Բաց նամակ Հայաստանի Հանրապետության գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանին. Վահրամ Աթանեսյան

Հեղինակ MediaLab

Արցախցի քաղաքական վերլուծաբան Վահրամ Աթանեսյանը բաց նամակ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որը ներկայացնում ենք ստորեւ։

«Հունվարի 15-ին, Մոսկվայում եռակողմ հանդիպումից չորս օր հետո, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը տիկնոջ եւ դստեր հետ այցելել է Շուշի եւ հայտարարել, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն այլեւս գոյություն չունի, իսկ այդ մասին խոսողներին սպասվում է «երկաթե բռունցքի եւս մեկ հարված»:

Ադրբեջանի նախագահի կեցվածքը հիմնավորապես հակասում է նոյեմբերի 10-ի եռակողմ Հայտարարությանը, որով չի կանխորոշվում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը, իսկ ռուս խաղաղապահների մուտքը՝ երաշխավորում տեղաշրջանի հայ բնակչության անվտանգությունը:

Հայաստանի պատկան մարմինը՝ ԱԳՆ-ն, պարտավոր էր Լեռնային Ղարաբաղում պատերազմի դադարման մասին համաձյանության կողմ հանդիսացող Ռուսաստնի Դաշնությանը եւ ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը, Միավորված ազգերի կազմակերպությանը, ԵԱՀԿ -ին անհապաղ բողոքի նոտա հղել՝ իրազեկելով Ադրբեջանի նախագահի այլատյացության եւ նրա կողմից ուժի կիրառման սպառնալիքի մասին:

Ավելին, ձեր կառավարությունը պետք է հայտարարեր Ադրբեջանի հետ քաղաքական քննարկումների առկախում՝ մինչեւ Իլհամ Ալիեւը պաշտոնապես ներողություն կխնդրի Արցախի հայ բնակչությանը ֆիզիկական բնաջնջման կամ տոտալ բռնատեղահանության ենթարկելու իր մարդատյաց մտադրության համար:

Հայաստանի կառավարությունը, ցավոք, որեւէ կերպ չանդրադարձավ Իլհամ Ալիեւի սպառնալիքներին: Եւ ոչ միայն:

Ադրբեջանի նախագահի վարքը քաղաքական գնահատականի չարժանացավ անգամ Ազգային ժողովի կողմից, որտեղ ձեր գլխավորած ուժը սահմանադրական մեծամասնություն ունի:

Հայաստանի կառավարության եւ Ազգային ժողովի մեծամասնության այդ՝ առնվազն տարակուսանք հարուցող, կեցվածքն առաջացնում է երկու հարց.

ա) Մոսկվայի եռակողմ հանդիպմանը քննարկվե՞լ է Ադրբեջանի նախագահի այցը Շուշի։

բ) Հայաստանն ընդունու՞մ է, որ «Շուշին Ադրբեջան է եւ վերջ»՝ դրանից ենթադրվող հետեւանքներով հանդերձ, որ Ադրբեջանի նախագահը ձեւակերպում է իբրեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության՝ որպես պետականության, դադարում:

Ակնկալում եմ հստակ պատասխանը:

Առաջին գումարման ՀՀ Գերագույն խորհրդի, երրորդ, չորրորդ եւ հինգերորդ գումարումների ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավոր՝ Վահրամ Աթանեսյան

17 հունվարի 2021թ.»։