Ներքին Կարմիրաղբյուր գյուղում տրակտորն ընկել է ձորը. վարորդի վիճակը ծանր է

Հուլիսի 4-ին՝ ժամը 12:17-ին, Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ներքին Կարմիրաղբյուր գյուղում տրակտորն ընկել է ձորը․ կա արգելափակված քաղաքացի։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ֊փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տավուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Ներքին Կարմիրաղբյուրի հենակետի օպերատիվ խումբը։

Պարզվել է, որ Ներքին Կարմիրաղբյուր գյուղում տրակտորը շրջվել և մոտ 50 մ գլորվել է ձորը․ վարորդ Հ․ Վ․-ն  (ծնված 1957 թ․) արգելափակվել է տրակտորի խցիկում։

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել վարորդին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ տուժածը հոսպիտալացվել է Բերդի ԲԿ, այնուհետև տեղափոխվել է Երևանի «Նաիրի» ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր։