«Միլանի սուպերմարկետներում խուճապն առաջին օրերին էր, երբ Իտալիայում սկսեց արագ աճել կորոնավիրուսով վարակվածների թիվը». Անահիտ Առաքելյանը՝ Իտալիայի պայքարի մասին

«Սոցիալական մեդիան կարդում եմ և զարմանում, թե ինչքան ուռճացված է ամեն ինչ ներկայացվում Միլանի մասին։ Տեղական մի քանի վստահելի նորությունների հարթակները փաստեր են արձանագրում, բայց այդ փաստերը վերածվում են սարսափելի վերնագրերի սոցիալական մեդիայում և միջազգային լուրերում, նաև՝ Հայաստանում: Առհասարակ տարբեր լրատվամիջոցներ շատ տարբեր փաստեր են ներկայացնում՝ չճշտված կամ չուղղված»,- ասում է Անահիտ Առաքելյանը, որը այժմ ուսումնառության նպատակով բնակվում է Իտալիայի երկրորդ խոշոր քաղաքի՝ Միլանի Պորտա Վենեցիա կոչվող կենտրոնական տարածքում:

Անահիտն ասում է, որ չի կարող ժխտել իրավիճակի բարդությունը, բայց նաև անիմաստ է համարում չափազանցություններն ու խուճապը, որոնք հիմնված են, օրինակ՝ մի դատարկ փողոցի կամ մի դատարկ սուպերմարկետի կամ դիմակ կրող մարդկանց նկարների վրա։

Պատմում է, որ իր բնակված Պորտա Վենեցիա տարածքում շատ կան խանութներ, սրճարաններ և սուպերմարկետներ, որտեղ հիմա մարդկանց մուտքը քիչ է. 

«Բայց ամեն դեպքում փողոցները դատարկ չեն, ինչպես նկարագրվում է նորություններում։ Հանրային տրանսպորտը (հատկապես մետրոն) բավականաչափ դատարկ է, դե, փակ տարածք է, մարդիկ խուսափում են օգտվել։ Բայց պատկերացրեք՝ այդ դատարկության պատճառով բավական ապահով է դարձել»:

Անահիտն ասում է, որ փետրվարի 22-ին (շաբաթ) համալսարանից իրենց տեղեկացրել են, որ փետրվարի 24-ից մինչև մարտի 1-ը համալսարանը փակ է լինելու կորոնավիրուսի պատճառով։ 

«Այսպիսով, սկզբում փակվեցին համալսարանները, հաջորդիվ՝ դպրոցները, ապա՝ թանգարանները՝ հետագա տարածումը կանխարգելելու նպատակով։ Հանրային վայրերի փակումը բնականաբար նույնպես խուճապ առաջացրեց։ 

Շատերը սկսեցին սուպերմարկետներից սննդի պաշար հավաքել։ Չնայած սրան, խանութներում որևէ տեսակի սննդի պակաս չկա, ամեն օր առավոտյան լցնում են, պարզապես կեսօրին նպարեղենն ու ջուրն են վերջանում կամ սննդի այն տեսակները, որոնք երկար կարելի է պահել։ 

Ես երկու-երեք անգամ գնացել եմ սուպերմարկետ, ամեն ինչ տեղում է եղել, նպարեղեն (ավելի շուտ՝ մեկ տուփ պաստա) ես էլ եմ գնել։ Մեկ տուփ, քանի որ վստահ եմ, որ մեկ շաբաթ անց ևս կկարողանամ գնել։

Միլանի սուպերմարկետներում խուճապն առաջին օրերին էր, երբ արագ կերպով սկսեց աճել վարակվածների թիվը այլ քաղաքներում, բայց ոչ Միլանում»։ 

Անահիտն ասում է, որ ինքը դուրս է գալիս տանից, փողոցում դիմակ չի կրում, կրում է փակ տարածք մտնելիս, չնայած վստահ է. «Կորոնավիրուսը դիմակից թույլտվություն չի հարցնելու, այն էլ՝ էդ բարակ դիմակից:

Ավելի կարևոր է ձեռքերի մաքրությունը պահպանել, ձեռքերը լվանալ ջրի տակ՝ երկար պահելով, սպիրտով կարելի է լվացվել կամ պահել սպիրտային գելը պայուսակում, փողոցում աչքերին կամ քիթ-բերանի հատվածին ձեռքերով չկպնել, ինչպես նաև վիտամիններով հարուստ սնունդ օգտագործել իմունիտետի պահպանման ու լավացման համար։

Այսքանն է կարևոր, ես էլ պարզապես հետևում եմ այս ամենին»,- նշում է նա և հավելում՝ Իտալիայում ՀՀ դեսպանատան հետ կապ չի հաստատել, քանի որ կարիքը չի զգացել:

Նոր տեսակի կորոնավիրուսը անցյալ տարի դեկտեմբերին Չինաստանի Հուբեյ նահանգի Ուհան քաղաքում է բռնկվել՝ աստիճանաբար տարածվելով նաև երկրի սահմաններից դուրս:

Նոր կորոնավիրուսի բռնկումը ԱՀԿ-ի արտակարգ իրավիճակների կոմիտեի կողմից ճանաչվել է արտակարգ իրավիճակ հանրային առողջապահության ոլորտում:

Փետրվարի 24-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Հեբրեյեսուսը հայտարարեց, որ նոր կորոնավիրուսի բռնկումը դեռևս պանդեմիա չէ (համաշխարհային համաճարակ), սակայն պանդեմիայի վերածվելու «միտումներ ունի»: 

Ըստ worldometers.info-ի՝ փետրվարի 28-ի տվյալներով, կորոնավիրուսով հիվանդանալու դեպքերը ամբողջ աշխարհում կազմել է 83.726, մահացել է 2859 մարդ, առողջացել են 36.712-ը: 

Հարևան Իրանում գրանցվել են 245 հիվանդության դեպք, 26 մահ, բուժվել են 54-ը: 

Իտալիայում գրանցվել է 655 հիվանդության դեպք, մահացել է 17 մարդ, բուժվել են 45-ը: 

Անահիտը խորհուրդ է տալիս Իտալիայում «անխուճապ» փաստերին ծանոթ լինելու համար հետևել հավաստի աղբյուրների. Իտալիայի առողջապահության նախարարության Ֆեյսբուքի էջին (Ministero della Sallute), La Reppublica թերթին:

«Իսկ եթե ուզում եք տեսնել, թե ինչպես է Միլանն աստիճանաբար վերականգնում իր սովորական ռիթմը, կարող եք հետևել #forzamilano#milanononsiferma հաշթագներին»,- նշում է նա:

Նա նշում է, որ այսօր արդեն Միլանի քաղաքապետը խոսում է հանրային վայրերը աստիճանաբար վերաբացելու մասին։ «Փետրվարի 27-ի տվյալներով՝ Դուոմոն երկուշաբթի օրվանից բաց կլինի զբոսաշրջիկների համար։ Մուտքը կլինի սահմանափակ, և տոմսերը հնարավոր է միայն ձեռք բերել օնլայն տաբերակով, քանի որ տոմսարկղերը փակ կլինեն»,- նշում է նա։

Արփինե Արզումանյան

MediaLab.am