«Ռուսների ու թուրքերի միջև տեղի է ունեցել որոշակի կոմպրոմիս հացահատիկի խնդրի հետ կապված, որի արդյունքը տեսանք Սոչիում». Ռուբեն Սաֆրաստյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը

– Պարո՛ն Սաֆրաստյան, Սոչիի եռակողմ հանդիպումից հետո թուրքական կողմն ակտիվ հեռախոսազանգեր կատարեց Ադրբեջանի, Ռուսաստանի Դաշնության բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Այդ հանդիպումից Թուրքիան գո՞հ է, երեկ էլ Էրդողանի խորհրդականն ասել է, թե Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում զգալի առաջընթաց կա, որ այն ժամանակ խանգարող հանգամանքը Լեռնային Ղարաբաղի հարցն էր, «հիմա այն չկա»։ Նկատո՞ւմ եք այդ առաջընթացը։

– Եռակողմ հանդիպումից հետո, այո՛, տեղի ունեցան հեռախոսազրույցներ Ռուսաստանի ու Թուրքիայի արտգործնախարարների ու նախագահների միջև, որոնցում քննարկվել են նաև եռակողմ հանդիպման արդյունքները։ Հստակ չենք կարող իմանալ, թե ինչ են քննարկել այդ հեռախոսազանգերի ժամանակ, բայց ես կարծում եմ, որ թուրքական կողմը հասկանում է, որ այդ հանդիպումների ընթացքում այն արդյունքը, որը ձևակերպվեց փաստաթղթում, երկու երկրների միջև հարցի կարգավորման առումով իհարկե ոչ մի առաջխաղացում չի նախատեսում։ Այսինքն՝ դա ընդհանուր հայտարարություն էր, որում հնարավորություններ կան, բայց կոնկրետ որոշում չկա։

Թուրքական կողմին գոհացնում է այն, որ Ռուսաստանին չհաջողվեց ստիպել Ադրբեջանին որոշ զիջումների գնալ։ Նաև չպետք է մոռանալ, որ նույն օրերին տեղի էր ունենում հացահատիկի գործարքի հետ կապված մեծ իրադարձություն, ու պատահական չէր, որ այդ խնդիրները քննարկվում էին այդ հեռախոսազանգերի ժամանակ։

Այսինքն՝ իմ ընկալմամբ, հացահատիկի խնդրի հետ կապված տեղի է ունեցել որոշակի կոմպրոմիս ռուսների ու թուրքերի միջև, որի արդյունքը մենք տեսանք, ու այդ շրջանակներում քննարկվել է նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների խնդիրը։ Այդ որոշակի կոմպրոմիսը, որը ձեռք է բերվել, կարծում եմ այն է, որ Սոչիիում տեղի ունեցածը ոչ մի վտանգ չի ներկայացնում Թուրքիայի ու Ադրբեջանի շահերի համար, ու դրա համար Թուրքիան գոհունակություն է հայտնում։

– Եթե չլիներ ուկրաինական ճգնաժամը, կարծում եք՝ Ռուսաստանը կկարողանա՞ր ստիպել կամ համոզել Ադրբեջանին, որ իր համար ձեռնտու կետերն արձանագրվեին այդ փաստաթղթում։

– Ռուսաստանի համար կարևոր է, որ խաղաղապահ ուժերն Արցախում հնարավորինս երկար մնան, որ Ադրբեջանը գրավոր իր համաձայնությունը տա, մինչև հիմա չի տվել, համաձայնությունը բանավոր է, իսկ դրա համար պետք է Լեռնային Ղարաբաղի խնդրի հետաձգում, ոչ թե լուծում, այլ կարգավիճակի կարգավորման հետաձգում։ Սա ներկայումս բխում է նաև Հայաստանի շահերից։

Բայց Ռուսաստանը չի կարողացել համոզել Ադրբեջանին ընդունել այդ պայմանները, որովհետև, ճիշտ եք ասում, Ուկրաինան թուլացրել է Ռուսաստանին, բայց նաև հիմա Ռուսաստանի և Թուրքիայի շահերը շատ հարցերում համընկնում են, թեև, իմ համոզմամբ, իրենք շարունակում են մնալ հակառակորդ աշխարհաքաղաքական, աշխարհառազմավարական առումով, որովհետև հակադիր շահեր ունեն։ Այս երկու հանգամանքն է, որ Ռուսաստանին չի թողնում ավելի մեծ ճնշում գործադրել Ադրբեջանի վրա։

Այս փուլի համար սա Թուրքիայի համար լավ արդյունք է, բայց, միևնույն է, Թուրքիան կշարունակի ճնշում գործադրել Հայաստանի վրա՝ Արցախի, «Զանգեզուրի միջանցքի» հետ կապված պահանջներն իրականացնելու համար: Մյուս կողմից էլ՝ կա նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման այլ տարբերակ, որը, որքանով կարող ենք դատել հրապարակումներից, չի ենթադրում Արցախի հարցի կարգավորման հետաձգում, այլ պահանջում է, որ միանգամից լուծվի՝ հօգուտ Ադրբեջանի։ Թուրքիան ու Ադրբեջանն էլ իհարկե կշարունակեն ճնշել Հայաստանին, որ այս տարբերակն ընտրի։

– Պարո՛ն Սաֆրաստյան, այդ եռակողմ հանդիպումից հետո կարծիքներ հնչեցին, թե կողմերը հեռու են ինչպես խաղաղության պայմանագրի կնքումից, այնպես էլ սահմանազատման ու սահմանագծման գործընթացից, սակայն նոյեմբերի 3-ին կայացած պետական սահմանի սահմանազատման հանձնաժողովի երրորդ նիստի ժամանակ գործընթացն արագացնելու պայմանավորվածություն է ձեռք բերվել: Հնարավորություն տեսնո՞ւմ եք, որ կողմերը մինչև տարեվերջ այդ գործընթացն ու նաև դրան զուգահեռ խաղաղության պայմանագիրն ավարտին կհասցնեն, և վաշինգտոնյան հանդիպումից ի՞նչ ակնկալիքներ կարելի է ունենալ։

– Իմ կարծիքով՝ շատ կարևոր հանգամանք է այն, որ ադրբեջանական զորքերը Հայաստանի տարածքում են գտնվում, ու դա շատ ռեալ խոչընդոտ է, որ բոլոր բանակցությունները իրական ընթացք ստանան, եթե Հայաստանը շարունակի պնդել իր դիրքորոշումը։

Այսինքն՝ ինչպե՞ս կարելի է խաղաղության պայմանագրի մասին բանակցել ու պայմանագիր կնքել, երբ հակառակորդի զորքերը քո տարածքում են, կամ դելիմիտացիա ու դեմարկացիա իրականացնել՝ իրական, այլ ոչ թե քննարկումների մակարդակում, երբ քո տարածքն արդեն գրավված է։ Սա բանալի է, ու քանի դեռ ադրբեջանական զորքերը չեն հեռացել Հայաստանի տարածքից, որևէ բանակցություն չի կարող ռեալ արդյունք տալ՝ խաղաղության պայմանագիր կնքելու առումով։

– Իսկ Թուրքիայից եկող հայտարարությունները, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում կա առաջընթաց, խանգարող հանգամանքներ չկան, իսկապե՞ս այդպես է, թե՞ սա թուրքական դիվանագիտության դրսևորումներից է։

– Էլի շատ դժվար հարց եք տալիս, որովհետև ինֆորմացիա չունենք, բայց դատելով մեր տարածաշրջանում արտատարածաշրջանային խաղացողների միջև տեղի ունեցող զարգացումներից՝ Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունների հաստատումը դնում է այդ քննարկումների սեղանին, մասնավորապես, ԱՄՆ-ի հետ, ավելի շուտ՝ առևտրի սեղանին, որովհետև ԱՄՆ-ն ի սկզբանե կողմ է եղել, որ հայ-թուրքական հարաբերությունները կարգավորվեն։

Թուրքիան շատ լավ իմանալով այդ մասին՝ հարաբերությունների կարգավորման հարցը դնում է այդ ընդհանուր խաղի կամ առևտրի սեղանին, որը գնում է։ Սրանով է պայմանավորված, որ Թուրքիան նման հայտարարություն է անում, իհարկե Հայաստանն էլ է շահագրգռված այդ կարգավորմամբ։ Այդ բոլոր հայտարարությունները ես այս ընդհանուր խաղի մեջ եմ դիտարկում, որն ընթանում է, ու արդյունքները դեռ հայտնի չեն։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am