Լիտվա աշխատանքային այցի շրջանակներում ԱԽ քարտուղարը հանդիպել է Լիտվայի Հանրապետության Պաշտպանության նախարարության քաղաքական տնօրեն Վայդոտաս Ուրբելիսի և Ներքին գործերի փոխնախարար Կեստուտիս Լանչինսկասի հետ:
Պաշտպանության նախարարության քաղաքական տնօրեն Ուրբելիսի հետ հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանի ռազմաքաղաքական սրված իրադրության վերաբերյալ:
Այս համատեքստում ԱԽ քարուղարը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ իրականացվող գործողությունները և դրանցից բխող հնարավոր սպառնալիքները: Քարտուղարը նաև ներկայացրել է անվտանգային իրավիճակի կայունացմանն ուղղված հայկական կողմի առաջարկները:
Ա. Գրիգորյանը հիշեցրել է, որ Երևանը Հայաստանում գտնվող օտարերկրյա ռազմական կցորդներին հրավիրել է ստուգելու Հայաստանի ռազմական ինքնաթիռների տեղում լինելու փաստը: Լիտվայի պաշտպանության նախարարության քաղաքական տնօրեն Ուրբելիսին իր հերթին ներկայացրել է Լիտվայի կիբերանվտանգության համակարգը:
Ներքին գործերի փոխնախարար Լանչինսկասի հետ հանդիպմանը զրուցակիցները քննարկել ու արձանագրել են միջազգային աճող միգրացիայից բխող մարտահրավերների առկայությունը և դրա վերահսկման նպատակով հաղորդակցության ապահովման անհրաժեշտությունը:
Քարտուղարը ներկայացրել է Հայաստանի ոստիկանության ոլորտում իրականացվող բարեփոխողումների ընթացքը և շնորհակալություն հայտնել պարոն Լանչինսկասին դրա հայեցակարգի մշակման մեջ նրա անձնական ներդրման համար:
Այս համատեքստում կողմերը կարևորել են ՀՀ ոստիկանության և ԼՀ Ներքին գործերի նախարարության միջև զարգացող համագործակցությունը: Լիտվական կողմը նաև հայտնել է իր պատրաստակամության մասին՝ կիսվելու հայկական կողմի հետ սահմանների կառավարման ոլորտում իր հարուստ փորձով: