Հայաստանում սոցիալական ճգնաժամ չկա. վարչապետը ներկայացրեց ցուցանիշներ

Վիճակագրական ցուցանիշները ցույց են տալիս, որ Հայաստանում սոցիալական ճգնաժամ տեղի չի ունեցել և չկա նման բան: Այդ մասին կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով կոնկրետ ցուցանիշներ:

Վարչապետը նախ նկատեց, որ համաճարակը սոցիալական ու տնտեսական էական վնասներ է պատճառել, բայց շատ կարևոր է գնահատել այդ վնասները: «Իհարկե, տնտեսական անկումների  ցուցանիշները հրապարակվում են, հայտնի են: Այստեղ մենք միշտ ունենում ենք խնդիր՝ ունենալ ճշգրիտ ինդիկատորներ, թե ինչ սոցիալական իրավիճակ է տիրում երկրում ու որքանով է այդ իրավիճակը սրվել: Կա՞ն ցուցանիշներ, որոնք կօգնեն հասկանալ, թե ինչ չափի սոցիալական վատթարացում է եղել երկրում: Կարծում եմ, որ ՀԴՄ-ներով առևտրի շրջանառության տվյալը կարող է այդ մասին վկայել, որովհետև մարդկանց կողմից արվող առևտրի մասին է: 2020 օգոստոսին 2019-ի օգոստոսի համեմատությամբ ՀԴՄ շրջանառությունը նվազել է  ընդամենը 2.5 տոկոսով: Ընդ որում, այս ցածր ցուցանիշին նոր ենք հասել, մարտից սկսած այդ ցուցանիշը բարձր էր, նվազում է: Այս թիվն ինքնին պետք է վկայի, որ այո, ունենք խնդիրներ, բայց սոցիալական կոլապս և սոցիալական ճգնաժամ չունենք»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այստեղ կարող է փաստարկ հնչել, որ նախորդ տարվա օգոստոսին շատ մարդիկ արտագնա աշխատանքի էին մեկնել, այս տարի չեն մեկնել, Հայաստանում են և ենթադրվում է, որ ինչ-որ առևտուր են անում: Բայց մյուս կողմից, վարչապետի խոսքով, այս տարի այստեղ չեն զբոսաշրջիկները, որոնք տրամաբանորեն շատ ավելի էին ծախսում ՀՀ տարածքում, քան տեղացիները: «Բացի այդ, չեն աշխատում թատրոնները, թանգարանները, Երևանի հյուրանոցներն ընդհանրապես դատարկ են: Այսինքն այս թվերը ցույց են տալիս, որ ՀՀ-ում սոցիալական ճգնաժամ տեղի չի ունեցել, չկա նման բան: Իհարկե, ակնհայտ է, որ կա սոցիալական վիճակի վատթարացում: Մենք տնտեսական աճը կորցրել ենք, հունվարին ու փետրվարին 9 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ ենք ունեցել»,- ասաց վարչապետը:

Նրա դիտարկմամբ, այս երկրում սոցիալական ճգնաժամ տեղի չի ունեցել նաև կառավարության քայլերի շնորհիվ, որովհետև հակաճգնաժամային ծրագրերի իրականացման շրջանում տնտեսություն է ներարկվել 163,4 մլրդ դրամ: