Նիկոլ Փաշինյանը Գյումրիում հարգանքի տուրք մատուցեց երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծաղկեպսակ զետեղեց և հարգանքի տուրք մատուցեց Գյումրիի Ամենափրկիչ եկեղեցու բակում գտնվող երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ` 1988թ. երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցեցին նաև Ազգային ժողովի պատգամավորները:

«Անմեղ զոհերին, բարեգութ սրտերին» հուշակոթողի մոտ հոգևոր դասի ներկայացուցիչները աղոթք հնչեցրին զոհերի հոգիների հանգստության համար: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարճ զրույց ունեցավ հավաքված գյումրեցիների հետ, որոնք հայտնեցին իրենց աջակցությունը վարչապետին:

Հարգանքի տուրքի արարողությանը ներկա էին նաև Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը և վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը:

Հայաստանում 32 տարի առաջ տեղի ունեցավ խոշոր բնական աղետ, որը լուրջ մարտահրավեր դարձավ երկրի համար: Հաշված վայրկյանների ընթացքում ավերիչ երկրաշարժը հազարավոր շինությունների փլուզման, տասնյակ հազարավոր մարդկանց մահվան պատճառ դարձավ: 1988 թվականի դեկտեմբերի 7-ին տեղական ժամանակով ժամը 11-ն անց 41 րոպե 22,7 վայրկյանին Հայաստանի հյուսիսում տեղի ունեցավ ավերիչ երկրաշարժ՝ էպիկենտրոնում 10 բալ ուժգնությամբ: