Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել Մեղրիի հիդրոէլեկտրակայանի հիմնարկեքի արարողությանը

Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել Մեղրիի հիդրոէլեկտրակայանի հիմնարկեքի արարողությանը
Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել Մեղրիի հիդրոէլեկտրակայանի հիմնարկեքի արարողությանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Սյունիքի մարզ:
Հանրապետության ղեկավարը ներկա է գտնվել Մեղրիի հիդրոէլեկտրակայանի հիմնարկեքի արարողությանը: ՀԷԿ-ը կառուցվելու է սահմանային Արաքս գետի վրա հիդրոէլեկտրակայաններ կառուցելու և շահագործելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության և Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության միջև ստորագրված և երկու երկրների խորհրդարանների կողմից վավերացված միջկառավարական համաձայնագրերի հիման վրա: Հայ-իրանական համատեղ այս ծրագրի շրջանակներում իրականացվելիք «Մեղրի» ՀԷԿ-ի շինարարությունը կավարտվի հինգ տարվա ընթացքում: Ներդրումային ծրագրի պայմանները նախատեսված են ՀՀ կառավարության և իրանական ներդրողի միջև ստորագրված Թույլտվության պայմանագրով:

«Մեղրի» ՀԷԿ-ի հիմնարկեքի արարողությունն իրականացրել են ՀՀ և ԻԻՀ միջկառավարական համատեղ հանձնաժողովի համանախագահներ, Հայաստանի և Իրանի էներգետիկայի նախարարներ Արմեն Մովսիսյանը և Մաջիդ Նամջուն:

Արարողությունից հետո Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել ԻԻՀ պատվիրակության ղեկավար Մաջիդ Նամջուի հետ:

Հանրապետության ղեկավարը շնորհավորել է երկու երկրների նախագահների միջև բարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածություններից ևս մեկի՝ «Մեղրի» ՀԷԿ-ի կառուցման աշխատանքների մեկնարկի կապակցությամբ: Կողմերի համոզմամբ, այն որոշակիորեն կխթանի հայ-իրանական տնտեսական հարաբերությունների զարգացումը:

ՀՀ և ԻԻՀ միջկառավարական համատեղ հանձնաժողովի իրանական կողմի համանախագահ, Իրանի էներգետիկայի նախարար Մաջիդ Նամջուն վստահեցրել է, որ Հայաստանի էներգետիկայի նախարարի հետ շարունակելու են էներգետիկ և այլ ոլորտներում նախատեսված համատեղ ծրագրերի իրականացման ուղղությամբ շահագրգիռ և ակտիվ աշխատանքը՝ ի նպաստ երկու բարեկամ ժողովուրդների և պետությունների: