«Եթե դատաիրավական համակարգում 5 կամ 20 հոգու պատժեին, մյուսներն ուղիղ իրենց գործով կզբաղվեին». Սեդա Սաֆարյան

Լուսանկարը՝ «Ֆոտոլուր»

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է փաստաբան Սեդա Սաֆարյանը

Տիկի՛ն Սաֆարյան, վերջին օրերին նախկին որոշ պաշտոնյաների նկատմամբ քրեական գործեր են հարուցվում, նաև տարբեր գործիչներ են ձերբակալվում։ Ի՞նչ զարգացումներ են սրանք։ Իշխանությունները վերջին շրջանում հայտարարել էին, որ թավիշին վերջ են տալու։ Սա տեղավորվո՞ւմ է այդ տրամաբանության մեջ։

– Անկեղծ ասած, այս ձերբակալությունների իրավական հիմքի կամ ամբողջ ծավալի վերաբերյալ տեղեկություն չունեմ, բայց գիտեմ, որ շատերն արդեն իրենց չափերն անցել են և այնպիսի կոչեր են անում, որոնք ապակայունացնում են մթնոլորտը։ Եվ, վերջին հաշվով, իշխանության թավշյա մոտեցումն այս բոլոր հարցերին մեզ թույլ տվեց մտածելու, որ այս մարդիկ չեն հասկանում, միշտ բռնի ուժն ու կոշտությունը տեսել են և չեն կարողանում այս իրականության մեջ հարմարվել իրավիճակին։

Շատ հաճախ հենց հեռուստատեսությամբ տեսնում ենք, որ մարդկանց ագրեսիվությունը հասել է գագաթնակետին։ Եվ երբ այդ մարդիկ չեն պատժվում իրենց ագրեսիվ պահվածքի համար և հանցագործության հատկանիշներ պարունակող կոչեր են անում, ժողովրդի մոտ էլ է ստեղծվում այնպիսի տպավորություն, որ նման մարդիկ անպատիժ են մնում։

Ես այստեղ քաղաքական երանգ չեմ ուզում տեսնել, որովհետև տեսնում ենք, որ ինչ իրենք արել են՝ թե՛ ռազմի դաշտում, թե՛ ռազմի դաշտից դուրս, դրանք բոլորը փորձում են այլ անձանց վերագրել, ինչը խիստ անթույլատրելի պահվածք է։ Իսկ երբ ժողովուրդն այսպիսի բաներ է լսում ու տեսնում, որ իշխանությունը որևէ գնահատական չի տալիս այդ ամենին, մտածում է, որ երևի ճիշտն այն է, ինչ ներկայացնում են։ Հանրության վրա աշխատելով, հանրության հոգեվիճակի վրա լուրջ ներգործություն ունենալով՝ նրանք փորձում են առաջ տանել իրենց բիրտ քաղաքականությունը։ Այս տեսանկյունից ես գտնում եմ, որ ողջունելի է, որ անձանց արարքներին քրեաիրավական գնահատական է տրվում։

Բայց կա մյուս հարցը՝ դատարանները հաճախ կարծես ընդդիմանում են, այդ մարդկանց պատժելու կողմնակից չեն։ Մենք տեսնում ենք, որ տարբեր գործերով կա՛մ անձի ձերբակալությունն է ոչ իրավաչափ համարվում, կա՛մ կալանքի որոշումներ չեն տրվում։ Ինչպե՞ս հասնել իրական արդարադատության։

– Մենք արդեն ասել ենք, թե դատարաններն ինչ վիճակում են։ Մինչև տեսանելի, նկատելի դատաիրավական բարեփոխում չարվի երկրում, որևէ արդյունք չենք տեսնելու։ Սրանք բոլորը միմյանց պետք է լրացնեն, որպեսզի արդյունք ունենանք։ Եթե անգամ մի մարմին լավ աշխատի, մյուսն իր հետ հավասարազոր չաշխատի, էլի ունենալու ենք այն տխուր պատկերը, որը դուք որպես հարց ձևակերպեցիք։

Ես ինքս կալանքներ տալու առումով շատ կարևորում եմ անձի հասարակական վտանգավորության աստիճանը գնահատելը։ Բայց ես չեմ կարող ասել, թե կոնկրետ այս դեպքերում ինչո՞ւ դատարանները որոշեցին կալանք չտալ, ինչո՞ւ են դատարաններն այդքան հեռացել կալանք տալուց։ Մի տեսակ տպավորություն է, որ կալանքները տրվում են միայն աղքատներին, սոցիալական ցածր խավերին, գրավի հնարավորություն չունեցող մարդկանց, ինչը ևս սոցիալական անարդարության տեսանկյունից ակնառու է հասարակության մեջ։

Լավ կլինի, որ դատարանները սրա մասին խորհեն, որովհետև իրենց այս պահվածքով ցույց են տալիս, որ արդար դատաքննության սկզբունքը, հիմնավոր կասկածի մեկնաբանությունը կամ կալանքների հիմքերի գնահատումը դարձրել են օրենքի առաջ բոլորի հավասարության սկզբունքից դուրս։ Եվ փորձում են այս խնդիրները լուծել՝ անձանցով պայմանավորված։ 

Ես հասկանում եմ, որ այն մարդիկ, որոնք այսօր իշխանություն չեն, իրենց կապերը դեռևս չեն կտրել այդ նույն դատարանի կազմից և իրենց հնարավորություններն օգտագործում են։ Եվ շատ անթույլատրելի է վիճակ է, երբ հանրությունը գիտի, որ այդ մարդու արարքում լուրջ հանցանքի հատկանիշ, լուրջ վտանգ կա, բայց մարդուն կալանքի չեն տանում կամ տանում են, բայց դատարանները կալանք չեն տալիս։ Եվ այդ մարդը մնալով ազատության մեջ՝ հիմա ինքն իր կողքինների միջոցով է իր մտքերը փոխանցում, իր անելիքներն անում, հանցավոր պլանները մշակում, ինչը ունենում է ոչ ցանկալի հետևանք։

Ես նաև ցավում եմ այն ազնիվ իրավապահների համար, որոնք իրականում ջանք ու եռանդ չեն խնայում այս երկրում արդարությունը վերականգնելուն ուղղված գործողությունների առումով։ Բայց քանի որ իրենց գործընկերները դրանով չեն զբաղված, այլ ընդհակառակը՝ զբաղված են փորփրելով և քանդելով իրավապահ համակարգի հիմքերը՝ արդարությունը վերականգնելուն ուղղված գործողություններին դիմադրում են, հետևաբար, կա հակասություն հանրության մի խավի ու մյուս խավի միջև։

– Իշխանությունները 2,5 տարի ժամանակ ունեին՝ դատաիրավական համակարգում բարեփոխումներ անելու համար, ինչո՞ւ չարեցին։ 

– Այո՛, իշխանությունն ունեցել է կոշտ միջոցների կիրառման ժամանակ։ Պարտադիր չէ, որ դա բոլորի նկատմամբ կիրառվեր։ Մենք փոքր ազգ ենք, գիտենք, թե մեր դատական համակարգում ով ինչով է զբաղված։ Եվ ցանկալի կլիներ, որ դա նկատվեր, գնահատականներ տրվեին։ Եթե 5 կամ 20 հոգու պատժեին, մյուսները կհասկանային այդ պատժելիության սարսափը և ուղիղ իրենց գործով կզբաղվեին։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am