Հայաստանում չի եղել որևէ ընտրություն, որտեղ Քոչարյանի նման առաջնորդը հաղթել է. Ալեն Սիմոնյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը

– Պարո՛ն Սիմոնյան, այսօր Կառավարության նիստում վարչապետի պաշտոնակատարը նշել էր, որ այս պահին Հայաստանում պատվաստված է ընդամենը 2690 մարդ, ինչը խայտառակ ցածր ցուցանիշ է: Նա նաև անդրադարձել էր պատվաստումների դեմ ուղղորդված արշավին, մանիպուլյացիաներին: Ինչպե՞ս եք գնահատում ստեղծված իրավիճակը և ինչպես եք մարդկանց իրազեկելու, համոզելու, որ պատվաստվեն:

– Ես ինքս վաղը պատրաստվում եմ գնալ ու պատվաստվել, ինձ հետ կտանեմ նաև ընտանիքիս անդամներին: Ես կարծում եմ, որ մարդիկ պետք է գիտակից գտնվեն: Այսօր ամբողջ աշխարհը զբաղված է այդ խնդրով, և պետք է շատ արագ պատվաստվել, որովհետև նաև հնարավոր է, որ երեք տարի ժամանակով այլ երկրներ այցելելն անհնար լինի առանց պատվաստվելու:

Ըստ էության, ՀՀ քաղաքացիները չեն կարողանալու ճանապարհորդել, մեկնել արտագնա աշխատանքի կամ որևէ այլ նպատակով լքել երկրի տարածքը, եթե պատվաստված չլինեն: 

– Ի՞նչ քայլեր պետք է անի իշխանությունը պատվաստումների գործընթացն արդյունավետ կազմակերպելու համար, մանիպուլյացիաներին, հակապատվաստումային արշավին դիմակայելու համար:

– Չեմ կարող ասել, դա ավելի շատ առողջապահության նախարարության և կառավարության տիրույթում է: 

– Ընդհանրապես, կեղծ լուրերի դեմ իշխանությունն ինչպե՞ս պետք է պայքարի, միայն պատվաստումների մասին չէ խոսքը, վերջերս կեղծ լուր տարածվեց Սոսիների պուրակի հետ կապված, հետո պարզվեց՝ այդպես չէ: 

– Ամբողջ աշխարհը հիմա այդ ֆեյք նյուզի խնդիրն ունի, շատ դժվար է դրա դեմ պայքարելը: Օրինակ՝ անձամբ իմ մասին ամեն Աստծո օր առնվազն երեք նոր տեղեկություն եմ լսում, որոնք իրականության հետ ոչ մի աղերս չունեն: Էլ չգիտեմ՝ հերքեմ, թե չհերքեմ, որը՝ հերքեմ, որը՝ արհամարհեմ: Անկեղծ ասած, չգիտեմ: Մարդկանց այն վիճակի են հասցրել, որ նրանք էլ որևէ բանի չեն հավատում: Նույնիսկ եթե վաղը որևէ մեկը մի վատ բան անի, այնքան շատ է այդ բացասական ինֆորմացիան, որ այլևս իրական տեղեկատվությանը չեն հավատալու: 

– Իսկ դրանց հեղինակներին ինչպե՞ս պետք է պատժել:

– Ես փորձում եմ ինչ-որ բան անել, այս պահին շրջանառության մեջ է ֆեյքերի մասին օրենքը, այն գտնվում է կառավարությունում: Այդ նախագծով ֆեյքերի ցանց ունենալը, սուտ տեղեկություն, զրպարտություն, ատելություն տարածելը քրեականացվում են: Նաև անանուն աղբյուրներին հղում անելը նույնպես արգելվում է: Ես չգիտեմ՝ ինչ ճակատագիր կունենա այդ նախագիծը, չեմ բացառում, որ նախագահը նորից կորոշի, որ ինքը պետք է այն ուղարկի ՍԴ: 

Ես վստահ եմ, որ նման պարագայում ինքը նույնպես այդ կեղծ տեղեկությունների զոհն է դառնալու և հետագայում զղջալու է, որ նման քայլի է դիմել: Այս դեպքում միայն պետք է հույս ունենալ, որ ՍԴ-ն ոչ մի հակասահմանադրական բան դրա մեջ չի գտնի:

Զրպարտության և վիրավորանքի համար պատասխանատվությունը խստացնող օրենքն արդեն նախագահն ուղարկել է ՍԴ, տեսնենք, թե ՍԴ-ն ի՛նչ որոշում կկայացնի, որովհետև կոնկրետ ինձ համար աբսուրդ էր այդ օրենքը ՍԴ ուղարկելը, որովհետև իմ կողմից ընդամենը փոխվել էր պատասխանատվության չափը: 

– Ակնկալվում է, որ նախընտրական շրջանում ավելի է սաստկանալու կեղծ լուրերի հոսքը: Այդ դեպքում դա ինչպե՞ս եք կանխելու:

– Ես կարծում եմ, որ ոչ մեկի չի հաջողելու դա կանխել՝ ո՛չ Հայաստանի իշխանությանը, ո՛չ որևէ այլ երկրի իշխանության: Ցավոք, դա է իրականությունը, ոչ ոք չգիտի՝ ինչպես պայքարել դրա դեմ:

– Իսկ այս կեղծ, մանիպուլյացիոն լուրերը հասարակության վրա ազդեցություն չե՞ն ունենում:

– Ունենում են, բայց վճռորոշ դեր չեն խաղում: Դրա համար շատ ավելի երկար ժամանակ է պետք, և այդ ժամանակահատվածը չհերիքեց, որ, օրինակ՝ ինչ-որ նյութ ներարկել հասարակության ուղեղի մեջ: Այդ փորձերն արվեցին, արվեցին պատերազմի հետ կապված, իշխանության հետ կապված՝ իշխանության ներկայացուցիչներին տարբեր բաներ վերագրելով, բայց դրանք շատ կարճ կյանք ունեցան: Երկարաժամկետ կտրվածքով, եթե, ասենք, 3-4 տարի ասվի, թե Ալեն Սիմոնյանն օլիգարխ է, միգուցե հավատան, բայց մարդիկ տեսնում են իրականությունն իրենց աչքով, և այդ լուրի ազդեցությունը կարճ է տևում: 

– Իշխանությունն այս ամեն ինչում մեղքի բաժին չունի՞: Նկատի ունեմ, որ այս երեք տարիների ընթացքում չկարողացաք կանխել կեղծ ու մանիպուլյացիոն լուրերը, պատասխանատվության ենթարկվողներ գրեթե չեղան:

– Որևէ երկրում որևէ իշխանություն չի կարողանում դրա դեմ պայքարել, ես չգիտեմ՝ ի՞նչ պետք է աներ ՀՀ իշխանությունը: Միշտ գալիս են մարդիկ, որոնք փորձում են խոսել խոսքի ազատության մասին և դրանով կեղծ լուրերի դեմ պայքարի դեմն առնել: Այդ եզրը շատ բարակ է, և դրանով էլ հենց մանիպուլացնում են:

Ես համացանցում տեսնում եմ, որ լրագրողները սեռական բնույթի հայհոյանքներով նյութեր են տեղադրում, լրատվական կայքերը սեռական բնույթի հայհոյանքներով վերնագրեր են տեղադրում:

Լրագրողներն իրենց էջերում անձնական վիրավորանքներ են հասցնում քաղաքական գործիչներին և համարում, որ իրենք լրագրող են, այնինչ այդքանից հետո իրենք որևէ կապ չունեն լրագրության հետ: Հիմա, եթե այդ լրագրողին կանչեն, ասեն՝ ինչո՞ւ ես սեռական բնույթի հայհոյանք գրում, կասի՝ խոսքի ազատություն է, իր էջն է, ինչ ուզում, անում է:

Այստեղ հասարակության անելիքն է, որ պետք է մերժի այդպիսի մարդկանց: Հիմա, օրինակ, կան կվազի կլոուններ, որոնց վճարում են, թեման ուղարկում են, նրանք էլ թեման ճոխացնելով, լայվ են անում, ստատուսներ են գրում և վարկաբեկում քաղաքական գործիչներին:

Այսինքն՝ քաղաքական գործչին վերագրում են ինչ-որ բաներ, հետո իրար մեջ խոսում են, ասում են՝ իմացա՞ք, էսինչը իր եթերում սենց բան ասեց, որ էսինչը էսինչ է, ու դա դառնում է մինի սերիալ, որը համ վա՛տ ճաշակ է, հա՛մ վատ դաստիարակություն է, հա՛մ վատ ինտելեկտի վառ ապացույց: 

– Այս ընտրություններից ի՞նչ ակնկալիք ունեք: Ի վերջո, ա՞յլ որակի խորհրդարան ենք ունենալու, որտեղ այլ քաղաքական ուժեր ևս կլինեն: Մասնավորապես, Ռոբերտ Քոչարյանը հայտարարում է, որ կրելու է, որ ընտրությունները լինելու են իր ու իշխող ուժի միջև:

– Ես արդեն ասել եմ, որ Քոչարյանը երբեք չի կրել ոչ մի ընտրություն: Հայաստանում չի եղել որևէ ընտրություն, որտեղ Քոչարյանի նման առաջնորդը հաղթել է: Էլ չեմ ասում, որ էդ Քոչարյանն է մտածում, թե ինքը կարևոր խաղացող է՝ զուտ իր նախկին կենսագրության վրա հենվելով, որ ինքը զբաղեցրել է նախագահի պաշտոնը: Բայց ես ձեզ վստահեցնում եմ, որ հիմնական պայքարը գնալու է իշխանության և խորհրդարանական ընդդիմության, մասնավորապես, ԲՀԿ-ի միջև: 

Եթե ինձ հարցնեն, թե ո՛րն է մեր կարևոր մարտահրավերը այս ընտրություններում, դա չգիտեմ՝ Արթուր Վանեցյանը չէ, Քոչարյանը չէ, Գագիկ Ծառուկյանը չէ, այլ այն մարդիկ են, որոնք ասում են՝ չենք գնալու ընտրությունների: Բոլոր հարցումներում նրանք մեծ թիվ են կազմում: Սա է մեր հիմնական մարտահրավերը: Իսկ մնացած ուժերն իրենք են անուններ հնչեցնում, թե իրենք կարևոր են, որ լուրջ թիմ ունեն: Ասում են, որ, ասենք, ես իրեն հակադարձեմ, ինքն ինձ հակադարձի: 

Մանե Հարությունյան

MediaLab.am