«Քաղաքացիական պայմանագիրը» ընտրակաշառքի մասին վկայող տեսանյութի համար խոստանում է 1000 դոլարին համարժեք 500 հազար դրամ պարգև. Փաշինյան. տեսանյութ

Աբսուրդ է, որ այսօր ընտրակաշառք բաժանելու մասին խոսակցությունները վերաբերում են ընդդիմությանը: Դուք լսե՞լ եք, որ իշխանությունից որևէ մեկն ընտրակաշառք է բաժանում, անկեղծ ասեք, խնդրում եմ:

Այսօր Ջերմուկում նախընտական քարոզարշավի ժամանակ հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը: Նա հիշեցրեց, որ ընտրակաշառքի գործով այս պահին 5 անձ կալանավորված է ու հավելեց.

«Մենք ընտրակաշառքների համար պատժաչափերն էականորեն ավելացրել ենք: 10 հոգի մեղադրյալի նկատմամբ այլ խափանման միջոց են ընտրել և ևս 40 հոգի գտնվում են կասկածյալի կարգավիճակում: Այսինքն՝ այս պահի դրությամբ ընտրակաշառքների գործով անցնող 55 հոգի ունենք, և իրավապահները առաջիկա օրերին մեզ բավականին առատ բերքահավաք են խոստանում:

Բայց ես ուզում եմ այդ բերքահավաքը ավելի առատ դարձնել և ուզում եմ այսպիսի հայտարարություն անել, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ընտրակաշառքի մասին վկայող ապացուցող տեսանյութի համար խոստանում է 1000 դոլարի համարժեք, 500 հազար դրամ պարգև:

Այն քաղաքացիներին, որոնք ընտրակաշառք տալու, ստանալու փորձ կնակարահանեն և երկրորդ՝ պետական կամ ոչ պետական հիմնարկների աշխատակիցների կողմից՝ ՏԻՄ-եր և այլն, կնկարահանեն, կփաստագրեն ընտրողի վրա ապօրինի ազդեցություն գործելու փորձը: Մենք այդ դեպքերում 500 հազար դրամ պարգեւ կտանք յուրաքանչյուր նման տեսագրության համար»: