«Կատարվածը հեգնող մարդկանց նպատակը հենց դա է՝, պատմեմ՝ ինչ է տեղի ունեցել, որ ձեռնարկեն միջոցներ՝ հանցագործությունը չբացահայտելու համար». Նիկոլայ Բաղդասարյան

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը հրաժարվում է ներկայացնել մանրամասներ՝ ինչպե՞ս և ի՞նչ հանգամանքներում են իրեն հեծանվով վրաերթի ենթարկել։ 

«Հարուցվել է քրեական գործ, առաջադրվել է մեղադրանք, ընթանում է նախաքննություն, իսկ նախաքննության գաղտնիությունը պարտավորված ենք պահպանել»,- «Մեդիալաբի» հետ զրույցում ասում է Բաղդասարյանը։

Պատգամավորին վրաերթի ենթարկած անձը Արթուր Ալեքսանյանն է՝ «Հայկական արժեքների պաշտպանության Կամք» հասարակական նախաձեռնության անդամ։ Նա մայիսի 14-ի ուշ գիշեր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ երկու ամսով կալանավորվել է։ 

Ալեքսանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի հատկանիշներով է՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ, կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ, բռնություն գործադրելու սպառնալիք տալը։ 

Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ Արթուր Ալեքսանյանը մայիսի 12-ին նախաձեռնության այլ անդամների հետ ակցիա է իրականացրել «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» ԵԽ կոնվենցիայի վավերացման դեմ, որի ընթացքում, հանդիպելով ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանին՝ նրանից պահանջել է դեմ քվեարկել կոնվենցիայի վավերացմանը: 

Ազգային ժողովի նիստի ավարտից հետո Արթուր Ալեքսանյանը Բաղրամյան պողոտայում հետապնդել է Նիկոլայ Բաղդասարյանին, և, պարզելով, որ նա կողմ է քվեարկել կոնվենցիայի վավերացմանը, տվել է սեռական բնույթի հայհոյանքներ և սպառնացել հաշվեհարդար տեսնել նրա հետ: 

Սակայն, Բաղդասարյանը զերծ մնալով մանրամասներին, նշում է, որ համաձայն չէ ընդդիմախոսների այն հայտարարություններին, որ ամենևին հիմքեր չկան ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածով մեղադրանք առաջադրելու․ 

«Սխալվում են բոլորը։ Մինչդատական վարույթը կավարտվի, գործը կմտնի դատարան, և բոլորս կներկայացնենք՝ ինչ է կատարվել։ Այդ ժամանակ հանրությունը կիմանա՝ ինչ է կատարվել իրականում»։

Հարցին՝ բավարարո՞ւմ է նախաքննության ընթացքը և այն, որ այդ հոդվածով մեղադրանք է առաջադրվել, պատգամավորը պատասխանեց, որ ինքը չի կարող ասել՝ բավարարո՞ւմ է, թե՞ ոչ, միայն ընդգծեց՝ չի բավարարում, երբ Հայաստանում նման դեպքեր են տեղի ունենում։

Պատգամավորը չպատասխանեց նաև հարցին՝ արդյոք նրա գործունեության դե՞մ է ուղղված եղել կատարվածը․ 

«Չեմ կարող ոչինչ ասել։ Ընթանում է նախաքննություն, ամբողջական քննություն կիրականացվի, հանգամանքները կբացահայտվեն, և հանցագործը հանրությանը հայտնի կդառնա։ Ես չեմ կարող ոչինչ մեկնաբանել։ Ներկայացրել եմ բոլոր փաստերը նախաքննական մարմնին, և նախաքննական մարմինն էլ գնացել է դրա հետքերով, հիմա սխա՞լ են մեղադրանք առաջադրել, թե՞ ճիշտ՝ ես գնահատական չեմ կարող տալ»։

Մեր դիտարկմանը, թե նրա նախկին գործընկերների՝ շատ փաստաբանների կարծիքով՝ նախաքննական մարմինը արջի ծառայություն է մատուցել պատգամավորին ու ընդհանրապես իշխանություններին՝ նման հոդվածով քրեական գործ հարուցելով, Բաղդասարյանն արձագանքեց․ 

«Ոչ միայն այս գործով, այլև ընդհանրապես, իմ գործընկերներին խորհուրդ եմ տալիս՝ երբ գնահատական եք տալիս, պետք է ծանոթանաք քրեական գործի նյութերին։ Իրենք ի՞նչ գիտեն՝ այդ քրեական գործում ինչ նյութեր ու ապացույցներ կան։ Միակ բանը, ինչին իրենք տեղյակ են, մի քանի լրատվամիջոցների, մի քանի ֆեյքերի հայտարարություններն են, որոնք ընդհանրապես աղերս չունեն իրականության հետ։ Ես մանրամասն ամեն ինչ պատմել եմ նախաքննական մարմնին և չեմ հանրայնացնի։ Կա նախաքննական գաղտնիք հասկացություն։ Ինձ հետ կատարվածը հեգնող մարդկանց նպատակը հենց դա է՝ բացատրեմ, պատմեմ՝ ինչ է տեղի ունեցել, որ ձեռնարկեն միջոցներ՝ հանցագործությունը չբացահայտելու համար։ Բայց ես, ունենալով երկար տարիների փաստաբանական աշխատանքի փորձ, ժողովրդական լեզվով ասած՝ կուտը ուտո՞ղ եմ։ Իհարկե ոչ»։

Նիկոլայ Բաղդասարյանի ներկայացմամբ՝ այժմ իր համար կարևորն այն է, որ ընթանա օբյեկտիվ, անաչառ նախաքննություն, և ինքն ամենևին չի պատրաստվում արձագանքել իր հասցեին ընդդիմախոսների քննադատություններին։ 

«Ինձ համար այժմ կարևոր է հանցագործության բացահայտումը, և ես չեմ պատրաստվում որևէ մեկին արձագանքել, հակադարձել՝ պատմելով ճիշտը, կատարվածը։ Ոչ մի դեպքում նման գործերով չի կարելի հանրության հետ միասին քննություն կատարել։ Իմ երկար տարիների աշխատանքային փորձը ցույց է տվել, որ փաստերով ապացուցված գործերով հանրությունը փորձում է դատողություններ անել, ֆեյքերով վարկաբեկել մարդուն։ Կներեք, որ ես եմ զոհ դարձել»,- «Մեդիալաբին» ասում է նա։

Մեղադրյալ Արթուր Ալեքսանյանն ու նրա պաշտպանությունն իրականացնող փաստաբան Էմին Բեգլարյանը չեն ընդունում առաջադրված մեղադրանքը։ «Սա ապօրինի հետապնդում է»,- «Մեդիալաբին» ասում է փաստաբան Բեգլարյանը՝ հավելելով, որ պատրաստվում են մյուս շաբաթ բողոքարկել Ալեքսանյանին կալանավորելու որոշումը։

Նրա պնդմամբ՝ Ալեքսանյանին առաջադրված մեղադրանքն անօրինական է նաև այն պարզ պատճառով, որ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածով պատգամավորը չի համարվում իշխանության ներկայացուցիչ։ Նկատենք՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «Իշխանության ներկայացուցիչ է համարվում պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում ծառայող այն անձը, ով ծառայողական ենթակայության տակ չգտնվող անձանց նկատմամբ սահմանված կարգով օժտված է կարգադրիչ լիազորություններով»: 

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am