Ռուսաստանը չի աջակցում Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի նախաձեռնությանը՝ Հորմուզի նեղուցում նավարկության ազատության վերաբերյալ գագաթնաժողով կազմակերպելու հարցում։ Այս մասին հայտարարել է ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն։
Նրա խոսքով՝ նախաձեռնությունը խաղաղ բնույթ չի կրում և ուղղված է Պարսից ծոցում ռազմական ներկայության մեծացմանը։
«Մենք տեսնում ենք, որ այս նախաձեռնությունն ուղղված է տվյալ պետությունների շահերին, առավել ևս՝ տարածաշրջանում ռազմական ներկայության ուժեղացմանը։ Դա մասնակցության փորձ է՝ միաժամանակ առաջ մղելով սեփական շահերը։ Մենք չենք աջակցում նման նախաձեռնություններին», – Ստամբուլում լրագրողների հետ զրույցում նշել է Մատվիենկոն։
Նա հավելել է, որ Ռուսաստանը դրական է վերաբերվում միջազգային իրավունքի վրա հիմնված և խաղաղ դիվանագիտական միջոցներով կարգավորմանն ուղղված բոլոր նախաձեռնություններին, սակայն Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի առաջարկը, նրա գնահատմամբ, այդ կատեգորիային չի պատկանում։
«Ռուսաստանը հանդես է գալիս միասնական, համընդհանուր և անբաժանելի անվտանգության օգտին, որը հավասար է բոլոր պետությունների համար», – ընդգծել է Դաշնության խորհրդի նախագահը։



















