդկանց էին այրում, Հայաստանը դրան չէր գնում։

Հայոց կաթողիկոսն ասաց՝ մարդը ցախ չէ, որ այրվի։ Իսկ հիմա, եթե նույնիսկ կարդաք մեր հասարակության՝ «Ֆեյսբուքում» գրվող մեկնաբանությունները՝ այրել, վառել և այլն։ Զարմանալի միջնադար է եկել։

– Ինչպե՞ս կարելի է պայքարել այդ միջնադարի դեմ։

– Միջնադարի դեմ պետք է պայքարել միայն լույսով, միայն լուսավորչական աշխատանքով։ Խավարասերներն ինչի՞ց են փախչում, երբ կան լույս ու մաքրություն։ Կարևորը սա է։

Առավել ևս պետք է հասկանալ, որ բարոյականությունը չունի ազգային պատկանելություն, բարոյականությունը շատ անձնական ու անհատական հատկություն է։ Եվ ամենաճիշտն այն է, որ յուրաքանչյուրը զբաղվի սեփական բարոյական կեցվածքով։ 

Դա հետևյալն է՝ կեղտոտ չապրել, չստել, չվիրավորել, չսպառնալ, չհայհոյել։ Եվ ևս մեկ բան՝ շատ կարևոր է, որ մարդիկ կարողանան ինքնուրույն դատել։ Մեջբերում անեմ Աստվածաշնչից՝ երբ կույրերն առաջնորդում են կույրերին, բոլորը հայտնվում են փոսի մեջ։ Սա շատ կարևոր է, պետք չէ կուրանալ, պետք է ապրել բաց աչքերով։

– ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը հայտարարեց, որ արվեստում չպետք է լինի ցենզուրա, մարդիկ սկսեցին պահանջել նրա հրաժարականը։ Դուք ի՞նչ կարծիքի եք՝ արվեստում չպե՞տք է լինի ցենզուրա։

– Միանշանակ նախարարի այդ հայտարարությունը ողջունելի է։ Եվ ամենազարմանալին գիտե՞ք որն է, պետական բարձր պաշտոնյան ասում է, որ ցենզուրա չպետք է լինի, իսկ հանրության ու արվեստագետների մի մասն ասում է, չէ՛, պետք է լինի։ Սա զարմանալի է, որովհետև ընդհանրապես հակառակն է լինում։ Բայց մենք սովոր ենք, որ մեր երկրում խիյարը պետք է թարս աճի։ Խիյարը, վերջիվերջո, աճեց, և պարզվեց, որ թարս է աճել։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am