«Պատմական Հայաստանից մեզ մնացած միակ պատառիկն էր Քեսաբը». քննարկումներ` իրավիճակի շուրջ

«Պատմական Հայաստանից մեզ մնացած միակ պատառիկն էր Քեսաբը». քննարկումներ` իրավիճակի շուրջ
«Պատմական Հայաստանից մեզ մնացած միակ պատառիկն էր Քեսաբը». քննարկումներ` իրավիճակի շուրջ
Հեղինակ MediaLab

«Պատմական Հայաստանից մեզ մնացած միակ պատառիկն էր Քեսաբը: Տեղի ունեցած հարկադիր տեղահանությունը միայն քեսաբցիների ցավը չէ, ամբողջ հայության ցավն է: Քեսաբն անցյալ չէ, Քեսաբը ներկա է և ապագա է»,-ասաց  քեսաբցի Յակոբ Քորթմոսեանը այսօր՝ «Քեսաբ» ֆիլմի ցուցադրություն-քննարկմանը:

«Մեդիա կենտրոնում» այսօր ցուցադրվեց Սիրիայի և Թուրքիայի սահմանին՝ Միջերկրական ծովի ափին գտնվող հին հայկական բնակավայրի` Քեսաբի պատմությունը ներկայացնող ֆիլմաշարի առաջին ֆիլմը:

Մինչ ֆիլմի ցուցադրումը Լաթաքիայից Սիրիահայության շտապ օգնության գործադիր մարմնի անդամ Կարո Մանճիկյանը  տեսազանգով տեղեկացրեց վերջին նորությունները.
«Քեսաբից հավաստի տեղեկություններ չունենք, գիտենք այնքան, որքան լսում ենք տարբեր մարդկանցից և հարակից թուրք գյուղերի մեր բարեկամներից: Դրացի թուրքական գյուղերում վաճառքի են հանում քեսաբցիների կահկարասին, այսինքն՝ թալան է Քեսաբում: Բացի այդ  անկարող 25 ծերերի մասին ոչ մի ստույգ տեղեկություն չունենք: Թուրքական միջամտությունն ուղղակի եղավ Քեսաբից մեր տեղահանության մեջ: Այս պահին Լաթաքիայի Ս. Աստվածածին եկեղեցում են գտնվում 150 քեսաբցիներ՝ նրանք բոլորն էլ մի բանի մասին են մտածում՝ Քեսաբ վերադառնալու»:

«Քեսաբ» ֆիլմում տեղաբնակները ներկայացնում են իրենց պատմությունը սկսած մեր թվարկությունից առաջ` Տիգրան Մեծի ժամանակներից, հասնում են մինչ 21-րդ դար: Անդրադառնում են թուրքերի կողմից կազմակերպած 1909թ.-ի տեղահանությանն ու թալանին, 1915թ.-ի հայոց եղեռնին, և դրանից 3 տարի անց իրենց վերադարձին:
 
Քեսաբցի գիտնական, ազգագրագետ Հակոբ Չոլաքյանը, արաբ գիտնական Նիզար Խալիլին, պատմում են Քեսաբի պատմությունը փաստերով, իսկ բնակիչները` փոքրիկ դպրոցահասակներից մինչ տարեցներ ներկայացնում են իրենց անձնական պատմությունները, մասնավոր դիպվածներ:

102-ամյա քեսաբցի Գալիլ Նանան /Գալիլիա Մանճիկյանը/, ով 1915թ.-ին 7 ամյա աղջնակ է եղել, պատմում է եղեռնի մասին իր հիշողությունները` խոսելով իր ձեռքի փրկարար դաջվածքի մասին: Ֆիլմում ներկայացվում է քեսաբցու կյանքն ու գոյատևման գաղտնիքները, ազգային ինքագիտակցությունն ու մշակութային առանձնահատկությունները, Քեսաբ հայկական մշակութային կղզին, որը հարատևել է թուրքական պետության եռակողմ հարևանությամբ, արաբների հետ համակեցությամբ:
 
Քեսաբահայ լրագրող Սալբի Սաղտըճեանի կարծիքով՝ տեղի ունեցածը միայն տեղահանություն չէր, այլ պատմության, ժառանգության ոչնչացում. «Քեսաբը շատ մեծ ժառանգություն և իմաստ ունի հայության համար: Քեսաբցին համոզված է, որ եթե վերադառնա, շատ բան պիտի չգտնե, բայց վճռական է, որ պիտի վերադառնա»:
 
«Քեսաբը ոչ թե գաղթօջախ է, այլ Կիլիկյան Հայաստանի պատառիկ»,-ասաց ֆիլմի հեղինակ Նանե Բագրատունին քննարկման ընթացքում` կոչ անելով լրագրողներին գրելուց առաջ զգոն լինել ու քաջատեղյակ, քանի որ ռազմաքաղաքական նշանակության Քեսաբի վերաբերյալ ապատեղեկատվությունը լուրջ բացասական հետևանքների կարող է հանգեցնել:

«Մեդիա կենտրոն»

http://www.youtube.com/watch?v=s-JNozS6R1Y