«Հետաքրքիր զարգացումներ կան. մեզ համար բացառիկ նշանակություն ունի Իրանը, որի առաջարկը շատ ուշագրավ է». Լեւոն Շիրինյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ, քաղաքագետ Լևոն Շիրինյանը

– Պարո՛ն Շիրինյան, Հայաստանում անցկացվեց ԵԱՏՄ գագաթնաժողովը, որին, բացի ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարներից, մասնակցեցին նաև Իրանի նախագահն ու Սինգապուրի վարչապետը։ Ի՞նչ նշանակություն ուներ Հայաստանի համար այս միջոցառման անցկացումը։

– Եթե Հայաստանը կարողանա այդ կառույցի հնարավորություններն օգտագործել, բնականաբար, բավական օգուտներ կունենա։ Բայց մենք տեսել ենք, որ տարիներ շարունակ, բացի խոսակցություններից, առանձնապես քայլեր չեն եղել։ Բայց այս անգամ հետաքրքիր զարգացումներ կան, նկատի ունեմ Իրանի ու Սինգապուրի ներգրավումը։

Մեզ համար բացառիկ նշանակություն ունի Իրանը, որի առաջարկը շատ ուշագրավ է, որ նա կարող է իր տարածքով Հայաստանի հաղորդակցությունն ապահովել Պարսից ծոցի երկրների, Հնդկական օվկիանոսի հետ և հակառակը։ Դա Հայաստանի աշխարհաքաղաքական ռազմավարության մեջ արմատական բարելավում կարող է մտցնել։ Բայց այստեղ առաջ է գալիս մեկ հարց՝ մեր երկաթուղին, որը 1921 թվականին Ռուսաստանը վերցրել ու նվիրել է Ադրբեջանին՝ Նախիջևանով, գործունակ չէ այսօր։ Եվ երկրորդ՝ երրորդ հանրապետության շրջանում մեր ներքին երկաթգծերը կողոպտվել ու գրեթե ոչնչացվել են։

Ինչո՛ւ եմ շեշտում երկաթուղին, որովհետև դա կարող է ապահովել հաղորդակցության շարժը։ Սա նշանակում է, որ մենք Իրանից եկած ուղեձը կարող ենք հասկանալ հետևյալ կերպ՝ բերեք այս հարցը կարգավորենք։ Այսինքն՝ Նախիջևանով երկաթուղին պետք է գործարկվի։ Քանի որ 2021 թվականի մարտին լրանում է մեր վզին փաթաթված ռուս-թուրքական պայմանագրի 100- ամյակը, կարծում եմ՝ իշխանությունները պետք է աշխատեն երկաթուղին բացելու ուղղությամբ։

Իսկ մեր ներքին երկաթուղու հարցը պետք է կարգավորվի, Ռուսաստանը պարտավորությունները պետք է կատարի, պատժվեն նրանք, ովքեր կողոպտել են, որպեսզի մենք լիարժեք գործենք։ Նաև ճանապարհների հարցն է առաջ գալիս։ Այսինքն՝ առաջարկը շատ հեռանկարային է։ Հիմա կարող ենք ոչինչ չանել, չստացվի, հետո ասենք՝ սուտ կառույց էր։ Բայց եթե մենք նախաձեռնում ենք, հաջողություն կլինի, իսկ վարչապետի ելույթներից զգացվում է, որ մենք նախաձեռնում ենք։

– Իրանի նախագահը Հայաստանում անցկացված այս գագաթնաժողովի ժամանակ կոշտ քննադատության ենթարկեց ԱՄՆ իշխանություններին՝ Իրանի նկատմամբ պատժամիջոցների համար։ Դա որևէ հետևանք կարո՞ղ է ունենալ Հայաստանի համար։

– Դա ոչ մի նշանակություն չունի, մենք չենք կարող համաժողովի մասնակից մարդկանց ասել, թե ինչ խոսեն։ Նրանք իրար հետ հարցեր ունեն։ Այստեղ ուրիշ հարց կա։ Եթե մենք լինեինք շատ ավելի կազմակերպված պետություն, սերժա-ռոբերտական ռեժիմն իր չինովնիկներով մնացած չլիներ, մենք հիմա կարող ենք նաև միջնորդի ֆունկցիա ստանձնել, ինչը չափազանց կարևոր է պետության համար։

Երևանում էին հավաքվել նրանք, ովքեր աշխարհում մեծ հարցեր ունեն, այստեղ մեր դերը արժևորվում է։ Դա շատ լավ է, և մենք կարող ենք այդ ֆունկցիան կատարել։ Տեսաք՝ Ռուսաստանը ոնց է օգտվում մեր միջնորդական առաքելության հնարավորություններից։ Հայաստանը պատուհան ու կապող օղակ են դիտարկում։ Ես այսպես կասեի՝ հարթակ, որտեղ տեղի են ունենում հանդիպումներ, գործարքներ և շահերի հաշտեցում։ Դա գեոստրատեգիական իրավիճակ է։ 

– Այսինքն՝ կարո՞ղ ենք ասել, որ Հայաստանն ամրապնդում է իր դիրքերը։ 

– Շատ ճիշտ եք, Հայաստանն ամրապնդում է իր դիրքերը։ Սա նշանակում է, որ մյուս հակառակորդներին կամ մրցակիցներին պարտադրվում է Հայաստանի հետ մտնել հարաբերությունների մեջ՝ մնացած հարցերը լուծելու համար։ Եթե ամփոփենք, կստացվի, որ Հայաստանը դուրս է գալիս գեոստրատեգիական շարժիչ համարվող հարթություն, ինչը շատ լավ է։ Եվ սա գիտե՞ք ինչի հետ է կապված՝ իշխանության լեգիտիմության հետ գործ ունենք։ Մարդիկ չեն հասկանում, որ ոչ լեգիտիմ իշխանությունը խաղալիք է լինում։ Հիմա իշխանությունը լեգիտիմ է, անկախ քաղաքական կուրս է վարում, և կարծես դա ընդունվում է։

– Նախքան Ռուսաստանի նախագահի այցը Հայաստան, տեղեկություններ կային, թե Պուտինը բանտում կհանդիպի Ռոբերտ Քոչարյանին։ Բայց դա տեղի չունեցավ։ Փոխարենն այս այցի ընթացքում Պուտինը երկու առանձին հանդիպում ունեցավ Նիկոլ Փաշինյանի հետ։ Ինչպե՞ս եք գնահատում հայ-ռուսական հարաբերությունների ներկայիս մակարդակը։

– Հիշենք այն ոռնոցը, որ Պուտինը պետք է գար Քոչարյանի մոտ, նաև ասում էին՝ կգա՞-չի՞ գա։ Թավշյա հեղափոխության վերաբերյալ ռուսաստանյան լրատվամիջոցներում թշնամանք ու տհաճություն կային։ Այդ գողապետության պարագլուխների նկատմամբ ինչ հարգանք ու վերաբերմունք կար։ Նրանց լրատվամիջոցները, «քաղաքագետները» գիշեր-ցերեկ աղետ էին կանխատեսում, բայց կյանքն ի՛նչ ցույց տվեց։

Պուտինը եկավ պետական այցով, չայցելեց Ռոբերտին։ Կնոջն էլ ընդունեց քաղաքավարությունից ելնելով, ժամանակին իրար հետ կերել-խմել են։ Այսինքն՝ եթե երկիրն ունի ինքնիշխանության, սուվերենության բարձր աստիճան, և լեգիտիմ իշխանություն է, ժողովրդի կամքով ձևավորված, օտար պետության այդ դիրքորոշումը դառնում է բնական։ Այնպես որ, կարող ենք ասել, որ սա թավշյա հեղափոխության կոնկրետ արդյունքն է համաշխարհային քաղաքականության տեսանկյունից, որովհետև սա մեզ համար կարևոր ձեռնարկ է։ Հիմա՝ կօգտվե՞նք դրանից՝ այս հարցը միշտ կա։ Եթե չենք օգտվի, ոչ մի օգուտ էլ չի լինի։

Բայց տեսանք՝ նախաձեռնություն կա, մեր առաջարկները բազմաթիվ էին։ Սա նշանակում է, որ նոր շունչ է հաղորդվում։ Գուցե դիմացինների դուրն առանձնապես չի էլ գալիս, որ առաջարկում ենք, բայց տեսնում ենք, որ Հայաստանն առաջարկներ ունի, և նրանք չեն կարող ասել՝ մի՛ առաջարկեք, չենք անելու։ Եթե կառույց է, պետք է անենք, դա շատ լավ է։

Այսինքն՝ մի նոր գեոստրատեգիական շարժի մակարդակ է, և սա բերելու է նաև ներքին քաղաքականության ամրապնդման։ Փլվեց պուտինյան ֆոկուսը, այնպես էին ասում, կարծես Ռոբերտի պապան է։ Հիմա հույսները կկտրեն և կգնան դատարան։ Կարո՞ղ են՝ թող իրենց շահերը պաշտպանեն դատարանում, արդարադատությամբ հարցերը լուծեն։ Նաև հիշենք, որ սա Վանեցյանի տապալումից հետո է, Հայաստանը դեմքը ցույց է տալիս՝ առողջ և ապագային նայող։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am