Քննարկվել են պաշտպանության ոլորտում կանանց ներգրավման և զինված ուժերում կանանց ներուժի արդյունավետ օգտագործմանն առնչվող հարցեր

ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի և ՊՆ առողջապահական, սոցիալական պաշտպանության և վետերանների հարցերով գլխավոր վարչության ներկայացուցիչները ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադի կին զինծառայողների հետ ապրիլի 23-ին անցկացրել են սեմինար-քննարկում ՄԱԿ-ի ԱԽ 1325 բանաձևի դրույթների, ազգային մակարդակում դրանց կյանքի կոչման կարևորության վերաբերյալ:

ՊՆ լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» N 1325 բանաձևի դրույթների իրականացման գործողությունների 2019-2021 թվականների ազգային ծրագրի իրականացման միջոցառումների շրջանակներում կազմակերպված սեմինարի ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում կանանց ներգրավման, նրանց համար հավասար հնարավորությունների ապահովման և զինված ուժերում կանանց ներուժի արդյունավետ օգտագործմանն առնչվող հարցեր:

«Կարևորվել է կանանց ներգրավումը խաղաղապահ առաքելություններում, անդրադարձ կատարվել զինված հակամարտությունների ընթացքում կանանց նկատմամբ բռնության կանխարգելման և բռնության ենթարկված կանանց պաշտպանության տրամադրման հարցերին: Կին զինծառայողները ներկայացրել են խաղաղապահ առաքելություններում իրենց ներգրավման փորձառությունը:

Նման քննարկումները կրում են պարբերական բնույթ և թիրախավորում զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող տարբեր հիմնահարցեր»,- նշվում է հաղորդագրության մեջ: