Մենք իշխանությո՞ւն էլ ունենք, մինչև օրս մեկ իշխանավոր չեմ տեսել, որ գա, հետաքրքրվի սահմանով. Գորիսի քաղաքապետ

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը

– Պարո՛ն Առուշանյան, ադրբեջանական ԶՈՒ «Ուրալները» արդեն Գորիսում են: Ի՞նչ է կատարվում, կներկայացնեք:

– «Ուրալը», որը նկարվել է Գորիսում, այո՛, ռուս խաղաղապահների, Կարմիր խաչի հետ է եղել, Գորիսի տարածքով անցել են, դիակների փոխանակում է տեղի ունեցել:

– Սյունիքի մարզի տարբեր համայնքների ղեկավարներ արոտավայրերի հետ կապված խնդիրներ են նշում: Ի՞նչ խնդիրներ դուք կնշեք, որ առաջնային լուծման են սպասում: Մարդիկ արդյոք ընկճվա՞ծ են:

– Իհարկե ոչ, ինչի՞ց են ընկճված: Ընկճվելու բան չկա, պետք է փորձենք առաջ գնալ: Ունենք այն, ինչ ունենք: Հարաբերական նորմալ է: 

– Այն առումով, որ թշնամին այդքան մոտ է:

– Բնականաբար վտանգ կա: 

– Ներքաղաքական լարվածությունը որքանո՞վ է ազդում, որքանո՞վ է այսօրվա իշխանությանը խանգարում աշխատել:

Ինչի մենք իշխանությո՞ւն էլ ունենք…

– Չունե՞նք…

– Մինչ օրս ես մեկ իշխանավոր չեմ տեսել, որ գա, որ իրեն հետաքրքիր լինի սահմանը: Իշխանություն ասելով նկատի չունեմ պաշտպանության նախարարությանը, որն այստեղ է: Ո՛չ գալիս են, ո՛չ գնում են, ո՛չ էլ որևէ բանով օգնում են: Հիմա ասեք՝ կառավարությո՞ւն է, թե՞ կառավարություն չի:

– Իսկ դուք խնդիրների մասին տեղեկացրե՞լ եք:

– Եթե ձեր ասած ձևով պետք է լինի, որ ես զեկուցեմ, նոր իմանան, պատկերացնո՞ւմ եք՝ երկրի վիճակն ինչ պետք է լինի, եթե ես այստեղից պետք է զեկուցեմ, որ իմանան: 

– Այսինքն՝ արդարացվա՞ծ եք համարում տարբեր համայնքներում վարչապետի հրաժարականի պահանջը:

– Բնականաբար գիտեք, որ ինքս էլ պահանջել եմ, հիմա էլ պահանջում եմ: Մենք ավելի մեծ խնդիրներ ունենք: Իրենք չեն հասկանում՝ կառավարումն ինչ է:

– Իսկ չե՞ք կարծում, որ Գորիսի բնակիչները չեն համաձայնի ձեզ հետ:

– Մինչ օրս այդպիսի մարդ Գորիսում չեմ հանդիպել, համոզված եմ, որ քաղաքում 90 տոկոսից ավելի համակարծիք է:

– Բայց ի՞նչ եք կարծում, երբ վարչապետը փոխվեց, մյուսը արդյոք գալու է և հայտնի հայտարարությունը չեղարկի՞:

Առաջինը պահանջում ենք, որ հեռանա, այս երկուսուկես տարին այնպես չէ, որ բավարար ժամանակ չէ, որ չէր կարող բան անել:

Առհասարակ ռազմամթերքի մեջ բան կարող է փոխվի, դու ամեն տարի հավասարաչափ պետք է գնաս առաջ:

Ես չգիտեմ՝ մինչև 2018 թվականը մենք որքան զենք ենք ունեցել, բայց մի բան ակնհայտ է, եթե երկուսուկես տարվա մեջ ուզենաս բավարար զենք ունենաս, այնպես չէ, որ դա քիչ ժամանակահատված է:

ԱԹՍ-ները մենք կարող էինք երկուսուկես տարի առաջ ձեռք բերել, նկատի ունեմ այն ԱԹՍ-ները, որոնք առաջարկում էր Իսրայելը, ինչո՞ւ չենք ձեռք բերել, ինչո՞ւ պետք է մեր օդը բաց լիներ:

– Կարծում եք՝ հենց վարչապետ փոխվեց, այդ ոլորտում առկա խնդիրները արագ լուծո՞ւմ են ստանալու:

– Պարտված վարչապետը մնա որ ի՛նչ անի, եթե իրավիճակին չի տիրապետում: Ազգովի պետք է հասկանանք՝ ով պետք է լինի վարչապետը: Ես հավատում եմ, որ մեկ մարդուց, լուրջ թիմից պետք է ակնկալել փոփոխություններ, բայց այն, ինչ հիմա կա, ուղղակի աբսուրդի ժանրից է: 

Ես իմ գորիսեցիների կողքին եմ, ես հայ մարդ եմ, գորիսեցի, ինձ համար պաշտոնը տասներորդական հարց է: Մինչ համայնքի ղեկավար լինելն էլ նույն սկզբունքով եմ ապրել, համայնքի ղեկավար դառնալուց հետո էլ նույն սկզբունքով եմ ապրում:

Յուրաքանչյուր գորիսեցու խնդիրը իմ անձնական խնդիրն է, և մեր միջև էլ հարգանքն այնքան կառուցողական է եղել, քաղաքացիների կողմից էլ նույնն է եղել, եթե ես խնդիր ունեմ, դա գորիսեցիների խնդիրն է:

Մինչև օրս մենք նույն սկզբունքով ենք ապրել և նույն սկզբունքով էլ պահում ենք մեր սահմանը, մեր հողը, մեր երկիրը:

Մանե Հարությունյան

MediaLab.am