Ռուսները ամեն դեպքում չեն կարող շատ բանի վրա թքել, նրանց համար շատ կարևոր է Թուրքիայի հետ կապերի պահպանումը․ Քաղաքագետ

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է քաղաքագետ Գարիկ Քեռյանը

– Պարո՛ն Քեռյան, մենք տեսանք այս անգամ ԱՄՆ-ի միջամտությամբ այսօր առավոտյան ժամը 8-ից պետք է հրադադարի մասին պայմանավորվածությունը կյանքի կոչվեր, սակայն հակառակորդը կրկին խախտեց հրադադարը։ Ինչու՞:

– Նման կոնֆլիկտների ժամանակ զինադադարի հաստատման գործընթացի հետազոտման փորձը ցույց է տալիս, որ կայուն զինադադար լինում է այն դեպքում, երբ նախ՝ երկկողմանի շահագրգռվածություն կա հրադադարի հարցում, երկրորդ՝ երբ կողմերն արդեն ուժասպառ են լինում և այլևս հնարավոր չէ շարունակել ռազմական ճանապարհով հարցը լուծել, և երրորդ՝ երբ հակամարտող կողմերի վրա կիրառվում է բավականին լուրջ ճնշում՝ պատժամիջոցներ, ուժային լծակներ, ինչպես, օրինակ՝ ժամանակին ՆԱՏՕ-ն ռմբակոծեց Սերբիան և պարտադրեց կողմերին՝ Բոսնիային և Կոսովոյին, խաղաղության։

Եվ չորրորդը, որը միակ մեթոդն է զինադադարը պաշտպանելու, այն է, որ Մինսկի խմբի համանախագահ երկրները շտապ կարգով, ժամերի ընթացքում կազմեն զինվորական դիտորդների խմբեր, որոնք կարողանան զինված լինել այնպիսի սարքերով, որոնք տեղում շփման գծում լինելով կարողանան որոշել զինադադարը խախտողներին։

Այլապես հազարավոր կիլոմետրեր հեռու եվրոպական և ամերիկյան մայրաքաղաքներում արված հայտարարությունները և դեկլարատիվ զինադադարները չեն կարող պաշտպանել, քանի դեռ չկա դրանց վերահսկման մեխանիզմ։

– Շատերը, հատկապես հենց ռուս փորձագետները, կարծում են, որ այս հակամարտության լուծման բանալին Ռուսաստանի ձեռքին է, և միայն այդ երկիրը կարող է օգնել վերջ տալ պատերազմին։ Դուք տեսնո՞ւմ եք շանսեր, որ ՌԴ-ն կարող է փրկել իրավիճակը։ 

– Պաշտոնական Կրեմլը հայտարարել է, որ ռուս խաղաղապահներ կարող են մուտք գործել տարածաշրջան, եթե երկու կողմերը համաձայնություն տան։

Բայց քանի որ, իմ կարծիքով, հիմա Ադրբեջանի բոլոր քաղաքական քայլերն ու գործողությունները թելադրվում են Անկարայից և ոչ թե Բաքվից, բնականաբար, այդ հարցը որոշողը՝ կլինեն խաղաղապահներ, թե ոչ, կլինի Թուրքիան, նա էլ դժվար թե այդ քայլին գնա։

Իսկ Ռուսաստանի դիրքորոշումը հստակ է՝ եթե երկու կողմերը ուզում են, դիմում են, ապա այդ դեպքում իրենք կմտածեն։ Միակ երկիրը, որն այստեղ կարող է խաղաղապահներ տեղակայել, Ռուսաստանն է։

Որևէ այլ երկիր ոչ կտեղակայի, ոչ էլ ցանկություն ունի տեղակայելու, ու այդ մասին չեն էլ հայտարարել։ Սա շատ բարդ խնդիր է, որովհետև մենք չգիտենք՝ այս պահին Թուրքիան կհամաձայնի՞ ռուսական խաղաղապահներին, թե՞ ոչ։ Ասում եմ՝ Թուրքիան, որովհետև ես Ադրբեջանն այլևս ինքնուրույն սուբյեկտ չեմ համարում։ 

– Պուտինն ասաց, որ այս հակամարտության լուծման հարցում Ռուսաստանի և Թուրքիայի դիրքորոշումները տարբեր են։ Ի՞նչ եք կարծում, սա կարո՞ղ է հանգեցնել ռուս-թուրքական հակամարտության։

– Չեմ կարծում, որովհետև Պուտինն իր վերջին հայտարարություններում Էրդողանին համարեց պրագմատիկ քաղաքական գործիչ, ասաց, որ նրա հետ աշխատելը հեշտ է, Թուրքիայի հետ ապրանքաշրջանառությունն աճել է և այլն։

Այնպես որ, սա մի տեսակ ռուսական վարանողական քաղաքականության արտահայտություն էր, որովհետև ռուսները ամեն դեպքում չեն կարող շատ բանի վրա թքել, տարածաշրջանում նրանք ընդգրկված են շատ խոր ծրագրերի մեջ, նրանց համար շատ կարևոր է Թուրքիայի հետ կապերի պահպանումը։ Այդ մասին էլ Պուտինն ուղղակորեն ասաց։

Մենք մեծ քաղաքականության մեջ չենք, պարզապես մամուլից բաներ ենք կարդում և սկսում դրա շուրջ մտավարժանքներ անել։ Հեռվից շատ հեշտ է թվում։ Բայց երբ նայում ես՝ մեծ պետություններ, մեծ շահեր, միլիարդավոր դոլարների ծախսեր, խաչաձևվող աշխարհաքաղաքական ձգտումներ, հասկանում ես, որ ամեն ինչ այդքան հեշտ չէ։

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am