Տարին ամփոփենք լավ լուրով՝ բարի լուրերի ակնկալիքով

Այս տարին իրապես ծանր ու բարդ էր բոլորիս համար՝ դժվարություններով, ցավագին կորուստներով ու հիասթափություններով լեցուն։ Սակայն ուզում ենք տարին ավարտել դրական լուրով:

Հավանաբար հիշում եք, որ մեր նյութերից մեկի հերոսը՝ Արցախյան պատերազմի մասնակից Գևորգ Ավագյանը, փնտրում էր իրեն նամակ ուղարկած աղջկան։ 

«Մեդիալաբում» հրապարակված հոդվածի շնորհիվ Գևորգին հաջողվեց գտնել իրեն առաջնագիծ ջերմ խոսքեր ուղարկած աղջկան։ 

Այսօր արդեն Գևորգը նամակ-շնորհակալություն էր հղել «Մեդիալաբին» և մեծ ուրախությամբ տեղեկացրել, որ իր ընտրյալի հետ, որին հաջողվեց գտնել հոդվածը հրապարակվելուց հետո, ընտանիք է կազմել։ 

Շատ ուրախ ենք այդ առթիվ և շնորհավորում ենք նրանց։

Չափազանց ծանրը և բազում մարտահրավերներով լի 2020 թվականը մոտենում է ավարտին։ Շատերը հույս ունեն, որ եկող 2021-ը կօգնի ամոքելու շատ վերքեր և առաջ նայելու։ 

Կիսվելով Գևորգի պատմությամբ՝ ուզում ենք, որ գալիք տարվա ընթացքում լավ լուրերը գերակշռեն։

«ՄեդիաԼաբը» Գևորգի ընտանիքին, մեր երկրին և մեզ բոլորիս մաղթում ենք խաղաղություն՝ հույս ունենալով, որ 2021 թվականը կլինի երջանկության, ձեռքբերումների, վերելքի տարի։

Կհանդիպենք 2021-ի հունվարի 4-ին։