Մեր կողքին ապրող մարդիկ. Միչը

2014 թվականին Պետրոս Միչելը, որին կարճ ասում են Միչ, տեղափոխվեց Հայաստան Ավստրալիայից: 

– Հայերեն խոսո՞ւմ եք: 

– Մի քիչ,- համեստորեն ասում է Միչը, որի կինը հայ է,- մեր տան խոսել սիրողը կինս է, իսկ ինձ կարճ բառակապակցությունների իմացությունն էլ է հերիքում: 

2004 թվականին նրանք ամուսնացան մի փոքրիկ հայկական եկեղեցում՝ Ավստրալիայում: Մեկ տարի անց եկան Հայաստան Սոնյայի մորը տեսակցելու: 

– Ոտքս դրեցի այս հողին ու հասկացա՝ տանն եմ: Այս զգացողությունը ես չեմ ունեցել անգամ իմ հայրենիքում: 

– Իսկ ի՞նչ է տունը: 

– Մարդիկ, միանշանակ մարդիկ: Մեր երկրում ազգային ավանդույթներ կան, որոնք անչափ գեղեցիկ են: Տեսնո՞ւմ ես՝ ասում եմ՝ մեր երկրում, ուրեմն ես իսկապես տանն եմ: 

Միչը ոստիկան է եղել, բայց տարիներ շարունակ աշխատելով այդ համակարգում՝ հասկացել է, որ առողջապահության ոլորտում ավելի պիտանի կարող է լինել: Որոշ դասընթացներ անցնելուց հետո աշխատել է որպես բուժեղբայր մարդկանց հետ, որոնք վթարների, տարատեսակ հիվանդությունների հետևանքով գլխուղեղի լուրջ վնասվածքներ էին ստացել: 

– Մի օր մի կին եկավ իմ աշխատավայր, և ես անմիջապես զգայական մակարդակում հասկացա, որ նա շատ տարբերվում էր բոլորից: Խաչ էր կրում, ու երբ հարցրի՝ դու կաթոլի՞կ ես, ասաց՝ ես քրիստոնյա եմ Հայաստանից: Պարզվեց՝ այդ կինն իմ կինն էր դառնալու: 

Մի քանի անգամ Հայաստան գալ-գնալուց հետո, որոշեցին, որ ուզում են հենց այստեղ էլ ապրել: 2013 թվականին նա ասաց՝ Սո՛ն, ես արդեն լրջորեն մտածում եմ, որ ուզում եմ Հայաստան տեղափոխվել: Ավստրալիայում վարձով էին ապրում, իսկ Հայաստանում տուն գնեցին: Իր երկրում կենսաթոշակային ֆոնդը, որը հավաքվում է տարիների ընթացքում, կարելի է ձեռք բերել որոշակի տարիքում, բայց եթե որոշում ես կայացնում լքել երկիրը, այն միանգամից տրվում է: Այդպես էլ վերցրին ամեն բան ու եկան Հայաստան: 

Մշակութային շոկերից մեկը, որ զգաց մեր երկրում, այն էր, որ կարելի էր հենց այնպես, հանգիստ գնալ անծանոթի տուն ու դուրս գալ իբրև բարեկամներ: 

– Շատ օտարազգիներ, հատկապես տղամարդիկ, չեն գրկախառնվում հանդիպելիս, իսկ Հայաստանում հանդիպում ես անծանոթի, ծանոթանում, հետո գրկախառնվում սրտանց: Իմ կյանքում գրկախառնությունները շատ էին բացակայում: 

66-ամյա Միչը յութուբում իր հայկական փորձառության մասին պատմող ալիք ունի:

Քանի որ Հայաստանով շատ է ճանապարհորդում, նոր բացահայտումներ է անում ամեն քայլափոխի: Գյուղերում երեխաներն ուրիշ են, ու այս ասելիս Միչի աչքերը փայլում են: 

– Երևանում մի քիչ եսասեր ենք դառնում: Նայիր մեր երթևեկությանը ու կհասկանաս, թե ինչ ի նկատի ունեմ: Մենք մի տեսակ կորցնում ենք համայնքային մտածելակերպը, մեկը մյուսի մասին հոգ տանելու այդ սիրուն զգացողությունը: Գնացե՛ք գյուղեր, գնացե՛ք Վանաձոր, Գյումրի, Գորիս ու կտեսնեք, թե ինչ ուրիշ Հայաստան է: 

Լոռին ծայրից ծայր իր սիրելին է: Ալավերդուց մինչև Մարգահովիտ՝ անցնում են կնոջ հետ, սարեր են մագլցում, ծանոթանում ու ընկերանում, համտեսում հայկական խոհանոցի՝ մարզերին բնորոշ ու հատուկ ուտեստներ: 

– Ուզում ես իմանալ՝ պատրաստո՞ւմ եմ: Զավեշտալի հարց ես տալիս, ախր, իմ կինը հայ է, ու նա այնքան համեղ է պատրաստում, այնքան հաճույքով, որ ես չեմ հանդգնի ներխուժել խոհանոց, բացառությամբ թեթև նախաճաշեր պատրաստելը: 

2014-ից Հայաստանում շատ բան է փոխվել, մտածելակերպն է փոխվել ու միշտ չէ, որ լավ իմաստով: Ծուխն է շատացել, հատկապես դեռահասների շրջանում կարելի է տեսնել մարդկանց, որոնք ծխում են՝ վնասելով ոչ միայն ֆիզիկական առողջությունը, այլ նաև ուղիղ հարված հասցնելով մտքին: 

– Առաջ, երբ հասարակական տրանսպորտ էինք մտնում, երիտասարդները զիջում էին իրենց տեղը մեզ, չնայած ես այն ժամանակ այնքան մեծ չէի, ինչքան հիմա: Այժմ նրանք գլուխները շրջում են, չտեսնելու տալիս: Երևանը աներևակայելիորեն փոխվել է, ու, ցավալիորեն, «չտեսնելու տալու մշակույթ» է ձևավորվում: 

Երեք տարի առաջ Արմավիրի գյուղերից մեկում մի ընտանիքի հետ են ծանոթացել, որը ջերմոցներ ունի Ջրառատ գյուղում: Ծանոթներից մեկն էր կազմակերպել իրենց հանդիպումը: Երիտասարդ ընտանիքը երեք աղջիկ ունի, որոնք Միչին ու կնոջը պապիկ ու տատիկ են ասում: 

– Երբ ասում եմ՝ Հայաստանում անծանոթները բարեկամանում են մեկ վայրկյանում, հենց սա ի նկատի ունեմ: Ես ու Սոնյան երեխաներ չունենք, ու նրանց ջերմ, բացսիրտ վերաբերմունքը անգնահատելի է մեզ համար: 

Միչն այժմ աշխատում է պետական համակարգում, սփյուռքահայերին ծանոթացնում է Հայաստանի հնարավորություններին, օգնում ներդրումների համար հեռանկարներ գտնել: Հետաքրքիր է, չէ՞, օտարազգին այնքան լավ գիտի այս երկրի հեռանկարները, որ ծանոթացնում է հայերին: 

– Ես շատ եմ ասում՝ մենք, որովհետև ես ինձ ասոցացնում եմ հայերի հետ, Հայաստանի հետ: Այլ կերպ չեմ կարող մտածել ու հա, ես հայ եմ՝ թեև հայերեն չեմ խոսում: 

– Արի պատկերացնենք, որ ես օտարազգի եմ ու խնդրում եմ քեզ բնութագրել Հայաստանը, որ հասկանամ՝ այդ ինչի մասին է այս երկիրը: 

– Ես կասեմ՝ արի, եթե չգաս, չես իմանա այս երկիրը: Դու կարող ես կարդալ Հայաստանի մասին, կարող ես տեսանյութեր նայել, բայց մինչև չգաս, չշփվես մարդկանց հետ, չբացահայտես բնությունը, չես կարող սիրել այն, իսկ երբ սիրում ես, դժվարություններն էլ ես սիրում: Մի օտարազգի զույգ կա, որին ես այսպես եմ պատասխանել, ու նրանք մյուս ամիս տեղափոխվում են Գյումրի, որ այնտեղ ապրեն: 

Հայաստանը վայր է, որտեղ տխրություն կա, ամեն տեղ մի պատմություն կա, որ մտածելու տեղիք է տալիս: 44-օրյա պատերազմի ժամանակ նա տեսել է իսկական հային՝ համախմբված, միասնական, ու դա է իր իմացած իսկական հայը: Հայը լի է ուրախությամբ ու տխրությամբ. 

– Խնդրո՛ւմ եմ՝ եկեք չմոռանաք, որ մենք այն ազգն ենք, որն այդ օրերին ամեն վայրկյան միասնական է եղել: 

Կուշանե Չոբանյան

MediaLab.am