Բոլիվիան եւ հայոց հայրենազրկումը

Բոլիվիան եւ հայոց հայրենազրկումը
Բոլիվիան եւ հայոց հայրենազրկումը

Բոլիվիան Հարավային Ամերիկայի երրորդ երկիրն է, որը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը: Հետեւողի համար առաջին հարցն այն է, որ Բոլիվիան, ի տարբերություն Ուրուգվայի եւ մանավանդ Արգենտինայի, չունի հայկական գործոնի տարողունակությունը, քանակը եւ քաղաքական լծակի հանգամանքը: Չի կարելի անշուշտ բացարձակ հաստատումներ կատարել այն շարժառիթների մասին, որոնք Բոլիվիայի խորհրդարանի երկու պալատները մղել են հանգելու նման բանաձեւի: Այսուհանդերձ, Հարավային Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբերի հետեւողական աշխատանքը, համատեղման կարգով Արգենտինիայում ՀՀ դեսպանությունը եւ գուցե նաեւ բոլիվիահայ փոքրաթիվ համայնքի հանգամանքները իրենց ազդեցությունն են ունեցել այս բանաձեւի վրա։

Հայկական կողմի համադրված աշխատանքը այլեւս օրինաչափ եւ ակնկալելի  գործընթաց է նման որոշումներ ապահովելու համար: Մի քանի դիտարկում, այս առիթով, օգտակար կլինի Բոլիվիայի խորհրդարանի կայացրած որոշման քաղաքական մեկնաբանությունները կատարելու համար:

Թվում է, որ Հայոց ցեղասպանության 100-ամյակի առիթով թիրախավորած աշխատանք է սկսվել նաեւ այն երկրներում, ուր անպայման դասական կազմակերպված, ուժական եւ քաղաքական գործոնի հանգամանք նվաճած համայնքներ գոյություն չունեն: Հարավային Ամերիկան իբրեւ տարածաշրջան այս իմաստով անբարենպաստ ենթահող չէ եւ այս իրականությունը կարող է նախանշել, որ միեւնույն տարածաշրջանում այլ երկրներ հետեւեն Ուրուգվայի, Արգենտինայի եւ այժմ էլ Բոլիվիայի օրինակին:

Սակայն, Բոլիվիան այս ռազմավարության իբրեւ ցուցանիշ ենթադրաբար պիտի աշխուժացնի հակառակորդը, որը այլապես էլ թուրքական եւ ադրբեջանական  դիմագծերով փորձում է ազդել տեղի իշխանությունների վարած քաղաքականության վրա: Արգենտինայում հայկական կողմի տարած հաղթանակը (Աթաթուրքի արձանի տեղադրման եւ Էրդողանի այցի տապալում) թուրքականի վրա անպայման ուժերի  վերահաշվարկի մղել է ոչ միայն Անկարային, այլ նաեւ Բաքվին այս տարածաշրջանում առավելություններ ձեռք բերելու համար: Քաղաքական պայքարը կարող է թեժանալ Հարավային Ամերիկայի այն երկրներում, ուր հայկական համայնքները դասական ըմբռնումով գոյություն չունեն: Նաեւ` թուրքականներն ու ադրբեջանականները, ինչը որ մտածելու տեղիք է տալիս պետական ճիգերի բազմապատկման անհրաժեշտության մասին:

Բանաձեւը իր ամբողջության մեջ դիտարժան կետեր  է պարփակում.

«1915 թվականի Ապրիլ 24-ի գիշերը Օսմանյան կայսրության իշխանությունները, «Միություն եւ առաջադիմություն» կուսակցության առաջնորդները, երիտթուրքերը սկսեցին հայ մտավորականների, քաղաքական գործիչների, գիտնականների, գրողների, արվեստի գործիչների, հոգեւորականների, բժիշկների, հասարակական գործիչների եւ մասնագետների ձերբակալությունները, ծրագրված աքսորները, իսկ այնուհետեւ պատմական Արեւմտյան Հայաստանի եւ Անատոլիայի տարածքների  հայազգի քաղաքացիական բնակչության զանգվածային ջարդերը»:

Խորհրդարանի երկու պալատները «հաստատում են իրենց հավատարմությունը մարդու իրավունքներին, ճշմարտության եւ արդարության արժեքներին, արտահայտում են իրենց զորակցությունը եւ դատապարտում են Հայոց ցեղասպանության եւ հայ ժողովրդի դեմ իրականացված մարդկային ծանր հանցագործության ժխտողականության քաղաքականությունը»:

Ցեղասպանություն գործադրողների էության ընդգծման շեշտադրումը հստակ է առաջին իսկ տողից: Օսմանյան կայսրություն, Միություն եւ առաջադիմություն, երիտթուրքեր: Բանաձեվը խոսում է հայ մտավոր ուժի ծրագրված սպանդի, տեղահանության, եւ ապա զանգվածային բնաջնջման մասին: Ցեղասպանությունը դիտարկվում է, իբրեւ մարդու իրավունքի, ճշմարտության եւ արժեքների ուղղակի հակադրվող երեւույթ, զոհը ստանում է Բոլիվիայի պաշտոնական զորակցությունը, ցեղասպանը` դատապարատանքը: Բանաձեւը ունի նաև այժմեական բաժին այն առումով, որ դատապարտում է Անկարայի այսօրվա ժխտողական քաղաքականությունը:

Ցեղասպանության ճանաչման եւ դատապարտանքի առումով բավական ամբողջական է բանաձեւի բովանդակությունը: Ավելի՜ն: Խոսելով զանգվածային տեղահանության եւ մանավանդ Արեւմտյան Հայաստանի մասին, բոլիվիական բանաձեւը հավանաբար իր ներառած բովանդակությամբ եւ օգտագործած բառապաշարով  առանձնանում է ցարդ քվեարկված բանաձեւերից: Այստեղ հայրենազրկման գաղափարն այնքան ցայտուն է, որ բանաձեւային պայքարի փիլիսոփայությունը մի քայլ այն կողմ է անցնում ճանաչումից եւ դատապարատանքից:

Ցեղասպանության բանաձեւերում Արեւմտյան Հայաստան հասկացողությունը ներառելը հայրենազրկման գաղափարն է. միաժամանակ նաեւ տարածքային մեր պահանջատիրության իրավաքաղաքական ամրագրումների կարեւոր մեկնակետը: 100-ամյակի առիթով նախանշվող այս բանաձեւային արշավի բոլիվիանական մեկնարկը ռազմավարական կարեւորագույն ուղերձ է փոխանցում: Տարածքային պահանջատիրության մեր աշխատանքների համար օգտակար կարող է լինել  բոլիվիական բանաձեւին հղում անելը։

Շահան Գանտահարյան

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

© Medialab.am