«Կորոնավիրուսն աշխարհում հանրային իմունային շերտ առաջանալու արդյունքում է նվազում, և մենք հիմա այդ փուլում ենք». Արարատ Մկրտչյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է առողջապահության նախկին նախարար Արարատ Մկրտչյանը

– Պարո՛ն Մկրտչյան, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ եթե կորոնավիրուսի տարածումն այս տեմպերով տեղի ունենա, ապա մայիսի վերջին կունենանք 10 հազար հաստատված դեպք, իսկ արդեն հունիսի 12-ին՝ 20 հազար։ Սրան զուգահեռ Կառավարությունը գնում է սահմանափակումները թուլացնելու ճանապարհով, ի՞նչ սպասել առաջիկայում։

– Ես քայլերը ճիշտ եմ համարում։ Որոշ սահմանափակումներ էին սահմանված մեր երկրում, ինչը լավագույնս իրականացվեց, դա առողջապահության համակարգը կոլապսի մեջ չգցելն էր, որպեսզի համակարգում հնարավոր լիներ կառավարել պրոցեսները, մասնավորապես, բուժական օգնություն կազմակերպելու և գերծանրաբեռնվածությունից զերծ մնալու տեսանկյունից։ Կարծես թե կարողացանք դրան հասնել։

Երկրորդ՝ տնտեսական լրջագույն ծախսեր արվեցին՝ հյուրանոցներում առանց սիմպտոմների մարդկանց պահելու համար։ Բայց դա անսահման հնարավոր չէ իրականացնել, և երբ օջախների թիվը շատ է մեծանում, այդ դեպքում օջախային վերահսկման ու համաճարակաբանական պրոցեսի էլեմենտները դառնում են արդեն անիմաստ։

Երրորդ՝ տնտեսությունն էլ չպետք է կոլապսի ենթարկենք։ Ես բազմիցս ասել եմ, որ առողջապահական և տնտեսական խնդիրները պետք է համակշռված լինեն, որովհետև նույն այդ առողջապահությանը վաղն էլ են ֆինանսական միջոցներ պետք լինելու՝ օնկոլոգիական, սիրտանոթային հիվանդություններով մարդկանց բուժելու համար և այլն։

Այսինքն՝ առողջապահական համակարգի խնդիրները չի կարելի դնել մի կողմ, և ամբողջ համակարգը զբաղվի միայն այս հիվանդության խնդիրներով։

Հաջորդ գործոնը միջազգային փորձի խնդիրն է։ Մենք այն ժամանակահատվածում ծանոթանում էինք, թե այս հարուցիչն ինչպե՛ս էր պահում իրեն, ի՛նչ առանձնահատկություններ ունի, մեր մոտեցումներն էինք հստակեցնում։ Մենք որոշ չափով արդեն ծանոթ ենք այդ վիրուսին և կարողանում ենք նոր որոշումներ կայացնել, մասնավորապես, ազատականացնել սահմանափակումները տնտեսության, սոցիալական և այլ ոլորտներում։

Առողջապահության նախարարը հայտարարեց, որ առանց ախտանշանների ու թեթև դեպքերը տնային պայմաններում կբուժվեն, այդ մարդիկ այլևս չեն տեղափոխվի հիվանդանոցներ ու հյուրանոցներ։ Ինչպե՞ս եք գնահատում այս քայլը։

– Ռազմավարական տեսանկյունից կարելի էր ավելի շուտ սկսել նշաններ չունեցող վարակակիրների և թույլ արտահայտված ախտանշաններով հիվանդների վերահսկման ու բուժական խնդիրները տեղափոխել առաջնային բուժօգնության համակարգ։

Բայց հիմա էլ ուշ չէ, սա շատ ճիշտ քայլ է՝ արված նախարարության կողմից։ Նախարարի պարզաբանումները հստակ էին այս առումով։ Եվ առաջնային բուժօգնության օղակն ինքը պետք է զբաղվի այդ դեպքերով։ Թեթև ընթացքով, երիտասարդ ու ուղեկցող հիվանդություններ չունեցող անձինք շատ հանգիստ կարող են տանը բուժվել։ Հիվանդանոցային մահճակալների 70 տոկոսը զբաղված էր այդ հիվանդներով։

Եթե իրականություն դառնա վատատեսական սցենարը, հունիսի կեսին վարակված անձանց թիվը հասնի 20 հազարի, առողջապահության համակարգն ի վիճակի՞ է սպասարկել այդ դեպքերը։

– Այդ 20 հազարից ծանր հիվանդ կլինեն 500-ը, որոնք հիվանդանոցային բուժման կարիք կունենան։ Համակարգն ամբողջությամբ կարող է այդ խնդիրները լուծել, այստեղ պրոբլեմ չկա։ Բայց ավելորդ ծանրաբեռնվածություն է, երբ ախտանշաններ չունեցող անձանց 14 օր տանում ու պահում են հիվանդանոցներում։ Այս քայլով ռազմավարական փոփոխություն ու հստակություն են տեղի ունեցել, կրկնում եմ՝ երկու շաբաթ առաջ կարելի էր սա սկսել։

Սա միայն մեր օրինակը չէ, այս ճանապարհով անցել են բոլոր եվրոպական երկրները, որտեղ հիվանդացության ու մահացության ցուցանիշները անգամներով բարձր են։ Մասնավորապես, խոսքը Իտալիայի, Իսպանիայի, ԱՄՆ-ի մասին է։

Ոչ ոքի մոտ հարց չի՞ առաջանում՝ այդ ի՞նչ արեցին այդ երկրներում, որ հիվանդության հայտնաբերման ու հիվանդացության ցուցանիշներն սկսեցին նվազել։ Նրանք արգելափակումներ շատ ուշ մտցրեցին, դրա համար Իտալիայում ու Իսպանիայում ունեցանք ծանր շոկային իրավիճակներ առողջապահության համակարգերում։

Մեզ մոտ հանդարտ արեցին, և առողջապահության համակարգը փաստորեն կարողացավ դիմակայել։ Հիմա այդ երկրներն էլ են փոխել ռազմավարությունները՝ թույլ ու աննշան դեպքերը տանն են բուժվում։ Եվ ամենակարևորը՝ հանրային անընկալության շերտ առաջացավ։ Թե՛ ԱՄՆ-ում, թե՛ եվրոպական երկրներում մենք տեսնում ենք հիվանդացության դեպքերի աստիճանական նվազում։

Մեզ մոտ ե՞րբ կարող է լինել հիվանդացության նվազում, արդյոք սա պի՞կն է, թե՞ դեռ էլի աճ է սպասվում։

– Մի փոքր բարդ հարց է, թե երբ կլինի պիկը։ Օրինակ՝ Ռուսաստանում իրենք հասան օրական մոտ 10 հազար հայտնաբերումների մակարդակի, և արդեն երրորդն օրն է՝ սկսել է նվազել հայտնաբերումը։ Ես ուզում եմ շեշտել, որ սա վարակակրության իրական պատկերը չէ։ Իրական պատկերը անգամներով շատ է։ Եթե բոլորին հետազոտենք, իրականում 300-400 հազար վարակակիր կունենանք։ Հարուցիչը տարածվում է հասարակության մեջ, և մարդիկ ոտքի վրա տանում են, ապաքինվում։

– Եվ դրա շնորհիվ բնական իմունիզացիա՞ է ձևավորվում։

– Հանրային անընկալության շերտը հենց հանրային իմունային շերտի առաջացումն է։ Մյուս երկրները փորձը դա է ցույց տալիս, որ դրա շնորհիվ են թվերը նվազում։ Ոչ մի տեղ հրաշք տեղի չի ունեցել, իմունիտետ առաջանալու հետևանքով է նվազել, այլ բացատրություն չի կարող լինել։

Ուստի մենք հիմա այդ փուլում ենք, որ այդ շերտն սկսում է առաջանալ։ Ուղղակի այստեղ մենք պետք է բարձրացնենք տարիքով մարդկանց զգոնության խնդիրը։

Պետք է նրանք փորձեն մեկուսացված մնալ տանը, հնարավորինս դուրս չգան, դուրս գալու դեպքում էլ պահպանեն սոցիալական հեռավորությունը, դիմակներ կրեն։ Լավ կլինի հանրային վայրեր այցելելուց հնարավորինս զերծ մնան սիրտանոթային, օնկոլոգիական հիվանդություններ, շաքարային դիաբետ ունեցող անձինք, որպեսզի ծանր դեպքեր չունենանք։

Իսկ առողջ ու երիտասարդ հասարակությունը չպետք է խուսափի շփումներից՝ իհարկե պահպանելով անվտանգության տարրական կանոնները։ Այսինքն՝ մենք բոլորս միասին մեկ խնդիր ենք լուծում՝ հնարավորինս բացառել տարեցների ու ծանր հիվանդների վարակումը՝ բայց միաժամանակ ստեղծելով հանրային անընկալության շերտ։

Պիկին հասել ենք, թե ոչ՝ դժվար է ասել, բայց երևի էլ ավելի դեպքեր չունենանք։ Օրական 1000-1200 թեստ դնելով՝ չեմ կարծում հաստատված օրական դեպքերի թիվը 350-400-ից անցնի։ Հետազոտությունների մեկ երրորդը կարող են դրական լինել, այն էլ՝ ոչ ամեն օր։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am