Սերժ Սարգսյան.Մենք ատելություն կամ վրեժ չենք քարոզում

Սերժ Սարգսյան.Մենք ատելություն կամ վրեժ չենք քարոզում
Սերժ Սարգսյան.Մենք ատելություն կամ վրեժ չենք քարոզում

Ի պատիվ աշխատանքային այցով Մարսելում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանի՝ երեկ երեկոյան Մարսելի քաղաքապետ Ժան-Կլոդ Գոդենի կողմից տրվել է ընդունելություն, որին մասնակցել են նաև տեղի հայ համայնքի ներկայացուցիչներ:

Ընդունելության ժամանակ նախագահ Սարգսյանը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, անդրադարձել Հայոց ցեղասպանությանը:

Ելույթում նա նշել է, որ Հայաստանը թույլ չի տա մոռացության մատնել Մեծ եղեռնը:

«Հայ ժողովրդի յուրաքանչյուր ներկայացուցիչ, որտեղ էլ նա լինի` Հայաստանում, Արցախում կամ Սփյուռքում, պահանջում է արդարություն: Մենք ատելություն կամ վրեժ չենք քարոզում, որքան էլ Հայոց ցեղասպանության մեծ ողբերգությունն ուրացողները փորձում են մեզ ուղղորդել և դրդել այդ կողմը: Նրանք պարզապես մեզ թերագնահատում են:

Մենք այնքան ուժեղ էինք, որ կարողացանք վերապրել Մեծ Եղեռնը, և ոչ պակաս ուժ ունենք, որպեսզի պահանջենք արդարություն: Մեր նախնիներին իրենց հայրենիքում ոչնչացնելուց հետո Հայոց ցեղասպանության վերջին փուլն այդ ահավոր հանցագործության մասին հիշողության ոչնչացումն է: Բայց մենք միասնական ենք և երբեք դա թույլ չենք տա:

Մեզ հետ է առաջավոր մարդկությունը, և քաղաքապետի ելույթից, նաև վերջին իրադարձություններից շատ հստակ երևաց, թե ինչպիսի դիրքորոշում ունի Ֆրանսիան և ֆրանսիական ժողովուրդը: Ես ուզում եմ իմ հայրենակիցներին հավաստիացնել, որ Ֆրանսիայի նախագահ պարոն Նիկոլա Սարկոզիի վերջին այցը Երևան, իրոք, պատմական այց էր, և աշխարհի որևէ երկրի ղեկավար մեր ժողովրդի ցավերի՝ կապված հենց հայ-թուրքական հարաբերությունների հետ, ցեղասպանության հետ, որևէ մեկն այդպիսի խոսքեր չէր արտաբերել երբեք, և մենք ուղղակի պետք է երախտապարտ լինենք այս չքնաղ երկրի իմաստուն նախագահին:

Մենք վստահ ենք, որ Թուրքիան պետք է ապաշխարի: Դա ո՛չ նախապայման է, ո՛չ էլ վրեժխնդրությանը հագուրդ տալու ձգտում: Թուրքիան պետք է առերեսվի իր պատմության հետ: Երբևէ Թուրքիայի ղեկավարությունը կարող է ուժ գտնել և վերարժևորել իր մոտեցումները Հայոց ցեղասպանության հանդեպ:

Մեր դիրքորոշումը չի փոխվել, և այն հստակ է: Մենք պատրաստ ենք Թուրքիայի հետ ունենալ բնականոն հարաբերություններ, ինչպես վայել է հարևան երկրներին: Այդպիսի հարևան երկրներ էին, օրինակ, Լեհաստանը և Գերմանիան, որի կանցլեր Վիլի Բրանդտը, գիտակցելով իր երկրի գործած հանցանքը, ծնկի էր իջել Վարշավայի գետտոյում:

Վաղ թե ուշ իրեն եվրոպական երկիր համարող Թուրքիան կունենա եվրոպական լինելուն հարիր ղեկավարություն, որը գլուխ կխոնարհի Ծիծեռնակաբերդում: Ավելի լավ է` վաղ, բայց դա Թուրքիայի ժողովրդի գործն է: Մենք նրանց ոչինչ չենք պարտադրում. դա իրենք պետք է անեն հանուն թուրք ժողովրդի, ինչպես որ Վիլի Բրանդտը դա արեց հանուն գերմանացիների»-ասել է նախագահը:

© Medialab.am