«Ըստ էության՝ նախկին իշխանությունն է առաջադրել Վազգեն Մանուկյանին, նրանք թաքնվում են Վազգեն Մանուկյանի ստվերի տակ». Մակեյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ, նախկին քաղբանտարկյալ Պետրոս Մակեյանը

– Ընդդիմադիր 16 կուսակցությունները որոշում են կայացրել վարչապետի թեկնածու առաջադրել Վազգեն Մանուկյանին, որը անցումային կառավարություն կձևավորի, և մեկ տարվա ընթացքում կիրականացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Ինչպե՞ս եք գնահատում այս առաջադրումը, արդյոք նա կարո՞ղ է հանրությանը մոբիլիզացնել։

– Իմ կարծիքով՝ իրենք ամենաօպտիմալ ընտրությունն են կատարել՝ ընտրելով Վազգեն Մանուկյանին թվարկած անունների մեջ։

Վազգեն Մանուկյանին մեր սերունդը գիտի, երիտասարդները չգիտեն, նա ներդրում ունի Արցախյան շարժմանը, բայց այն ուժերը, որոնք առաջադրել են Վազգեն Մանուկյանին, լուրջ խնդիրներ են առաջացնում։

Ըստ էության՝ նախկին իշխանությունն է առաջադրել Վազգեն Մանուկյանին։ Նրանք թաքնվում են Վազգեն Մանուկյանի ստվերի տակ, բայց հասկանում ենք, որ եթե նախկիններն են նրան առաջադրել, մտահոգության առիթ է տալիս, քանի որ նախկինների շնորհիվ է մեր երկիրն այս վիճակում հայտնվել։

Այս կապիտուլյացիայի մեջ նրանք լուրջ ներդրում ունեն։ Հակառակ դեպքում Վազգեն Մանուկյան անձին նորմալ եմ վերաբերվում, նա այն քաղաքական դեմքն է, որ ունեցել է հրապարակային գործունեություն և ներդրում մեր երկրի համար, բայց մտահոգությունը, միևնույն է, կա՝ հաշվի առնելով, թե որ ուժերի կողմից է առաջադրվել:

– Պարո՛ն Մակեյան, բայց նա նորից հին գործիչ է։ Ստացվում է՝ մեկ նոր դեմք վարչապետի թեկնածու 16 քաղաքական ուժեր իր զորու չեղա՞ն առաջադրել։

– Կրկնում եմ՝ նրանց հաշվարկը օպտիմալ է, նրանք բոլոր ուղղություններով հաշվարկել են։ Իսկ ամենափորձվածները գիտենք ովքեր են, կորիզը նախկին իշխանություններն են, և նախկին իշխանության առաջադրած որևէ այլ դեմք, միևնույն է, չէր ընկալվի։

Ինչ վերաբերում է սերնդափոխությանը, ցավոք սրտի, Նիկոլի սերնդափոխությունը տեսանք։ Նոր սերունդը դարձավ մեր այսօրվա չարիքի հիմնական պատճառներից մեկը։ Այնպես որ, այս իրավիճակում նրանք լավագույն տարբերակն ընտրեցին։

– Երբևէ նրանց կմիանա՞ք։

– Բազմիցս ասել եմ, քննադատել եմ Նիկոլին, այսօրվա իշխանություններին երկու տարվա ընթացքում, զգոնության կոչեր եմ արել, բայց այս իրավիճակի հիմնական պատասխանատուն նախկիններն են, և ես չեմ կարող միանալ երկիրը քանդող ուժերի կոչերին։

– Արթուր Վանեցյանը հայտարարել է, որ Վազգեն Մանուկյանը վարչապետ ընտրվելու դեպքում կասեցնելու է իր կուսակցական պատկանելությունը, լինելու է ապակուսակցական վարչապետ և որոշակի ժամանակ անց պարտավորվելու է անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որոնց ինքը չի մասնակցելու և չի աջակցելու որևէ քաղաքական ուժի: Համոզի՞չ են պնդումները։

– Ես համամիտ չեմ նրա հետ։ Ես վստահ եմ, որ Վազգեն Մանուկյանը հնարավորինս արդար կլինի, բայց այն ուժերը, որոնք առաջադրել են նրան, իշխանության են եկել և մնացել՝ ընտրությունները կեղծելով։ Բացարձակ որևէ հավատ չունեմ։

– Այս իրավիճակում ի՞նչ լուծում եք տեսնում։

– Ցավոք սրտի, այս իրավիճակի պատասխանատուն էլի մնում է Նիկոլը։ Նիկոլը իր իշխանության ընթացքում քաղաքական դաշտը այնպես արեց, որ անմահացրեց նախկին ռեժիմը։ Եվ հիմա մենք պետք է համախմբվենք այն ուժերով, որոնք ունեն կենսագրություն և լուսանցք են մղվել Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի միջոցով։

Այդ ուժերի համախմբում է պետք, որ հանրությունը տեսնի, այլապես նրանց, որոնց հանրությունը հրապարակում տեսնում է, ասում է՝ ավելի լավ է Նիկոլը մնա, քան սրանք գան։

– Արտահերթ ընտրություններ պե՞տք է անցկացվեն։

– Արտահերթ ընտրությունները պարտադիր են։ Պարտված ուժերը չեն կարող որևէ հանգրվանի հասցնել, որևէ ապագա չկա նրանց հետ։

Եվ, կարծում եմ, վեց ամիսը բավարար էր անցումային կառավարությանն ընտրություններ անցկացնել համար։ Ցանկության դեպքում կարելի էր արագ փոխել Ընտրական օրենսգիրքը, «Կուսակցությունների մասին» օրենքը։

Հանգուցային կետեր կան, որ արագ կարելի է փոխել, մասնավորապես, շեմի հարցը, հարևան Վրաստանում թողեցին ազատ ընտրություն, մեկ տոկոս պետք է լինի մեզ մոտ։

Այլապես քաղաքական կյանքը վերջին քսան տարում լրիվ կոորդինացվել է մեկ կենտրոնից, թողեք շեմը իջնի, որ քաղաքական կուսակցությունները ձևավորվեն, հետո ընտրական գրավները պետք է իջեցվեն, այլապես այս աղքատ երկրում միայն օլիգարխների կուսակցությունները կարող են մասնակցել։ 

– Օլիգարխները պե՞տք է մասնակցեն ընտրություններին։

– Իսկ մի՞թե վերջին ընտրություններին չմասնակցեցին, ինչու հեղափոխությունից հետո չդարձա՞ն մեծահարուստ և մասնակցեցին…

Մանե Հարությունյան

MediaLab.am