Քանի՞ ժամանակավոր կացարան կա Հայաստանում․ աշխատանքային խումբը տվյալներ է հավաքագրում

Քանի՞ ժամանակավոր կացարան կա Հայաստանում․ աշխատանքային խումբը տվյալներ է հավաքագրում
Քանի՞ ժամանակավոր կացարան կա Հայաստանում․ աշխատանքային խումբը տվյալներ է հավաքագրում

Մայիսի 25-ին Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի և ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանի գլխավորությամբ անցկացվել է Շիրակի, Լոռու և Արագածոտնի մարզերի ժամանակավոր կացարանների հաշվառման աշխատանքային խմբի հերթական նիստը: 

Քաղաքաշինության պետական կոմիտեի աշխատակազմի բնակարանային ֆոնդի կառավարման և կոմունալ ենթակառուցվածքների վարչության պետ Տանյա Արզումանյանը ամփոփ ներկայացրեել է ժամանակավոր կացարանների հաշվառման տվյալները: Ըստ այդմ, ընդհանուր առմամբ, հավաքագրվել է 7231 ժամանակավոր կացարանի մասին տեղեկատվություն, որից 3520-ը՝ Շիրակի, 2790-ը՝ Լոռու և 910-ը Արագածոտնի մարզում: Ժամանակավոր կացարաններ ավելի շատ կան քաղաքային բնակավայրերում, ընդհանուր թվի 68 տոկոսը: Ամենաշատը Գյումրիում է՝ 2871:

Բոլոր ծառայությունների համատեղ աշխատանքի արդյունքում հավաքագրված տվյալներից դեռ լրամշակման կարիք է զգացվում ոստիկանության ներկայացրած ցուցակներում, առավել մեծ խնդիր կա կադաստրի ցուցակներն ամբողջացնելու հարցում: 

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը լրագրողների հետ զրույցի ժամանակ նշել է, որ աշխատանքային խումբը բավական լուրջ հետազոտություն է կատարել, արդեն իսկ հնարավոր է ուրվագծել լուծման ուղիներ, որն էլ լինելու է կատարված աշխատանքների հանգուցալուծումը։

«Վարչապետի հանձնարարությամբ կներկայացնենք ոչ միայն թվային տվյալները, այլ նաև խնդրի լուծման հնարավոր տարբերակները, մեզ համար կարևորը՝ գտնել ճանապարհ այսքան երկար ժամանակ չլուծվող խնդրի լուծման համար»,- ասել է Վերմիշյանը: 

Նշենք, որ խումբն աշխատանքներն ըստ նախատեսվածի ավարտելու է հունիսի 30-ին, այդ ժամանակ ամփոփվելու են վերջնական տվյալները:

Այս մասին տեղեկացնում է Շիրակի մարզպետարանը։