Ինչու՞ Զոլյանին պաշտոնանկ արեցին. իրավապաշտպանի համոզմամբ ռեկտորը կաշառք չի վերցրել, քաղաքականությամբ էլ չի զբաղվել

Ինչու՞ Զոլյանին պաշտոնանկ արեցին. իրավապաշտպանի համոզմամբ ռեկտորը կաշառք չի վերցրել, քաղաքականությամբ էլ չի զբաղվել
Ինչու՞ Զոլյանին պաշտոնանկ արեցին. իրավապաշտպանի համոզմամբ ռեկտորը կաշառք չի վերցրել, քաղաքականությամբ էլ չի զբաղվել

«Հայաստանի Հելսինկյան կոմիտեի» նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը կարծում է, որ իշխանություններին դուր չի եկել, որ «Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանը» քաղաքականացված չէ ու հնարավոր չէ օգտագործել նախըտրական շրջանում վերջինսիս ռեսուրսները: Դա է հիմնական պատճառը, իրավապաշտպանի կարծիքով, որի համար ռեկտոր Սուրեն Զոլյանին այսօր աշխատանքից ազատել են:

Հիշեցնենք, որ «Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության գործադիր մարմնի ղեկավար` ռեկտոր Ս. Զոլյանի լիազորությունները այսօր դադարեցվեցին ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով:

Աշոտյանը այդ լուրը հրապարակեց իր Ֆեյսբուքի անձնական պատին, որպես հաղթանակի նշան, ըստ երեւույթին ապացուցելու համար, որ վերջին երկու շաբաթվա ընթացքում իզուր չէր սուր նկատողություններ տալիս ռեկտորին ու կարգապահական վարույթ սահմանում նրա նկատմամաբ:

«Երբ Զոլյանը նկատողություն ստացավ ու սկսվեց այդ հաջորդական մեղադրանքների շարքը նախարարության կողմից, իմ մեջ կասկած առաջացավ, որ նրան ուզում են հեռացնել իր պաշտոնից ու փաստորեն այդպես էլ ստացվեց»,- «Մեդիալաբին» ասում է Իշխանյանը:

Նա նշում է, որ մյուս պետական հաստատությունները նախընտրական շրջանում քաղականացված են, իսկ Բրյուսովի համալսարանը ոչ միայն հեռու է մնացել միշտ այդ ամենից, այլ նաեւ ամենաչկոռումպացվածն է համարում, որտեղ կա «կայուն ժամանակակից ուսումնական մեթոդիկա»:

«Ինձ համար հարցական է նաեւ որքանով է իրավաչափ, որ նախարարն է նրան ազատում իր պաշտոնից»,- հարց է բարձրացնում Իշխանյանը:

Ֆեյսբուքում գտնվող նույն բուհի ուսանողները արդեն բողոք արտահայտող մեկնաբանություններ գրում՝ քննադատելով նախարարի որոշումը:

«Ոչ մեկս էլ չենք ուզում որ ինքը դուրս գա, ես արդեն երրորդ կուրսի ուսանող եմ, ու ոչ մի թյուր բան չեմ նկատել իմ ռեկտորի պահվածքի մեջ: Հետո ես գիտեմ դեպքեր, որ ուսանողները կաշառք են առաջարկել, բայց ռեկտորն ու ղեկավարությունը չի ընդունել, ու այդ ուսանողները դուրս են մնացել պարզապես համալսարանից»,- «Մեդիալաբին» ասում է ուսանողուհի 20-ամյա Սիրան Վանյանը:

Պաշտոնանկ անելու որոշումից առաջ համալսարանում անցկացվել է գիտական խորհրդի ընդլայնված արտահերթ նիստ ԿԳՆ նախարարության կողմից 12.04.2012թ. կազմված ԵՊԼՀ-ի նկատմամբ իրականացված վերահսկողության արդյունքների մասին ակտը քննարկելու համար:

Արմեն Աշոտյանը, ինչպես նաեւ նախարարության ոչ մի ներկայացուցիչ չի եկել արտահերթ նիստին՝ չլսելով բուհի ներկայացրած տվյալները, ինչպես և միշտ է արել, քանի որ չի պատասխանել նախկինում բուհի կողմից ներկայացրած եւ ոչ մի փաստարկի:

Բուհի պրոռեկտոր Գոհար Ավետիսյանը նշել է, որ իրականությանը չեն համապատասխանում այն տվյալները, թե բուհը գոյություն չունեցող մասնագիտություններով դիպլոմներ է տվել ուսանողներին՝ ներկայացնելով փաստացի ապացույցներ:

Բուհի աշխատակիցները համոզված են, որ այլ նկատողությունների տեսակետից այս ակտը պարզապես ստորակետի կամ վերջակետի ուղղելու նման մի բան է եղել:

«Հարգում եմ Ս. Զոլյանի մասնագիտական կարողություններն ու վաստակը, ցավում եմ իր անվայելուչ ու հայ մտավորականին ոչ հարիր պահվածքի համար,-հայտարարել է Արմեն Աշոտյանը,-հարցը չունի քաղաքական ենթատեքստ: Սակայն որոշ քաղաքական շրջանակներ և քաղաքականացված և ուղղորդված ԶԼՄ-ներ փորձում են շահարկել այն:Ինձ համար չկան արտոնյալ պայմաններում աշխատող մարդիկ: Կան պետություն, օրենքներ, ՀՀ քաղաքացիներ»:

Իր հերթին, Սուրեն Զոլյանը նախարար Աշոտյանին հորդորել է շարժվել «օրենքի տառին համաձայն»:

© Medialab.am