Մեղրիի քաղաքապետի մասով առկա է առերևույթ հանցագործության կատարման դեպք. փոխոստիկանապետ

Սյունիքում տեղի են ունեցել առերևույթ խուլիգանության դեպքեր և ոստիկանությունը ձեռնարկել է համապատասխան միջոցառումներ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Սյունիք կատարած այցի ընթացքում տեղի ունեցած միջադեպերին:

Փոխոստիկանապետն ասաց, որ Մեղրիի քաղաքապետի մասով առկա է առերևույթ հանցագործության կատարման դեպք, որի կապակցությամբ իրականցվում են միջոցառումներ: «Մեղրիի համայնքապետն այս պահի դրությամբ չի կալանավորվի, քանի որ որպես խափանման միջոց կալանքն ընտրվում է դատարանի կողմից», – ասաց նա:

Փոխոստիկանապետն անդրադարձավ հարցին, թե վարչապետն ԱԱԾ տնօրենին ու Ոստիկանապետին ուղղորդել է, որպեսզի Սյունիքում ձերբակալություններ տեղի ունենան. «Ի՞նչ է նշանակում բացահայտ ուղղորդել: Եթե կա առերևույթ հանցագործության դեպք, ապա իրավապահ մարմինները պետք է ձեռնարկեն համապատասխան միջոցառումները:

Ոստիկանությունն անգործության չի մատնվել: Նաև ոստիկանների համազգեստներից ակնհայտ երևում է, թե ինչ վիճակում են հայտնվել նրանք: Եթե դա դիտարկում եք անգործություն, ապա, կներեք, ոստիկանությունն այդ ուժերով ավելին չէր կարող անել: Լրացուցիչ ուժերի պարագայում, գուցե, հնարավոր լիներ»:

Փոխոստիկանապետը, միաժամանակ հերքեց, թե ոստիկաններով լի ավտոբուսներ են Երևանից Սյունիք գնացել: «Գնացել են այնքան, որքան անհրաժեշտ է հասարակական կարգն ապահովելու համար», – ասաց նա: