Սյունիքում կոռուպցիոն քրեական գործերով 83%-ով ավելացել են դատի տրված, 30%-ով՝ դատավճռով մեղավոր ճանաչված անձինք

Սյունիքում կոռուպցիոն քրեական գործերով  83%-ով ավելացել են դատի տրված, 30%-ով՝ դատավճռով մեղավոր ճանաչված անձինք
Սյունիքում կոռուպցիոն քրեական գործերով 83%-ով ավելացել են դատի տրված, 30%-ով՝ դատավճռով մեղավոր ճանաչված անձինք

2019 թվականի 1-ին կիսամյակում ՀՀ Սյունիքի մարզի դատախազության դատախազների դատավարական հսկողության կամ ղեկավարման ներքո ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության և ենթակա ստորաբաժանումների վարույթում գտնվել է նույն ժամանակահատվածում հարուցված կոռուպցիոն բնույթի 18 քրեական գործ:

Հատկանշական է, որ դրանցից 11-ը կամ 61 տոկոսը հարուցվել են ֆիզիկական կամ իրավաբանական անձանց հաղորդումների հիման վրա, 7-ը կամ 39 տոկոսը՝ հետաքննության մարմնի, քննիչի, դատախազի, դատարանի, դատավորի կողմից՝ իրենց լիազորություններն իրականացնելու արդյունքում: Այս տվյալները փաստում են, որ Սյունիքի մարզի բնակչությունը շարունակում է ակտիվ նախաձեռնողականություն ցուցաբերել կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման հարցում:

Հայտնաբերված կոռուպցիոն դեպքերից 11-ն արձանագրվել են տեղական ինքնակառավարման և պետական կառավարման,  4-ը՝ սոցիալական ապահովության և 1-ական՝ կրթության, անտառների պահպանության և ջրօգտագործման ոլորտներում:

Նույն ժամանակահատվածում քրեական հետապնդման մարմինների վարույթում քննվել են կոռուպցիոն բնույթի 38 քրեական գործեր՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 31-ի փոխարեն: Նշված 38 գործերով քրեական հետապնդման է ենթարկվել 21 անձ, այդ թվում՝ Սյունիքի մարզի մի շարք համայնքների /Վերիշեն, Օխտար, Ներքին Խնձորեսկ, Մեղրի/  ղեկվարներ, «Կապանի կոմունալ ծառայություն» ՀՈԱ կազմակերպության տնօրեն, «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲ ընկերության ծառայող, Սիսիանի, Մեղրիի և Գորիսի սոցիալական աջակցության տարածքային գործակալության մասնագետներներ, «Հայփոստ» ՓԲ ընկերության աշխատակից և  այլն:

Առավել շոշափելի արդյունքներ են արձանագրվել քրեական պատասխանատվության ապահովման, մեղադրական դատավճիռների կայացման առումով: Մասնավորապես, եթե նախորդ տարվա առաջին կիսամյակում դատարան է ուղարկվել կոռուպցիոն բնույթի 5 գործ՝ 6 անձի վերաբերյալ, ապա 2019թ. նույն ընթացքում՝ 7 քրեական գործ (40 տոկոսով ավելի)՝ 11 անձի (83.3 տոկոսով ավելի) վերաբերյալ։ Ընդ որում՝ եթե 2018թ. նշված ժամանակահատվածում նույն ընթացքում դատարանում քննվել և մեղադրական դատավճռով ավարտվել են նշված բնույթի 3 քրեական գործ՝ 10 անձի վերաբերյալ, ապա այս տարվա առաջին վեց ամիսներին՝ 9 գործ՝ (3 անգամ ավելի) 13 անձի (30 տոկոսով ավելի) վերաբերյալ:

2019 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ դեպքերով ավարտված նյութերով և քրեական գործերով պետությանը պատճառված վնասը կազմել է 7.8մլն ՀՀ դրամ, որից արդեն իսկ վերականգնվել է 2.411.250 ՀՀ  դրամը։ Նշենք, որ 2018 թվականի առաջին կիսամյակում հարուցված քրեական գործերով բացահայտված՝ պետությանը պատճառված վնասը կազմել է 6.8մլն ՀՀ դրամ, որից այդ ընթացքում վերականգնվել է 1.8մլն ՀՀ դրամը:

Նշված կոռուպցիոն բնույթի քրեական գործերով հանցանքի կատարմանը նպաստող հանգամանքների վերացման նպատակով Սյունիքի մարզի դատախազի կողմից ՀՀ Սյունիքի մարզպետին ներկայացվել է 2 միջնորդագիր:

Միջնորդագրերից մեկում բարձրացված հարցերը քննարկվել են ՀՀ Սյունիքի մարզպետարանի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումների և մարզպետարանի սոցիալական աջակցության տարածքային գործակալության պետերի մասնակցությամբ, վերջիններիս ուշադրությունն է հրավիրվել արձանագրված խախտումների և քաղաքացիներրի հետ հարաբերություններում աշխատակիցների անթույլատրելի վարքագծի վրա և խստագույն պահանջ  ներկայացվել՝ հետագայում այդպիսի վաքագիծը բացառելու համար, իսկ մյուս միջնորդագրի քննարկումն ընթացքի մեջ է:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ դատախազությունից