ՀՀ-ն ՄԻԵԴ վճիռներով իր քաղաքացիներին շուրջ 570 000 եվրո փոխհատուցում է տվել

ՀՀ-ն ՄԻԵԴ վճիռներով իր քաղաքացիներին շուրջ 570 000 եվրո փոխհատուցում է տվել
ՀՀ-ն ՄԻԵԴ վճիռներով իր քաղաքացիներին շուրջ 570 000 եվրո փոխհատուցում է տվել

«Փաստինֆո»-Ընդդեմ Հայաստանի Հանրապետության՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայացրած վճիռներով առ այսօր Հայաստանի իշխանությունները քաղաքացիներին վճարել են շուրջ 570 000 եվրոյին համարժեք դրամ: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց Արդարադատության նախարարության Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ կապերի վարչության պետ Արտյոմ Սեդրակյանը:

«Այն վճիռներով, որոնցով ՀՀ-ի կողմից խախտում է արձանագրվել, քաղաքացիների կողմից պահանջվել է շուրջ 16 մլն եվրոյին համարժեք փոխհատուցում»,- ասաց նա` հավելելով, որ թեև ԵԴ-ն բավարարել է միայն շուրջ 570 000 եվրոյի պահանջը, բայց սա ևս ՀՀ-ի նման երկրի համար բավական մեծ գումար է:

Ի դեպ, այս գումարը գոյացել է ընդհանուր առմամբ 49 վճիռների բավարարման արդյունքում: Իսկ փոխհատուցման ամենամեծ չափը, որը ԵԴ-ն պարտադրել է ՀՀ-ին վճարել իր քաղաքացիներին, եղել է 120 000 եվրոյին համարժեք դրամ:

Արտյոմ Սեդրակյանը համեմատության համար բերեց մի շարք երկրների օրինակներ, որտեղ ԵԴ վճիռներով փոխհատուցված գործերի գումարները կազմել են մի քանի միլիոն եվրոյին համարժեք ազգային արժույթ:

«Ուրախությամբ կարող եմ ասել, որ այս պահի դրությամբ մենք չունենք թեկուզ 1 դրամ, որ չի փոխհատուցվել քաղաքացիներին` ԵԴ վճիռներով»,- ասաց մեր զրուցակիցը:

Ինչ վերաբերում է ընդդեմ ՀՀ-ի ԵԴ կայացրած վերջին` «Մինասյանն ընդդեմ ՀՀ-ի» գործով վճռով նախատեսված 6030 եվրո փոխհատուցմանը, ապա Արտյոմ Սեդրակյանը վստահեցրեց, որ այդ գումարը ևս դիմումատուին կհասնի սահմանված ժամկետում:

Հիշեցնենք՝ օգոստոսի 28-ի նիստում ՀՀ կառավարությունը Արդարադատության նախարարությանը բյուջեից 6030 եվրոին համարժեք դրամ հատկացրեց` ՄԻԵԴ-ի վճռով նախատեսված փոխհատուցումը Վարդան Մինասյանին վճարելու համար:

Հիշեցնենք՝ գործը վերաբերում էր 40-ամյա Վարդան Մինասյանի նկատմամբ 2009թ. կիրառված անօրինական կալանքին։

Վարդան Մինասյանի նկատմամբ դատարանի որոշմամբ կիրառված նախնական կալանքը գործի նախաքննության ընթացքում երկարաձգվել էր 7 անգամ: Սակայն կալանքի ժամկետը լրանալուց հետո, մինչ գործը կուղարկվեր դատարան, Վարդան Մինասյանն օրեր շարունակ մնացել է անօրինական կալանքի տակ:

 2014 թվականի ապրիլի 8-ին ԵԴ-ն, խախտում արձանագրելով, ՀՀ-ին պարտավորեցրել է վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո երեք ամսվա ընթացքում Վարդան Մինասյանին վճարել 6030 եվրո, որի 6000-ը՝ որպես ոչ նյութական վնասի, իսկ 30 եվրոն՝ որպես ծախսերի ու ծախքերի փոխհատուցում:

ԵԴ վճիռն օրինական ուժի մեջ է մտել հուլիսի 8-ին: Հետևաբար, այդ գումարը Վարդան Մինասյանը պետք է ստանա ոչ ուշ քան մինչև հոկտեմբերի 8-ը:

«Վերջերս մենք կապվել են քաղաքացու լիազոր ներկայացուցչի` փաստաբանի հետ, որպեսզի նա ներկայացնի դիմում և իր բանկային տվյալները, որի հիման վրա մենք կապահովենք վճարումը: Ես կարծում եմ, որ այս ամսվա ընթացքում, համենայնդեպս շատ ավելի շուտ, քան վերջնաժամկետն է, մենք կունենանք այդ վճարի փոխհատուցումը»,- վստահեցրեց Արդարադատության նախարարության Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ կապերի վարչության պետ Արտյոմ Սեդրակյանը:

Հեղինակ: «Փաստինֆո»