ԵՄ-ն կոչ է արել սահմանազատված սահմանի բացակայության պայմաններում հարգել 1991 թվականի սահմանագիծը

Եվրամիությունը դատապարտել է ադրբեջանական զինված ուժերի հարձակումը Հայաստանի զինված ուժերի զինծառայողների վրա Սյունիքի մարզի Տեղ գյուղի հատվածում։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝  ԵՄ դիվանագիտական ծառայությունը հաղորդագրություն է տարածել՝ Ադրբեջանի սադրիչ հարձակումը որակելով որպես բախումներ։ 

«Այս միջադեպը ևս մեկ անգամ ընդգծում է, որ սահմանազատված սահմանի բացակայության պայմաններում պետք է հարգել 1991 թ.-ի գիծը, կողմերից յուրաքանչյուրի ուժերը պետք է դուրս բերվեն այս գծից անվտանգ հեռավորությունների վրա՝ կանխելու միջադեպերի կրկնությունը», – ասել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով խոսնակ Նաբիլա Մասրալին:

Դիվանագետը հավելել է, որ կողմերը պետք է ակտիվացնեն սահմանի սահմանազատման շուրջ բանակցությունները:

«Նախկին պարտավորությունները պետք է հարգվեն, այդ թվում՝ Պրահայում 2022 թ.-ի հոկտեմբերին ստանձնած պարտավորությունները՝ կապված տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման հետ՝ համաձայն 1991 թ.-ի Ալմա Աթայի հռչակագրի: ԵՄ-ն նաև կոչ է անում ակտիվացնել սահմանի սահմանազատման շուրջ բանակցությունները և պատրաստ է աջակցել այդ գործընթացին», – նշված է հայտարարության տեքստում:

Եվրամիությունը դարձյալ կոչ է արել զսպվածություն ցուցաբերել և վեճերը լուծել խաղաղ ճանապարհով:

«ԵՄ-ն շարունակում է աջակցել այդ ջանքերին, այդ թվում՝ ամենաբարձր մակարդակով, ինչպես նաև Հայաստանում ԵՄ առաքելության ներկայությամբ», – նշվում է ԵՄ հայտարարությունում: