«Նպատակն էր վերցնել իշխանությունը, իսկ, ներեցեք, ժանտախտի ժամանակ խրախճանք չի լինում և չի ներվում». Ստյոպա Սաֆարյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը

– Պարո՛ն Սաֆարյան, Նիկոլ Փաշինյանը փոխեց ուժային կառույցների ղեկավարներին, ո՞րն էր պատճառը։

– Ուժային կառույցների տապալումը առաջին հերթին կապ ուներ ընդհանուր իրավիճակի հետ։ Եվ ակնհայտ է, որ վարչապետը դժգոհ էր։ Եկեք հասկանանք, որ քննադատությունների ամբողջ սլաքն ուղղվում է դեպի առողջապահության նախարարություն, բայց նախարարությունը չէ կարատինի կանոնների պահպանման պատասխանատուն։

Շատ քիչ մարդիկ էին կենտրոնանում այն հարցի վրա, որ պարետատան որոշումները պատշաճ չէին կատարվում, ոստիկանությունը չէր կարողանում վերահսկել իրավիճակը։ Ակնհայտ էր, որ Փաշինյանը չէր կարող երկար հանդուրժել այս իրավիճակը։

Ընդ որում, այնպես էր ստացվում, որ ուժային կառույցների անգործությունը ծառայում էր նաև ընդդիմադիր, այսպես կոչված, խմբակների ստրատեգիաներին, նրանց բավարարում էր այդ թույլ իրավիճակը։

Եվ Փաշինյանը, տեսնելով այդ գրոհներն իր վրա, կառավարության ու հասարակության վրա, մյուս կողմից՝ տեսնելով զուգահեռը, որ ուժային կառույցների այդ պահվածքն ավելի շատ օգնում էր ընդդիմադիրներին՝ ավելի թեժացնելու ներքաղաքական դիսկուրսը, գնաց այդ փոփոխություններին։

Այս փոփոխությունները որքանո՞վ կարող են լուծել ձեր թվարկած խնդիրները։ Նիկոլ Փաշինյանն ասաց՝ ղեկավարի հանձնարարականներն առաջին հերթին պատշաճ պետք է կատարեն պաշտոնյաները, որպեսզի օրինակ ծառայեն հանրությանը։

– Դա լուրջ ուղերձ էր։ Մի տեսակ այնպիսի տպավորություն էր, որ կառավարման համակարգում թուլացել ու հաճույք էին ստանում, կարող էին իրենց թույլ տալ ոչ միայն անգործություն, այլ նաև անտեսել պարետատան որոշումները։

Որպես օրինակ՝ գլխավոր շտաբի արդեն նախկին պետի որդու հարսանիքը արտակարգ դրության պայմաններում։ Այս առումով, իհարկե, համակարգը ձգվում է, նշանակումների, վերանշանակումների ուղերձը շատ հստակ է, որ դա չի ներվելու ոչ մեկին։ Հետևաբար, ես կարծում եմ՝ արդյունքները տեսանելի կլինեն։

Ես կարծում եմ՝ արդեն տեսանելի են, որովհետև արդեն մի քանի օր է՝ ոստիկանությունն ինտենսիվ աշխատանք է իրականացնում տարբեր համայնքներում։

Այս իրավիճակում կարծես ակտիվացան ընդդիմադիր քաղաքական ուժերը։ Եվ վարչապետը հայտարարեց, որ կորոնավիրուսով վարակվել է, այդ օրերին Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ պահանջում են կառավարության հրաժարականը, նաև այլ ակտիվացումներ են նկատվում։ Ի՞նչ է կատարվում։

– Սխալ հաշվարկ կատարվեց, իրենց թվում էր, թե իշխանությունն այլևս թույլ է, ընկած է, մնում է վերցնել՝ չպատկերացնելով հետևանքները։

Իսկ հետևանքները բավական դաժան են հենց իրենց՝ ընդդիմադիրների համար։ Նախ՝ ժողովրդի ընկալման և տրամաբանության մեջ պատերազմական իրավիճակում երկրի ներսից՝ թիկունքից չեն խփում։

Հասարակության լայն զանգվածներն այդ ամենը հենց այդպես էլ ընկալեցին որպես հարված պետությանը, ոչ թե հարված Փաշինյանին։ Հնչեցին ամենադաժան մեղադրանքները՝ դավաճանությունից սկսած մինչև չգիտեմ ինչ։ Եվ, ահա, Փաշինյանը վերադարձավ՝ բավական կոշտ ու կտրուկ։

– Նա հայտարարեց, որ այդ ուժերը կհայտնվեն պատմության աղբանոցում։

– Դա լուրջ հայտարարություն էր, և ես կարծում եմ, որ ներկայիս պրոցեսը, երբ արդեն չեն խնայում ընդդիմադիրներին, հենց դրա մասին է խոսում։

Արտակարգ դրության շրջանում իրավապաշտպանությամբ են զբաղվում այնպիսի կուսակցություններ, որոնք կյանքում որևէ մեկի իրավունքի մասին չեն խոսել։ Դա աբսուրդ է, հասարակությունը չի կարող դա չնկատել։

Նրանք որևէ մեկի իրավունքները նախկինում չեն պաշտպանել, և հիմա հանկարծ «Բարգավաճ Հայաստանը», «Լուսավոր Հայաստանը», մյուսները դարձել են փողոցում ոստիկանների կողմից քաղաքացիներին բերման ենթարկելու բոլոր դետալների փորձագետներ, քննադատներ և այլն։

Կամ, ասենք, ընդվզում են, դեմարշներ անում դիմակ կրելու պահանջի դեմ, չեն դատապարտում այդպիսի գործունեություն իրականացնող խմբերին, չեն զսպում այդ ալիքը, ուրախանում ու հաճույք են ստանում նրանից, որ վարակը տարածվում է, և իրենք իշխանություններին քննադատելու մեծ դաշտ են ստանում։

Այս ամենը նկատվեց, դրա համար նրանք դեմ էին արտահայտվում արտակարգ դրության պայմաններում կոնտակտավորներին հայտնաբերելու լուծումներին։

Կարող է այդ լուծումները լավը չէին, բայց, համենայնդեպս, իրենց քննադատությունը՝ ուղղված իշխանությանը, չի եղել աջակցության ու այլընտրանք առաջարկելու դաշտում, այլ եղել է առաջարկվող ամեն ինչը մերժելու և ամեն ինչ ավելի բարդացնելու դաշտում։

– Նպատակը ո՞րն է, վերցնել իշխանությո՞ւնը։

– Այո՛, նպատակն էր վերցնել իշխանությունը, քաղաքական նպատակներ են։ Իսկ, ներեցեք, ժանտախտի ժամանակ խրախճանք չի լինում և չի ներվում։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am